- Գլխավոր
- Նորություններ
- Քննարկվել են Կոլորադոյի համալսարանի և ԵՊՀ-ի միջև գործակցության նոր ուղիները
Ապրիլ 29, 2024 | 12:27
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Քննարկվել են Կոլորադոյի համալսարանի և ԵՊՀ-ի միջև գործակցության նոր ուղիները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցով Կոլորադո նահանգում էր՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։ Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) անցկացված հանդիպմանը Լիլիթ Մակունցը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի՝ համագործակցության նամակ-առաջարկը, գործընկերների հետ քննարկել ԵՊՀ-ի և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղիներն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։

Ապրիլի 26-ին դեսպանը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և այլ փորձագետների հետ։
Դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների կին առաջնորդների հետ, այցելել Կոլորադոյի համալսարան (Դենվեր), հանդիպել ծրագրերի համակարգման ղեկավար Անդրեյ Միխաիլչենկոյի հետ, ոչ ընդարձակ հանդիպում ունեցել հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ Բոլդեր ուսանողական քաղաքում։

Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) անցկացված հանդիպմանը Լիլիթ Մակունցը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի՝ համագործակցության նամակ-առաջարկը, ըստ որի՝ առաջարկվում է ԵՊՀ-ի և Կոլորադոյի համալսարանի միջև ստեղծել համագործակցության նոր ուղիներ և կազմել կրթական հատուկ ծրագրեր։ Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին և ուղիներին, ընդգծվել է հայ համայնքի դերն ու նշանակությունը ինչպես Կոլորադո նահանգի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։
Կոլորադոյի ամենահայաշատ քաղաքում՝ Ավրորայում, դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանի հետ։ Քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի ակտիվությունը՝ ընդգծելով, որ քաղաքի զարգացման և մի շարք ծրագրերի իրականացման գործում իրենց ներդրումն ունեն բազմաթիվ հայեր։
Ապրիլի 27-ին տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը նա հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքներին և մի շարք այլ հարցերի։