- Գլխավոր
- Նորություններ
- Միջուկային ռեակցիաները՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրությունների տիրույթում
Փետրվար 12, 2024 | 13:03
Գիտություն
Կրթություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջուկային ռեակցիաները՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրությունների տիրույթում
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գիտնականները պարբերաբար կատարում են նորարարական հետազոտություններ, պատրաստում գիտական հոդվածներ՝ դրանք տպագրելով միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է:
Անահիտ Բալաբեկյանի՝ միջուկային ռեակցիաների ուսումնասիրությունների մասին պատմող հոդվածները տպագրվել են հեղինակավոր տարբեր պարբերականներում: Համահեղինակությամբ տպագրված «20-70 ՄէՎ էներգիայով ֆոտոնների ազդեցության տակ ֆոտոմիջուկային ռեակցիաների ուսումնասիրությունը 51V, natCu, natMo, 115In և 207Pb իզոտոպներում» («Investigation of photonuclear reactions on isotopes 51V, natCu, natMo, 115In and 207Pb at photon energy Eγmax= 20–70 MeV») հոդվածը հրապարակվել է 2023 թվականին «Radiation Physics and Chemistry» միջազգային Q2 վարկանիշային գիտական ամսագրում:
«Լիցքավորված մասնիկների, նեյտրոնների և ֆոտոնների ազդեցության տակ միջուկային ռեակցիաների ուսումնասիրությունը տեղեկություններ է տալիս ատոմային միջուկների կառուցվածքի և հատկությունների մասին։ Ֆոտոմիջուկային ռեակցիաներն առավել գրավիչ են միջուկի կառուցվածքի մասին տեղեկություններ ստանալու համար, քանի որ իրենց էլեկտրամագնիսական բնույթի պատճառով դրանք չեն ազդում միջուկի կառուցվածքի վրա։ Աստղաֆիզիկական նուկլեոսինթեզը, տեսական մոդելների ստուգումն ու պարզաբանումը մեծապես կախված են միջուկների հետ փոխազդեցության փորձարարական արդյունքներից»,- պատմեց Անահիտ Բալաբեկյանը։
Հետազոտական աշխատանքում մի շարք միջուկների վրա ֆոտոմիջուկային ռեակցիաների ուսումնասիրություն է կատարվել՝ սկսած թեթև միջուկներից մինչև կապար: Ա. Բալաբեկյանը նշեց, որ մի քանի հարստացված թիրախներ են ունեցել, ինչպես նաև որոշ բնական թիրախներ, որոնց հիման վրա ուսումնասիրել են ֆոտոնների ազդեցությամբ տեղի ունեցող միջուկային ռեակցիաները:
«Հոդվածում մասնավորապես մեծ տեղ է գտել ալֆա մասնիկների (մասնիկներ, որոնց միջուկը բաղկացած է 2 պրոտոնից, 2 նեյտրոնից) առաջացման պրոցեսի ուսումնասիրությունը: Միջուկային ֆիզիկայում գոյություն չունի ընդհանուր տեսություն, որը կբացատրի այն ամենը, ինչ տեղի է ունենում ատոմի միջուկներում, ուստի մեր աշխատանքն արդիական ու կարևոր է հենց այդ պատճառով: Որքան շատ փորձարարական տվյալներ առկա լինեն, այնքան դա մեզ կօգնի հասկանալ, թե ինչ կառուցվածք ունեն միջուկները և ինչպես են նրանց միջև տեղի ունենում այդ փոխազդեցությունները: Մեր հետազոտությունը միտված է պարզելու՝ ինչ մեխանիզմով են տվյալ էներգետիկ տիրույթում տեղի ունենում պրոցեսները, ինչ կառուցվածք ունեն այդ միջուկները և ինչպես են առաջանում»,- նշեց պրոֆեսորը:
Հետազոտական աշխատանքի շնորհիվ մասնագետները տվել են ալֆա մասնիկների առաջացման մեխանիզմների մասին հստակ տեղեկություններ՝ ստացված տվյալներով հարստացնելով այն շտեմարանները, որոնցից օգտվում են աշխարհի բոլոր գիտնականները:
«Մենք հանդիպել ենք բազմաթիվ դժվարությունների. լավ արդյունք ստանալու համար ցանկալի է ձեռք բերել թիրախներ, պլանավորել գիտափորձը, գտնել այն բաց տեղերը, որոնց շուրջ կարելի է ուսումնասիրություն կատարել և արդյունքներ գրանցել: Հաճախ հետազոտություններ կատարելը պայմանավորված է լինում անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ, սակայն մենք, միևնույն է, գտնում ենք այլընտրանքային ճանապարհներ հետազոտություններ կատարելու համար»,- ասաց Ա. Բալաբեկյանը՝ հավելելով, որ ներկայում Միջուկային ֆիզիկայի ամբիոնում հետազոտում են նմանատիպ ռեակցիաները պրոտոնների ազդեցության տակ:
Ռեակցիաների ուսումնասիրությունը կատարվում է 112-ից մինչև 124 զանգվածային տիրույթի անագի հարստացված թիրախներում՝ թիրախի կառուցվածքից կախված ռեակցիաների կտրվածքների ուսումնասիրման նպատակով:
Ամբիոնի վարիչն ընդգծեց, որ ԵՊՀ-ն ունի միջազգային կապեր հաստատելու լայն հնարավորություններ, ինչը կնպաստի կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև բուհի միջազգայնացմանը: Նրա կարծիքով՝ միջազգային Q2 վարկանիշային գիտական հանդեսում ընդգրկվելը գիտական հանրության կողմից ճանաչվելու և նոր առաջարկներ ստանալու հնարավորություն է:
Նշենք, որ Անահիտ Բալաբեկյանն իր գիտական գործունեության ողջ ընթացքում ուսումնասիրել է միջուկային ռեակցիաները, փոխազդեցությունները տարբեր էներգիաների տակ: Գիտական գործունեությունը շարունակելուց բացի՝ նա մի ցանկություն ունի, որ Հայաստանում ստեղծվի բարձր վարկանիշով այնպիսի հեղինակավոր պարբերական, որտեղ իրենց հոդվածները տպագրել ցանկանան ոչ միայն հայ գիտնականները, այլև միջազգային հետազոտողները: