- Գլխավոր
- Նորություններ
- ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ. ԿԱՅԱՑԱՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբեր 23, 2018 | 17:58
Քաղաքականություն
ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ Է ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ. ԿԱՅԱՑԱՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ համաժողովը:
Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ, որինմասնակցում էին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ համաժողովի 185 պատվիրակներից 148-ը:
Հաշվետու 5-րդ համաժողովի ընթացքում ԵՊՀ արհկոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ռոմիկ Հարությունյանի կողմից ներկայացված զեկույցները վերաբերում էին 2014-2018 թթ. ընթացքում Արհկոմիտեի կատարած աշխատանքներին, ֆինանսական գործունեության ոլորտի որոշ ձեռքբերումներին, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությանը, ինչպես նաև Արհկոմիտեի կազմին և կանոնադրության խմբագրմանն ու լրացմանը:
Նիստի սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ռեկտոր կարևորեց ԵՊՀ-ի նման մեծ կոլեկտիվ ունեցող հաստատության համար Արհեստակցական կազմակերպության դերը:
«Ես կարծում եմ, որ այս համաժողովն աչքի կընկնի ոչ միայն հաշվետվությունների քննարկմամբ, այլև ԵՊՀ-ում առկա խնդիրների բարձրաձայնմամբ: ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պետք է ավելի ակտիվ լինի վարչակազմի բացթողումները վերհանելու ու մատնացույց անելու, ինչպես նաև շտկելու հարցում, որպեսզի համալսարանական կոլեկտիվն այս դժվարին ժամանակահատվածում չտուժի: Դրա համար ձեզ մաղթում եմ արգասաբեր աշխատանք, կարողացեք գտնել լավագույն տարբերակը խոչընդոտները հաղթահարելու համար»,- նշեց պարոն Սիմոնյանը:
Համագումարի օրակարգային հարցերը 7-ն էին: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նախ ներկայացրեց 2014-2018 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ հատկապես կարևորելով կոլեկտիվ պայմանագրի կնքումը:
«Համալսարանում գործատու-աշխատող համագործակցությունը 2006 թ.առկա է նաև կոլեկտիվ պայմանագրի մակարդակով: Կարևորելով գործատու-աշխատող հարաբերությունները և հաշվի առնելով ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2015 թվականի մայիսի 20-ին ԵՊՀ ռեկտորի և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահի կողմից կնքվել է նոր կոլեկտիվ պայմանագիր: Պայմանագիրը նախապես մշակվել է գործատուի և Արհեստակցական կազմակերպության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովում, իսկ այնուհետև քննարկվել և հավանության է արժանացել ԵՊՀ կոլեկտիվի կողմից: Այն տալիս է հավելյալ սոցիալական երաշխիքներ և հնարավորություններ ԵՊՀ աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում»,- մանրամասնեց Ա. Ավետիսյանը:
Պարոն Ավետիսյանը նաև հավելեց, որ 2018 թ.ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի ժամկետը լրացել է, և ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 8.5 կետի համաձայն՝ ԵՊՀ ռեկտորը և Արհեստակցական կազմակերպության նախագահը համաձայնագիր են ստորագրել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը 1 տարով երկարաձգելու վերաբերյալ:
Կազմակերպության նախագահն անդրադարձավ նաև վերջին 5 տարիներին ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ըստ այդմ՝ տարբեր հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը բարձրացել են միջինը 44%-ից ավելի: «Չնայած աշխատավարձը բարձրացված է, սակայն իրական սոցիալական վիճակը կախված է դրամաչափի գնողունակությունից, որն այսօր կրկնակի կամ ավելի չափով պակաս է 2014 թվականի համարժեքից»,- նշեց պարոն Ավետիսյանը:
Ա. Ավետիսյանն ասաց, որ կազմակերպության գործունեության ֆինանսական հատվածում գերակա է եղել սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացումը: Առավել ընդգրկուն ծրագիրը սոցիալապես անապահով աշխատակիցներին դրամական աջակցությունն է, որի ենթածրագրերն են կազմում հանգստի կազմակերպման համար տրամադրվող զեղչերը, դժբախտ դեպքերում աշխատակիցներին աջակցելը, միանվագ ծննդօգնությունը և այլն:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահը խոսեց նաև 2017 թ. հունվարի 1-ից համալսարանի աշխատողների համար մրցութային կարգով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունից ձեռք բերված բժշկական ապահովագրության փաթեթի մասին:
«Փաթեթում ներկայացված է բժշկական ծառայությունների շատ լայն սպեկտր՝ կլինիկական, վիրաբուժական և այլն: Իսկ ի տարբերություն 2017 թվականի՝ այս տարվա փաթեթի մեջ ներառված են նաև պլանային վիրահատությունները»,- մանրամասնեց Արմեն Ավետիսյանը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահն անդրադարձավ ԵՊՀ նորապսակ աշխատակիցներին Ծաղկաձորի «Համալսարանական» ուսումնաարտադրական բազայում Արհկոմիտեի կողմից անվճար հնգօրյա ուղեգիր հատկացնելու ծրագրին, որն իրականացվում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Խոսեց նաև ԵՊՀ արհկոմիտեի առաջարկությամբ 2016 թ. հունվարի 1-ից ԵՊՀ-ում հաշմանդամություն ունեցող աշխատողների համար իրականացվող սոցիալական ծրագրից, որի շրջանակում հաշմանդամություն ունեցող ԵՊՀ բոլոր աշխատողների համար սահմանվել է աշխատավարձի հավելավճար ՝ ըստ հաշմանդամության խմբի (1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 20000 դրամի չափով, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 15000 դրամի չափով, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 10000 դրամի չափով):
Այնուհետև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ռ. Հարությունյանը ներկայացրեց իրենց հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել յուրաքանչյուր տարվա վերջին, երբ Արհկոմիտեն ներկայացրել է ծրագրային ֆինանսական հաշվետվությունը: Վերստուգիչ հանձնաժողովն Արհեստակցական կազմակերպության գործունեությունը գնահատեց բավարար:
Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը: Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Ռոմիկ Հարությունյանը, Սահակ Մանուկյանը և Արա Աթայանը, ինչպես նաև հաստատվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար մարմնի՝ Արհկոմիտեի կազմը: Կատարվեց նաև կանոնադրության խմբագրում և լրացում:
Նշենք, որ համագումարի ընթացքում ելույթով հանդես եկան Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Ռազմիկ Մխիթարյանը:
Համագումարի ավարտից անմիջապես հետո էլ գումարվեց նորընտիր Արհկոմիտեի առաջին նիստը, որին մասնակցում էին 31 անդամներ: Օրակարգային հարցերը երկուսն էին` նախագահի և քարտուղարի ընտրությունը:
Նիստը վարում էր Արհկոմիտեի տարիքով ավագ անդամը` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ Ռազմիկ Մխիթարյանը:
Առաջադրված միակ թեկնածուն Արմեն Ավետիսյանն էր, ով քվեարկության արդյունքներով միաձայն, 5 տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ:
Ա. Ավետիսյանի առաջարկությամբ՝ Արհկոմիտեն միաձայն քարտուղար ընտրեց Արտաշես Մամաջանյանին:
Գրետա Գրիգորյան