- Գլխավոր
- Նորություններ
- «Հաջողության ճանապարհին կարևոր և գնահատելի են ԵՊՀ ընձեռած հնարավորությունները»․ ԵՊՀ ասպիրանտը՝ Կորունայի համալսարանում
Ապրիլ 04, 2024 | 11:43
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Հաջողության ճանապարհին կարևոր և գնահատելի են ԵՊՀ ընձեռած հնարավորությունները»․ ԵՊՀ ասպիրանտը՝ Կորունայի համալսարանում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասպիրանտ Սոնա Հայրապետյանն «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում այժմ ուսանում է Կորունայի համալսարանում (Իսպանիա), որտեղ հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով նրա ուսումնառությունը կտևի 5 ամիս։
«Էրազմուս+» ծրագիրը և կատարվող հետազոտությունը
Սոնան՝ որպես իրավաբան-փորձագետ, մշտապես աշխատել է միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հետ, սակայն «Էրազմուս+» միջազգային ծրագրին դիմել է առաջին անգամ:
Կորունայի համալսարանում (Իսպանիա) ասպիրանտական կրթության շրջանակում կատարում է գիտական հետազոտություն` «Տվյալների գաղտնիության ժամանակակից մոտեցումները և ազգային անվտանգության հիմնախնդիրները» վերտառությամբ։
«Գիտական հետազոտությանս շրջանակում մանրամասն ուսումնասիրում եմ տվյալների գաղտնիության հետ կապված ժամանակակից մոտեցումները, միջազգային կարգավորումները, Իսպանիայի փորձը և ազգային անվտանգությանն առնչվող որոշ հիմնահարցեր՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում»,- նշեց Սոնան։
Շտեմարանների մեծ պաշարը՝ գիտությամբ զբաղվելու լայն հնարավորություն
Գիտական շտեմարանների առկայությունը գիտակրթական հետազոտություններ կատարելու կարևոր պայմաններից է: Կորունայի համալսարանում առկա էլեկտրոնային գրականության շտեմարանների մեծ պաշարը նպաստում է գիտական ուսումնասիրությունների արագ և արդյունավետ կազմակերպմանը:
«Անվճար հասանելիություն ունենք միջազգային խոշոր էլեկտրոնային այնպիսի շտեմարանների, ինչպիսիք են, օրինակ, Քեմբրիջի համալսարանի գրադարանը, IEEE Xplore, ACM թվային գրադարանները և այլն: Սա կարևոր բաղադրիչ է կրթության և գիտության զարգացման համար»,- պատմեց Սոնան՝ նշելով, որ ԵՊՀ-ում ևս, չնայած քիչ քանակությամբ, բայց հասանելի են կրթական որոշ շտեմարաններ:
«Պետք է նշեմ, որ այժմ ԵՊՀ-ում գործուն քայլեր են կատարվում՝ լրացնելու հայալեզու մասնագիտական գրականության պաշարները, հարստացնելու շտեմարանները, ինչը բավականին կարևոր և ողջունելի քայլ է»,- ասաց Սոնան՝ ավելացնելով, որ առկա միջազգային բաց շտեմարանների հետ աշխատելու կարողության դեպքում ցանկացած ուսանող կարող է ստանալ այն ինֆորմացիան, որը փնտրում է՝ անկախ աշխարհագրական վայրից և համալսարանից:
ԵՊՀ-ն՝ ճանապարհ դեպի աշխարհի լավագույն բուհեր
Արտերկրում կրթությունը շարունակելու, լավագույն բուհերից մեկում գիտական ուսումնասիրություններ կատարելու հնարավորությունների մասին խոսելիս Սոնան վստահեցրեց, որ յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու առաջին գրավականն ու պայմանը մեծ ցանկությունն ու նվիրված աշխատանքն են: Դրան զուգահեռ՝ մեծ նշանակություն ունի այն միջավայրը, որտեղ հայտնվում ես:
«Մինչև ԵՊՀ ասպիրանտուրա դիմելը և ուսումս շարունակելն էլ կարողացել եմ ընդունվել աշխարհի տարբեր առաջատար համալսարաններ, սակայն կրթաթոշակի բացակայության պատճառով հնարավորություն չեմ ունեցել շարունակելու կրթությունս: Այժմ ասպիրանտուրայում նպատակներիս հասնելու և առավել խորը ուսումնասիրություններ կատարելու ճանապարհին կարևոր և գնահատելի են ԵՊՀ ընձեռած հնարավորությունները»,- պատմեց ԵՊՀ ասպիրանտը՝ հավելելով, որ արտերկրում կրթությունը լավ հնարավորություն է ոչ միայն անձնական ու մասնագիտական մեծ աճի, այլև միջազգային և միջմշակութային հաղորդակցությունների, նոր ծանոթությունների ձեռքբերման տեսանկյունից:
Հավելենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կորունայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվել է երեք շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար` 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 3-ից 5 ամիս ժամկետով ուսանելու, ինչպես նաև մեկ շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական աշխատակիցների) համար` վերոնշյալ ժամանակահատվածում դասախոսություն կարդալու (1 շաբաթ, 8 ժամ) նպատակով: