- Գլխավոր
- Նորություններ
- Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը
Հուլիս 02, 2024 | 09:43
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը
ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ գաղափարների ընտրություն: Ներկայացված 17 խմբերից ընտրվեցին լավագույն 6-ը:
Դեռևս տարեսկզբին «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը հայտարարեց իր տեսակի մեջ առաջին՝ Սոցիալական ներդրումային ֆոնդի գործարկման մասին:
Սոցիալական ֆոնդը նպատակ ունի խթանելու Հայաստանում սոցիալ-տնտեսական աճը և նպաստելու սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև ներդրումներ կատարելու այնպիսի սոցիալական ձեռնարկություններում և հովանավորելու այնպիսի ստարտափ գաղափարներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ հայաստանյան սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։
Նախաձեռնության շրջանակում ընկերության հետ սկսել է համագործակցել ԵՊՀ բիզնես ինկուբատորը՝ նպատակ ունենալով աջակցելու համալսարանական և ոչ համալսարանական սոցիալական ազդեցությամբ ստարտափներին և ձևավորելով նորարարության ու սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ:
ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, խոսելով ինկուբացիոն ծրագրի մասին, մանրամասնեց. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սոցիալական ուղղվածությունը բավական լայն հասկացություն է՝ էկոլոգիական խնդիրներ, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն և այլն: Մեր ուշադրության առանցքում էին այն ստարտափ գաղափարները, որոնք առաջարկում էին այս և հարակից ոլորտներում որոշ խնդիրների նորարար լուծումներ կամ պարզապես այս ոլորտները զարգացնելու միտում ունեցող գաղափարներ»:
Ծրագրի մասնակից 17 թիմերից առանձնացված 12-ը հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց գաղափարները: Նրանցից ընտրվեցին լավագույն 6-ը, որոնք առաջիկա ամիսներին կյանքի կկոչեն իրենց ստարտափ գաղափարները:
«Հանձնաժողովի անդամները ծրագիրը նախաձեռնող 3 ընկերությունների ներկայացուցիչներն էին: Ներկայացվեցին շատ հետաքրքիր նախագծեր՝ հավակնոտ գաղափարների և ոլորտների բազմազանությամբ: Հարկ է նշել, որ չընտրված թիմերը ևս հետաքրքիր գաղափարներ ունեին և շատ լավ պատրաստված էին, այդ պատճառով հայտարարեցինք, որ ի դեմս ԵՊՀ բիզնես ինկուբատորի՝ նրանց հետ ևս փորձելու ենք աշխատել»,- ասաց Ռուբեն Գևորգյանը:
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Հայաստանից Նիագարայի ջրվեժում հայտնվելուց մինչև արևային մարտկոցների աշխատանքի արդյունավետության բարձրացում. սրանք բիզնես գաղափարներից ընդամենը երկուսն էին: Այսօրինակ հետաքրքիր գաղափարներ ներկայացրին թե՛ համալսարանականները, թե՛ այլ կառույցների ներկայացուցիչները:
Խոսելով այս ծրագրին ԵՊՀ մասնակցության կարևորության մասին՝ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրենը շեշտեց. «Համալսարանն առաջին անգամ է մասնակցում նման ծրագրի, և սա կարևոր փորձառություն է։ Այսօր ակադեմիական միջավայրում շատ են հետաքրքիր գաղափարները, և մենք փորձում ենք ստեղծել մի օղակ, որը հնարավորություն կտա հենց համալսարանի ներսում գեներացնելու ու զարգացնելու այդ բիզնես գաղափարները»:
Նշենք, որ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ՝ ընտրված 6 թիմերի համար մեկնարկել են «Առաջնորդություն և ինովացիա», «Շուկայի վերլուծություններ», «Սոցիալական ձեռներեցություն» թեմաներով դասախոսություններ՝ ԵՊՀ և այլ մասնագետների մասնակցությամբ: Հետագա դասախոսությունների թեմաները կառնչվեն մարքեթինգին, նախագծերի կառավարմանը, ծրագրերի ղեկավարմանը և այլն: Դասընթացի նպատակն է ինկուբացիայի շրջանակում սկսնակ կազմակերպություններին աջակցել գաղափարի մակարդակից ֆինանսավորման պատրաստ մակարդակի հասնելուն:
Հավելենք, որ ԵՊՀ բիզնես ինկուբատորի հիմնական նպատակներից են տարբեր ֆակուլտետներում ստեղծվող գիտական արդյունքների առևտրայնացման ակադեմիական միջավայրի ստեղծումը, համալսարանական միջավայրում ծնվող գաղափարների գեներացումը և ակսելերացիան, այդ գաղափարները գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արդյունքի վերածելու, ինչպես նաև նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը միտված օժանդակության ապահովումը։