- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ երիտասարդ գիտնականի հետազոտությունը՝ միջազգային հարթակում գիտական արժեք
Մարտ 13, 2024 | 11:59
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ երիտասարդ գիտնականի հետազոտությունը՝ միջազգային հարթակում գիտական արժեք
ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Հունանյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) շրջանավարտ է։ Ներկայում Արեգը զբաղվում է գիտական գործունեությամբ․ նրա հետաքրքրությունների առանցքում են ֆիզիկան և տեխնոլոգիաները։
Երիտասարդ ֆիզիկոսը պատմել է ուսանողական կյանքի, հետազոտական գործունեության և համալսարանական միջավայրի մասին:
Մինչ համալսարան ընդունվելս ոչ միայն ֆիզիկայի նկատմամբ եմ մեծ սեր ունեցել, այլև երաժշտության:
Երբ ժամանակը եկավ ընտրություն կատարելու՝ երաժշտությո՞ւն, թե՞ ֆիզիկա, «հաղթեց ներքին գիտնականը»: Ընդունվեցի Երևանի պետական համալսարան ուսուցիչներիս խորհրդով։ Ասեմ, որ նույնիսկ բաժինը պատահականության սկզբունքով եմ ընտրել. ինձ համար կարևորն այն էր, որ մասնագիտությունն առնչվեր ֆիզիկային: Հստակ չգիտեի՝ ուր եմ գնում, սակայն ուսումնառության տարիներին հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ: Այսպես, սովորել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի» բակալավրի կրթական ծրագրում և նույն մասնագիտացմամբ շարունակել կրթությունս: Այժմ Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող եմ:
Ցանկացած մասնագիտության մեջ առանցքայինը մարդու անհատական զարգացումն է՝ դասերից դուրս պարապելը, գրքեր կարդալը, ինքնակրթվելը:
Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ անհրաժեշտ է ունենալ նաև նորը գտնելու ցանկություն, անդադար սովորել, կարդալ: Կարևորում եմ փորձառու մասնագետների հետ շփումը, քանի որ հենց նրանց հետ հաղորդակցվելու շնորհիվ ես սիրեցի իմ մասնագիտությունը:
Երբ ընդունվեցի ասպիրանտուրա, ինձ համար առաջնային հարցերից մեկը լավ գիտական ղեկավար ունենալն էր․ ասպիրանտը կարող է պատկերացումներ ունենալ, թե հետագայում ինչ ուղղությամբ է կատարելու իր հետազոտական աշխատանքը, սակայն ճշգրիտ ուղին ցույց է տալիս հենց գիտական ղեկավարը։ Կարող եմ ասել, որ այդ հարցում իմ բախտը բերեց: Մասնագիտական կայացման հարցում մեծ ազդեցություն են ունեցել գիտական ղեկավարս՝ ֆ.մ.գ.դ. Վլադիմիր Հարությունյանը, և համաղեկավարս՝ Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ Հայկ Զաքարյանը, որի հետ ծանոթացել եմ մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
«Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում ունեմ տպագրված 4 հոդված, որոնցից 3-ը՝ «Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences)»-ում, 1-ը՝ ամերիկյան «The Journal of Physical Chemistry C»-ում։
Q1 բարձր վարկանիշային պարբերականում տպագրված «Նոր երկչափ անագի օքսիդների հաշվարկային որոնումը և կայունության ուսումնասիրությունը» («Computational Search and Stability Analysis of Two-Dimensional Tin Oxides») խորագրով հոդվածի նպատակը հաշվարկային մեթոդներով գազային սենսորներում նոր զգայուն նյութի հայտնաբերումն էր, որը կունենար ավելի լավ պարամետրեր։ Ուսումնասիրությունը կատարվել է ասպիրանտական հետազոտությունների շրջանակում։
Որպես զգայուն նյութ օգտագործվող նյութական համակարգերից ամենահայտնիներից և կիրառվողներից են ծավալային անագի օքսիդները։ Ի տարբերություն ծավալայինի՝ երկչափ անագի օքսիդները բավականաչափ ուսումնասիրված չէին։ Այդ իսկ պատճառով որպես ուսումնասիրվող համակարգ ընտրեցինք երկչափ անագի օքսիդները, որոնց համար էվոլյուցիոն ալգորիթմով կատարեցինք նոր նյութերի հաշվարկային որոնում: Արդյունքում ստացանք մի նոր նյութ (անագ 2 թթվածին 3), որը բոլոր առումներով կայուն էր: Ուսումնասիրեցինք այդ նյութի համար տարբեր գազերի, մոլեկուլների հետ փոխազդեցությունները և պարզեցինք, որ այն պերօքսիդի համար լավ գազային սենսոր կարող է լինել:
Հետ նայելով՝ տպավորություն է ստեղծվում, թե ասպիրանտական թեմայի շուրջ հետազոտություններ կատարելիս դժվարություններ գրեթե չեն եղել, սակայն դա եղել է երեք տարվա նվիրված աշխատանք, որի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ծագել և ստացել իրենց լուծումները։ Առաջնային խնդիրներից էր հենց ճիշտ թեմայի ընտրությունը, որով էլ պայմանավորված էր հետագա աշխատանքի ընթացքը։ Բնականաբար, կային նաև ռիսկեր՝ կապված արդյունքների հետ, որոնք հնարավոր է՝ ոչ մի նորություն չպարունակեին։ Այստեղ ավելի շատ հաջողության և մասնագիտական «հոտառության» հարցն էր։ Կային նաև հաշվարկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ, որոնք մասնակիորեն լուծվել են, և ներկայում ունենք որոշակի կլաստերներից օգտվելու հնարավորություն:
Հետազոտության ամենակարևոր արդյունքներից են տպագրված հոդվածները:
Առաջին հերթին բարձր վարկանիշային ամսագրում տպագրված հոդվածը ցույց է տալիս, որ աշխատանքը կատարվել է ճշգրիտ և մանրամասն: Կարելի է ասել, որ իմ առաջին հոդվածի հրապարակումը հեղինակավոր ամսագրում ինձ ինքնավստահություն տվեց, որ կարող եմ կատարել աշխատանքներ, որոնք միջազգային գիտական հանրության համար արժեք են ներկայացնում:
Որակյալ աշխատանք ստանալու համար կարևոր է և՛ թեմայի ընտրությունը, և՛ այն ջանքը, որը ներդրվում է տվյալ աշխատանքը կատարելու համար:
Ֆիզիկայի ոլորտում ցանկացած հետազոտություն արդիական է. եթե այդ պահին հետազոտությունը կիրառություն չունենա, այն կարող է կիրառվել որոշ ժամանակ անց։
Այժմ ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում կատարում ենք պինդմարմնային էլեկտրոլիտների հաշվարկային նյութերի որոնում, որոնք կարող են կիրառվել մարտկոցների մեջ: Մենք ակնկալում ենք, որ նոր նյութերը հաշվարկներով կայուն կլինեն և բարձր իոնային հաղորդականություն կունենան:
Արեգ Հունանյանն իր հետազոտություններն արտերկրում ներկայացնելու հնարավորություն ևս ունեցել է։ Նա եղել է Մոսվայում (ՌԴ), Լոզանում (Շվեյցարիա) և մասնակցել միջազգային գիտաժողովների: Գիտական գործունեությամբ զբաղվելու հեռանկարների մասին խոսելիս ասում է, որ ցանկանում է իր աշխատանքով ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիային օգուտ բերել, այնուհետև հավելում. «Այս պահին իմ հիմնական նպատակը լավ աշխատելն է»: