- Գլխավոր
- Նորություններ
- Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան կնպաստի ուսանողների հետազոտությունների որակի բարձրացմանը
Մարտ 06, 2024 | 15:30
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Ուսանողական
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան կնպաստի ուսանողների հետազոտությունների որակի բարձրացմանը
ԵՊՀ-ում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ ազդարարվեց Երիտասարդ հետազոտողների ասոցիացիայի գործունեության մեկնարկը։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նպատակ ունի զարգացնելու ուսանողների հետազոտական, ինչպես նաև վերլուծական հմտություններն ու ունակությունները՝ հնարավորություն տալով ներկայացնելու սեփական հետազոտական աշխատանքները և բուհական դասընթացներից դուրս շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ընդգծելով ուսանողական այսօրինակ նախաձեռնությունների կարևորությունը, ասաց․ «Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն ուսանողների ինքնակազմակերպման և համատեղ աշխատանքներ կատարելու, այլև հետազոտական հմտությունների զարգացման առումով, քանի որ ուսանողը հետագայում գիտելիք «սպառողից» վերածվելու է գիտելիք «արտադրողի» և «տարածողի»»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, արժևորելով ուսանողների մտահղացումը, նշեց, որ նրանց համար սա լուրջ մարտահրավեր է, և ուսանողներն իրենց սահմանած նպատակներն իրագործելու համար մեծ ջանքեր պետք է գործադրեն։
Խոսքն ուղղելով ուսանողներին՝ Գոռ Պետրոսյանն ընդգծեց․ «Դուք փորձում եք նոր հարթության վրա բերել ուսանողական մասնագիտական երկխոսությունը՝ դրան տալով նոր որակ։ Սա փաստում է այն մասին, որ համալսարանի ուսանողների շրջանում գիտելիքը նոր մեթոդներով մատուցելու պահանջ կա»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Ժակ Մանուկյանը վստահեցրեց, որ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է աջակցելու ուսանողների նախաձեռնությանը։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նաև ստեղծել է ուսանողների հոդվածների ստուգմամբ զբաղվող հանձնաժողով, որի կազմում ուսանողներ են, սակայն նախատեսվում է նաև համագործակցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ աշխատանքներին մասնագիտական նոր որակ հաղորդելու նպատակով։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն իրենց հետազոտական աշխատանքներն ուղարկելու ayresearchers.team@gmail.com էլհասցեին։
Հետազոտական աշխատանքները պետք է համապատասխանեն մի շարք չափորոշիչների՝ լինեն պարզ, ճշգրիտ, անկողմնակալ, պարունակեն բավարար մանրամասներ այլ հետազոտողների համար, ունենան երկիմաստությունից զերծ բովանդակություն։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիայի գործունեությանն ու ընձեռած հնարավորություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով www.ayresearchers.com կայքէջ, որի առանձին ենթաբաժնում ասոցիացիայի գործունեությունը ներկայացնելու նպատակով կազմակերպվելու են նաև առցանց ձևաչափով տարբեր քննարկումներ՝ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության ու հանրային կառավարմանը վերաբերող թեմաների շուրջ։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան նպատակ ունի նաև համալսարանական դասաժամերից դուրս ուսանողների համար հանդիպումներ կազմակերպելու դասախոսների հետ և քննարկելու հետազոտական աշխատանքներին առնչվող հարցեր։ Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան գործակցում է նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ։ Ասոցիացիայի նախաձեռնողները հույս ունեն, որ հետագայում կընդլայնեն ոլորտը՝ բացի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից ներգրավելով նաև այլ ֆակուլտետների ուսանողների և դասախոսների։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։