- Գլխավոր
- Նորություններ
- Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփումը ԵՊՀ-ում
Մարտ 05, 2024 | 16:17
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփումը ԵՊՀ-ում
Քիմիայի օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներից 6-ն արժանացել են առաջին, 7-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ կարգի մրցանակների, ինչպես նաև 15 աշակերտներ պարգևատրվել են հատուկ մրցանակներով, 21-ը՝ գովասանագրերով։
ԵՊՀ Ե․ Չարենցի անվան դահլիճում անցկացվեց «Քիմիա» առարկայի օլիմպիադայի փակման արարողությունը, որին ներկա էին ուսուցիչներ, ԵՊՀ քիմայի ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հետաքրքրված այլ անձինք:
Օլիմպիադայի հանրապետական փուլն ավանդաբար կազմակերպվում է Երևանի պետական համալսարանում։ Անդրադառնալով օլիմպիադայի անցկացման վայրի ընտրությանը՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք․գ․թ․, դոցենտ Արմեն Գալստյանն ընդգծեց․ «ՀՀ-ում քիմիայի բարձրագույն կրթության հիմնական օջախը ԵՊՀ-ն է, և դասական քիմիայի մատուցումը կատարվում է հենց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում: Այս առումով՝ գիտաճյուղի զարգացման ուղեծիր տվողներից կարևորագույնը հենց համալսարանն է, և օլիմպիադայի հանրապետական փուլը, կարծում եմ, պետք է հենց այստեղ անցկացվի»։
ԵՊՀ-ում անցկացվող տարբեր միջոցառումների շնորհիվ Քիմիայի ֆակուլտետ են ընդունվում և կրթություն ստանում միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներ: 2023-2024 ուստարում ևս համալսարան են ընդունվել միջազգային օլիմպիադաների ոսկե և բրոնզե մեդալակիրներ (ոսկե մեդալակիր` Լեոնիդ Ասատրյան, բրոնզե մեդալակիր` Տիգրան Մխթիրյան):
«Մենք մեծապես կարևորում ենք այս ցուցանիշը և փորձում մշտապես լավարկել ու հետաքրքիր դարձնել ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը՝ դառնալով առավել գրավիչ և նորի բացահայտման հարթակ»,- ասաց Ա. Գալստյանը:
«Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Անդրանիկ Դավինյանը նշեց, որ թեև արդեն մի քանի տարի պահպանվում է մասնակիցների նույն թվաքանակը, և յուրաքանչյուր տարի օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվում են 3000-4000 աշակերտներ, սակայն զգալիորեն բարձրացել է որակական ընդհանուր ցուցանիշը:
«Տարեցտարի խելացի և բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնակիցների թիվն ավելանում է, ինչի արդյունքում ունենում ենք առավել որակյալ պատկեր: Այս հանգամանքը պայմանավորված է թե՛ ԿԳՄՍՆ-ի ու գիտության զարգացմամբ հետաքրքրված մի շարք կառույցների, թե՛ մեր թիմի կատարած մեծ աշխատանքով»,- շեշտեց Ա. Դավինյանը:
Օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր Արմանը Խառատյանը (ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) մեզ հետ զրույցում պատմեց․ «Քիմիայի օլիմպիադային առաջին անգամ մասնակցել եմ 2 տարի առաջ, եղել եմ նաև միջազգային օլիմպիադաների մասնակից, նվաճել բրոնզե մեդալ։ Քիմիայի, հատկապես օրգանական քիմիայի բնագավառում որևէ նոր բացահայտում անելը պահանջում է չափազանց պատասխանատու վերաբերմունք և յուրահատուկ մոտեցում: Այդ իսկ պատճառով մեծ հետաքրքրություն ունեմ գիտության այս ճյուղի նկատմամբ և մշտապես պատրաստ եմ նոր բացահայտումների»:
Օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակակիր, հանրապետական փուլ անցած՝ տարիքով ամենափոքր մասնակիցն էր Գարիկ Փանիկյանը (ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց)։ Խոսելով քիմիայի մասին՝ 13-ամյա Գարիկը նշեց, որ այս գիտաճյուղի շնորհիվ հնարավոր է դառնում հսկայական աշխարհը ճանաչել փոքր մասնիկների միջոցով:
«Օլիմպիադային մասնակցելը և հասակակիցներիս շրջանում 1-ին կարգի մրցանակի արժանանալը համարում եմ կարևոր ձեռքբերում, նաև՝ ավելին անելու մոտիվացիա»,- մեզ հետ զրույցում ասաց Գարիկը:
Արմանն ու Գարիկը 3000-ից ավելի աշակերտներից այն երկուսն են, որոնք կարողացել են հաղթահարել օլիմպիադայի տեսական ու փորձնական փուլերը՝ համալրելով հանրապետական փուլ անցածների շարքերն ու արժանանալով մրցանակների:
Յուրաքանչյուր տարի հանրապետական փուլ անցած աշակերտներից ընտրվում են նաև միջազգային օլիմպիադայի մասնակիցներ: Օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակների արժանանալը ևս կարևորվում է տարբեր կրթաթոշակների, ինչպես նաև ընդունելության ժամանակ հավասար միավորներ ունենալու դեպքում առավելություն ստանալու տեսանկյունից:
Հավելենք, որ օլիմպիադայի հանրապետական փուլում աշակերտները մասնակցել են երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ընթացքում աշակերտներին տրվել են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կատարել են քիմիական փորձեր՝ ներկայացնելով համապատասխան եզրահանգում: Տեսական փուլի թեստերը կազմել էր հատուկ ընտրված հանձնաժողովը, որի կազմում են ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ:
Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվել են նաև հանդիպումներ ուսուցիչների հետ, քննարկվել ինչպես տեսական և փորձնական փուլերի առաջադրանքները, այնպես էլ կազմակերպական և բնագավառին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ օլիմպիադայի կազմակերպիչներն են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն: