- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը ճանաչվել է Թբիլիսիում կայացած դատախաղ-մրցույթի հաղթող
Փետրվար 19, 2024 | 16:40
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ թիմը ճանաչվել է Թբիլիսիում կայացած դատախաղ-մրցույթի հաղթող
«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթում հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ առաջին անգամ Երևանի պետական համալսարանի թիմը Թբիլիսիում անցկացված մրցափուլի հաղթող է ճանաչվել` միավորների էական առավելությամբ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Վրաստանում ս.թ. փետրվարի 14-18-ը կայացած նախնական դատախաղին մասնակցել են 10 թիմեր Գերմանիայից, Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: Հայաստանը ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի թիմերը։
ԵՊՀ թիմի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Ալոյանը, Թամարա Ղազարյանը, Էրիկ Մանուկյանը և Յուրիկ Յոլյանը, որոնց նվիրումի, աշխատասիրության ու թիմային աշխատանքի շնորհիվ Երևանի պետական համալսարանի անունն այս անգամ բարձր հնչեց նաև միջազգային այս հարթակում: Թիմի մարզիչներն էին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտներ Դավիթ Ղարիբյանը և Մանե Մարկոսյանը:
Դատախաղ-մրցույթում ԵՊՀ թիմը հաջողությամբ առաջ է անցել Թբիլիսիի պետական համալսարանի, Թբիլիսիի ազատ համալսարանի, Պասսաուի համալսարանի (Գերմանիա) և Բաքվի պետական համալսարանի թիմերից:
ԵՊՀ թիմի ներկայացուցիչ, Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ալոյանը հաղթող է ճանաչվել երկու հատուկ անվանակարգերում` արժանանալով «Օտարերկրյա լավագույն բանախոս» մրցանակին՝ Վրացական արբիտրների ասոցիացիայի (Georgian Association of Arbitrators) կողմից և «Գերազանցության, նվիրումի, էնտուզիազմի և աշխատասիրության համար» հատուկ մրցանակին՝ վրացական «SunBreath Corp. Legal Services» իրավաբանական ընկերության կողմից:
Դատախաղի այս փուլը կազմակերպվել էր «Արբիտրաժի նախաձեռնություն Վրաստան» (Arbitration Initiative Georgia) կազմակերպության և ԱՄՆ առևտրի գերատեսչության առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (Commercial Law Development Program) գործակցության շրջանակում: Վերջինս նաև հատուկ կրթաթոշակ կտրամադրի ԵՊՀ թիմին` գրանցած աննախադեպ արդյունքների համար:
Հիշեցնենք, որ այս փուլին կհաջորդի միջազգային համալսարանների թիմերի հետ դատախաղը, որը տեղի կունենա Վիեննայում ս.թ. մարտի 22-28-ը։ Դատախաղին մասնակցելու են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, 4000 ուսանողներ և մոտ 2000 արբիտր։
ԵՊՀ թիմի գրանցած արդյունքների շնորհիվ այս տարի ևս Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) հետ միասին կհամաֆինանսավորի ԵՊՀ թիմի մասնակցությունը Վիեննայում։
Դատախաղ-մրցույթների առանձնահատկությունը տարբեր երկրներում փորձնական դատախաղերի կազմակերպման միջոցով տվյալ երկրում արբիտրաժի զարգացմանը նպաստելն է։
Հավելենք, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) փորձնական դատախաղը կազմակերպել էր ս.թ. փետրվարի 10-ին Երևանում։