- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր բարերար Քեն Կակոսյանը
Մայիս 30, 2024 | 14:36
Գործընկերներ
Կրթություն
Ուսանողական կյանք
ԵՊՀ-ում էր բարերար Քեն Կակոսյանը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողները հանդիպեցին Կակոսյան ընտանիքի անդամներին՝ Քեն Կակոսյանին և նրա որդուն:
Քեն Կակոսյանի նախաձեռնությամբ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամն արդեն երկրորդ տարին կրթաթոշակ է տրամադրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողներին՝ փոխհատուցելով նրանց ուսման վարձավճարները: Կրթաթոշակը՝ որպես ֆինանսական աջակցություն, հատկացվում է այն ուսանողներին, որոնք ունեն ուսման բարձր առաջադիմություն և մեծ ակտիվություն են ցուցաբերում իրենց համայնքներում:
Կրթաթոշակ ստացած ուսանողները հանդիպման ժամանակ ծանոթացան Քեն Կակոսյանի հետ, հնարավորություն ունեցան շփվելու, հարցեր ուղղելու, ինչպես նաև ներկայացնելու իրենց ծրագրերը՝ նշելով, թե ինչպես են իրենց ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանը և զարգացմանը։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով կրթաթոշակի տրամադրումն ուսանողներին, նշեց, որ այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է ոչ միայն ուսանողների անհատական աճի, այլև երկրի ապագայի համար։
«Մենք շատ կարևորում և արժևորում ենք «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի ներդրումը կրթական գործընթացներում, քանի որ այն ծառայում է ի շահ ուսանողի: Այդ ներդրումների և աջակցության արդյունքում ուսանողները, ստանալով կրթաթոշակ, հնարավորություն կունենան իրենց համայնքներում իրականացնելու զարգացման նոր ծրագրեր և շարունակելու մասնագիտական կարիերան: Շնորհավորում եմ և՛ Երևանի պետական համալսարանի, և՛ մյուս բուհերի ուսանողներին «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակին արժանանալու համար։ Կրթությունն է ամեն ինչի հիմքը և լավ ապագայի գրավականը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Հանդիպման ժամանակ Քեն Կակոսյանը նշեց. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Հուսով եմ, որ ուսումն ավարտելուց հետո լավ աշխատանք կգտնեք և մեր հայրենիքին օգտակար մասնագետներ կդառնաք: Եթե ծրագիրը հաջող ընթացք ունենա, այն կլինի շարունակական»,- ընդգծեց Քեն Կակոսյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ներկայացուցիչներն ու ուսանողները։ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շեշտեց, որ կրթաթոշակառուները կնպաստեն իրենց համայնքի կայացմանը՝ աջակցելով իրենց հասարակության և պետության առաջընթացին: