- Գլխավոր
- Նորություններ
- «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը համախմբեց միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին
Հունիս 07, 2024 | 16:30
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
«Քիմիայի մոլ» գիտության դպրոցը համախմբեց միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին
ԵՊՀ-ում մեկնարկեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը, որի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականները հանդես եկան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական զեկույցներով և դասախոսություններով, ներկայացրին քիմիայի ոլորտի վերջին նվաճումները և դրանց կիրառման հնարավոր բնագավառները:
Գիտության դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցության շրջանակում։ Դպրոցի նպատակն էր երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, մագիստրանտների և բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծել միջավայր՝ նոր դիտանկյունից ուսումնասիրելու գիտությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով ոլորտի առաջատար գիտնականներին ԵՊՀ-ում հյուրընկալելու կարևորությունը. ««Քիմիայի մոլ» գիտության դպրոցի շրջանակում ստեղծվել է յուրօրինակ գիտական միջավայր՝ համախմբելով ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա առաջատար մասնագետների։ Համալսարանում կարևորվում է քիմիայի՝ որպես գիտության առաջատար ուղղություններից մեկի զարգացումը, ուստի այդ նպատակով էլ ԵՊՀ-ում բազմիցս կազմակերպվել են քիմիայի ամառային և ձմեռային դպրոցներ: Հատկանշական է նաև այն, որ այս ուսումնական տարում Քիմիայի ֆակուլտետի դիմորդների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին»:
Անդրադառնալով քիմիայի կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորը նշեց․ «Հաշվի առնելով այն, որ քիմիայի դերը առաջնահերթ է նաև ՀՀ Կառավարության համար, մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը քիմիայի բնագավառում զգալի հաջողություններ և առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՊՀ-ն պատրաստ է ամրապնդելու համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ»:
ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ դպրոցը կլինի շարունակական, և ընդգծեց, որ համալսարանը մշտապես պատրաստ է հյուրընկալելու ոլորտի առաջատար գիտնականներին:
Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը` հույս հայտնելով, որ դպրոցի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և կտեղեկանան ոլորտի նորարարություններին:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, «Քիմիայի մոլ» գիտության դպրոցի նախագահ Արմեն Գալստյանը նշեց, որ դպրոցի շրջանակում երիտասարդ գիտնականները և ուսանողները ոչ միայն ծանոթացան առաջատար գիտնականների հետ, այլև հնարավորություն ունեցան կողմնորոշվելու, թե գիտական որ ուղղություններն են խոստումնալից ժամանակակից քիմիայում, և որոնց ուղղությամբ իրենք կցանկանային մասնագիտանալ մոտ ապագայում։
«Գիտության դպրոցի շրջանակում կազմակերպվել էին տասը դասախոսություններ։ Յուրաքանչյուր գիտնական ներկայացրեց իր ուղղությունը` շեշտադրելով հանրամատչելիության տիրույթը և կիրառման կարևորությունը: Գիտական զեկույցներով հանդես եկան Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նահանգների առաջատար բուհերի ճանաչված գիտնականները: «Քիմիայի մոլ» դպրոցից ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների ստացած գիտելիքները ստուգելու համար անցկացրինք նաև առցանց հարցում, որի շնորհիվ պարզեցինք, թե նրանք որքանով են յուրացրել այդ տասը դասախոսությունները»,- ասաց Արմեն Գալստյանը:
Նշենք, որ «Քիմիայի մոլ» գիտության դպրոցի երկրորդ օրն անցկացվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: