- Գլխավոր
- Նորություններ
- Կորեական մշակույթը՝ կորեերեն սովորողների մատուցմամբ
Հունիս 11, 2024 | 10:30
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Կորեական մշակույթը՝ կորեերեն սովորողների մատուցմամբ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ժամանակ կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ։
Միջոցառման նպատակն էր ԵՊՀ-ում կորեերենի դասընթացին մասնակցած ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը կորեերենի և կորեական մշակույթի նկատմամբ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Սյուզաննա Նավասարդյանը, արժևորելով կորեերենի դերը, նշեց, որ կորեական հարուստ մշակույթը տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Նա ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արդեն վեց տարի շարունակ կազմակերպվում են կորեերենի ութամսյա դասընթացներ` ներգրավելով ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև այլ բուհերի ուսանողներին:
Ցերեկույթի ժամանակ ԵՊՀ-ում կորեերեն սովորող ուսանողները ներկայացրին «Արևը և լուսինը» կորեական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը՝ բավական վարժ կորեերենով և գեղարվեստական լուծումներով ցուցադրելով չարի ու բարու խորհուրդը: Ուսանողները նաև ասմունքեցին կորեացի ստեղծագործողների, այդ թվում՝ Կիմ Չուն-Սուի «Ծաղիկ» և Չունգ Հո Սունգի «Աստղերը ջերմ են» բանաստեղծությունները` դրանք համեմելով կորեական երաժշտությամբ:
Միջոցառման ավարտին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնեց վկայականներ: Դեկանը շնորհակալական խոսք հղեց կորեերենի դասախոս Հասմիկ Ճաղարյանին` ուսանողների շրջանում լեզվի հանդեպ սեր սերմանելու և կորեական մշակույթին ծանոթացնելու համար: Տիգրան Եփրեմյանն ընդգծեց, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են Հայաստանում Կորեայի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Հայաստանում կորեերեն դասավանդողների ասոցիացիայի անդամներ։
Նշենք, որ ցերեկույթը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող ԵՊՀ կորեերենի լսարանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համագործակցությամբ: