- Գլխավոր
- Նորություններ
- Ֆինլանդիայի քայլերը՝ աշխարհում չեզոք երկիր ընկալվելու համար․ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը ԵՊՀ-ում
Փետրվար 16, 2024 | 16:32
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
Ֆինլանդիայի քայլերը՝ աշխարհում չեզոք երկիր ընկալվելու համար․ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ է այցելել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, «Ֆինլանդիայի պատմություն» գրքի հեղինակ Հենրիկ Մեյնանդերը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել դասախոսություն՝ նվիրված Ֆինլանդիայի պատմությանը։ Նրա գիրքը թարգմանվել է 18 լեզուներով, իսկ հայերեն թարգմանության նախաբանը պրոֆեսորը լրացրել է՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի պատմական որոշ ընդհանրությունների։
Հենրիկ Մեյնանդերը հայերեն թարգմանված գրքի նախաբանում գրել է, որ և՛ Ֆինլանդիան, և՛ Հայաստանը պատմության ընթացքում եղել են մեծ տերությունների մաս, պայքարել են սեփական մշակույթը, արժեքները պահպանելու համար և ցուցաբերած խիզախության շնորհիվ ու ճակատագրի բերումով հասել անկախության։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ «Ֆինլանդիայի պատմություն» աշխատությունը կհամալրի ֆակուլտետի գրադարանի գրքերի շարքը և հասանելի կլինի ուսանողներին․ «Չնայած տարածական տեսանկյունից երկու երկրները միմյանցից շատ հեռու են, պատմական դրվագներով բավականին նմանություններ ունեն․ երկուսն էլ, լինելով կայսերական լծի տակ, կարողացել են հակադրվել հոսանքին ու կերտել իրենց անկախությունը։ Ֆինլանդիայի օրինակը կարևոր է նաև այն առումով, որ պատերազմների միջով անցնելուց հետո հաջողության է հասել քաղաքական և տնտեսական հարցերում, ինչպես նաև վերջին տասնամյակներում ստեղծել է այնպիսի կրթական համակարգ, որն աշխարհում լավագույններից է»։
«Ֆինլանդիայի պատմություն» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես Ֆինլանդիան, լինելով շվեդական թագավորության բաղկացուցիչ մաս, հետո էլ՝ Ռուսական ինքնավար Մեծ դքսություն, վերածվեց առանձին պետության։
Պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերը, ներկայացնելով գիրքը, պատմեց նաև, թե ինչպես է Ֆինլանդիան միացել ԵՄ-ին, իսկ մեկ տարի առաջ էլ՝ ՆԱՏՕ-ին։
«Ֆինլանդիան մոտ 600 տարի եղել է շվեդական թագավորության մի մասը, իսկ 1809 թ․ Ռուսական կայսրությունը գրավել է Ֆինլանդիան։ 1800-ական թթ․ Ֆինլանդիան եղել է Ռուսական կայսրության մաս մինչև 1917 թ․ ռուսական հեղափոխությունը, որից հետո ֆիններին հաջողվել է առանձնանալ Ռուսական կայսրությունից և ձեռք բերել անկախություն»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ թեպետ Ֆինլանդիան անկախանալուց հետո պատերազմել է ԽՍՀՄ-ի դեմ, այդ թվում՝ Գերմանիայի հետ միասին ու պարտվել, Արևելյան Եվրոպայի միակ երկիրն է եղել, որը չի օկուպացվել։ Իսկ հետագայում բարելավել է հարաբերությունները և՛ ԽՍՀՄ-ի, և՛ արևմտյան երկրների հետ՝ կնքելով մի շարք պայմանագրեր։ Արդյունքում ձևավորվել է միջազգային ընկալում, որ Ֆինլանդիան չեզոք երկիր է։
Նա, խոսելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացից, ընդգծեց, որ Ֆինլանդիան 1995 թ․ է դարձել ԵՄ անդամ, երբ արդեն իսկ չուներ որևէ անվտանգային պարտավորություն Ռուսաստանի նկատմամբ, այնուհետև զարգացրել է ռազմական կապերը ԱՄՆ-ի հետ ու 2023 թ․ ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում՝ ակնկալելով միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ՌԴ-ի հետ։
Դասախոսությունից հետո Հենրիկ Մեյնանդերը, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձավ Ֆինլանդիայի կրթական համակարգին։ Նա նշեց, որ իրենց երկրում կրթությունը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անվճար է Ֆինլանդիայի քաղաքացիների համար, դասավանդման որակն էլ՝ բավականին բարձր, քանի որ նույնիսկ տարրական դասարաններում դասավանդելու համար ուսուցիչը պետք է ունենա մագիստրոսի կրթական աստիճան։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը։ Նա շնորհակալություն հայտնեց ֆինն պրոֆեսորին Ֆինլանդիայի քաղաքական զարգացումները ներկայացնելու համար և ընդգծեց, որ ուրախ է տեսնել դասախոսությունն ունկնդրող ուսանողների շարքում բազմաթիվ աղջիկների՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերն ապագայում կդառնան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսներ։
Պրոֆեսորի գիրքը հայերեն թարգմանել է «NewMag» ընկերությունը, որի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, խոսելով գրքի կարևորությունից, ասաց, որ գիրքը գաղափար կտա ուսանողներին, թե ինչպես են պետությունները դուրս գալիս ճգնաժամից։ Նա ընդգծեց, որ ժամանակին պարտություններ կրած Ֆինլանդիան ներկայում, ըստ ՄԱԿ-ի, համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը։
Նշենք, որ 2023 թ․ տվյալներով Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Հավելենք, որ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորը Հայաստան է հրավիրվել ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանատան և Ֆինլանդիայի արտգործնախարարության աջակցությամբ։ Դասախոսությանը մասնակցեցին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցները, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները։