- Գլխավոր
- Նորություններ
- Իմպլանտը հակաբիոտիկով պատելու հնարավորությունը՝ ԵՊՀ ասպիրանտի հետազոտության տիրույթում
Փետրվար 19, 2024 | 12:50
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Իմպլանտը հակաբիոտիկով պատելու հնարավորությունը՝ ԵՊՀ ասպիրանտի հետազոտության տիրույթում
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Թորոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է: Մեզ հետ զրույցում երիտասարդ հետազոտողը պատմեց ուսումնասիրության, հետազոտության արդիականության, գիտության նկատմամբ հետաքրքրության, ԵՊՀ գիտական միջավայրի մասին:
Միքայել Թորոսյանը գիտահետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրում է բժշկական իմպլանտների կազմում հակաբիոտիկներ ներառելու ուղիները: Մետաղական, կերամիկական, պոլիմերային իմպլանտները տեղադրվում են ոսկորները ջարդվելու, փշրվելու կամ մաշվելու դեպքում։ Տեղադրումից հետո մեծ է բորբոքային պրոցեսների առաջացման ռիսկը, այդ պատճառով բուժառուն ընդունում է հակաբիոտիկ դեղամիջոցներ:
«Մինչև հնարավոր բորբոքված կենտրոնին հասնելը հակաբիոտիկը մասնակցում է նյութափոխանակությանը և առաջ բերում կողմնակի (նաև վնասակար) ազդեցություններ։ Որպեսզի հակաբիոտիկը չանցնի այդ ամբողջ շղթան և միանգամից ազդի բորբոքված կենտրոնի վրա, որպես լուծում առաջարկում ենք հակաբիոտիկների ինտեգրումը իմպլանտների կազմում»,- պատմեց երիտասարդ հետազոտողը:
Միքայելը Թորոսյանը գիտական հետազոտության շրջանակում համագործակցում է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում տ.գ.թ. Մարինա Աղայանի ղեկավարությամբ գործող գիտահետազոտական մեկ այլ խմբի հետ, որն զբաղվում է իմպլանտների եռաչափ տպագրությամբ: Այս համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել գիտական փորձերը դարձնել առավել արդյունավետ:
Այժմ նա զբաղվում է պոլիմերների ուսումնասիրությամբ, որոնք կինտեգրվեն իմպլանտների կազմում:
«Այդ ուսումնասիրությունից հետո փորձելու եմ հասկանալ, թե ինչպես կարելի է կառավարել հակաբիոտիկի դուրս գալու արագությունը պոլիմերից, պոլիմերի կազմում նրա կենսունակության ժամանակամիջոցը, ինչպես նաև պահպանման ժամկետը երկարացնելը»,- ասաց Միքայելը:
Ուսումնասիրության գիտական ղեկավարն է քիմիական գիտությունների դոկտոր, Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, որը մշտապես ուղղորդում, խորհուրդներ է տալիս երիտասարդ հետազոտողին։
«Աշխատանքում կարևոր նշանակություն ունի ուսանողի և գիտական ղեկավարի սերտ համագործակցությունը, որովհետև առանց դրա չենք կարողանա հասնել լավ արդյունքի: Գիտեմ, որ միշտ կարող եմ դիմել ղեկավարիս և ստանալ նրա լիարժեք աջակցությունը, ինչը մեծ նշանակություն ունի նախանշված արդյունքին հասնելու համար»,- նշեց երիտասարդ հետազոտողը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող ուսումնասիրությունն ավարտելուց հետո Միքայելը կշարունակի գիտության ոլորտում իր հետազոտությունները։ Նա շեշտեց, որ գիտության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը վաղուց են իր մոտ առաջացել, համոզված է եղել, որ քիմիական փորձերն ու լաբորատոր աշխատանքները մի օր իր կյանքի անբաժան մասն են դառնալու: Ընդունվելով ԵՊՀ՝ գիտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը գործնական ու շոշափելի հարթակ տեղափոխվեցին և դարձան գիտական ուսումնասիրություններ։
Քիմիայից բացի՝ երիտասարդ հետազոտողին հետաքրքրում է նաև դեղագիտության ոլորտը: Նա պատմեց, որ գիտական աշխարհ մտնելիս ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետն ընտրելիս երբեք չի երկմտել։
«Ի սկզբանե մտածում էի, որ հենց ԵՊՀ պետք է գամ, քանի որ այստեղ ապահովված է երիտասարդ հետազոտողի մասնագիտական առաջընթացին անհրաժեշտ լավագույն միջավայրը: Թե՛ դասախոսներս, թե՛ կուրսընկերներս մշտապես պատրաստակամ են օգնելու. երբեք խոչընդոտների չեմ հանդիպել»,- ընդգծեց Միքայելը՝ հավելելով, որ հարազատ դարձած ԵՊՀ միջավայրը, գիտնական ընկերների աջակցությունը հզոր շարժիչ ուժ են առաջ ընթանալու, նորը բացահայտելու և մասնագիտական հաջողություններ գրանցելու համար:
ԵՊՀ ասպիրանտի «Պոլիմեր-հակաբիոտիկ կոմպոզիտների բաղադրության մշակում եռաչափ տպագրությամբ ստացվող բիոիմպլանտների համար» թեմայով գիտահետազոտական ուսումնասիրությունը կտևի 3 տարի: