- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր է կնքել՝ զարգացնելու քիմիայի ուղղությունը
Մայիս 21, 2024 | 16:08
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Կրթություն
ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր է կնքել՝ զարգացնելու քիմիայի ուղղությունը
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ինստրուկտարիում» ընկերության գլխավոր տնօրեն Ծովինար Բիլյանը, կարևորելով երկու կառույցների ներուժի միջոցով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
Համաձայնագրով ԵՊՀ-ն և «Ինստրուկտարիում» ընկերությունը միավորելու են իրենց ջանքերը քիմիայի, սննդի անվտանգության, լաբորատոր գործունեության, ստանդարտացման, արդյունաբերական անվտանգության և այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, համատեղ մագիստրոսական և բակալավրիատական կրթական ծրագրերի իրականացման համար:
Սահմանված նպատակներին հասնելու համար կողմերը պատրաստակամ են ներդնելու ուսումնալաբորատոր, գիտաարտադրական ու ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ:
Համաձայնագրի շրջանակում ընկերությունը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպելու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի համակազմի և սովորողների համար «Աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանություն, անվտանգության պահանջները քիմիական լաբորատորիաներում, հրդեհային անվտանգություն, առաջին մինչբժշկական օգնություն» թեմաներով:
Բացի դրանից՝ համատեղ իրականացվելու են ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների, գործնական և լաբորատոր հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կազմակերպվելու են պրակտիկաներ, գործնական և լաբորատոր պարապմունքներ։