- Գլխավոր
- Նորություններ
- Մասնագիտության հանդեպ սիրուց մինչև գիտական հետաքրքրություններ․ հաջողության ճանապարհը ըստ ԵՊՀ լավագույն ուսանողի
Օգոստոս 28, 2024 | 11:30
Մրցույթներ
Շրջանավարտներ
Ուսանողական
Մասնագիտության հանդեպ սիրուց մինչև գիտական հետաքրքրություններ․ հաջողության ճանապարհը ըստ ԵՊՀ լավագույն ուսանողի
Ուսումնառության տարիների նպատակային աշխատանքն ու գիտելիքների պաշարը մշտապես ընդլայնելու ձգտումը դարձան Գարեգին Վարդևանյանի ձեռքբերումների գրավականը։ Նա սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում։ Հաջողություններ գրանցելով ուսման, գիտության և այլ բնագավառներում՝ Գարեգինն արժանացել է «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչման։
Աշխարհագրության հանդեպ սերը, ինչպես նաև ԵՊՀ-ի կազմակերպած «Աշխարհագրություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական մրցույթին մասնակցելն ու մրցանակային տեղ զբաղեցնելը Գարեգին Վարդևանյանի համար կողմնորոշիչ դեր խաղացին մասնագիտության ընտրության հարցում և ուղղորդեցին դեպի ԵՊՀ։ Նա պատմել է իր անցած ուղու ու գրանցած հաջողությունների մասին։
Տարաբնույթ ծրագրերի ու դասընթացների մասնակցելը՝ գիտելիքների պաշարն ընդլայնելու նպատակ
Մինչ համալսարան ընդունվելը մասնակցել եմ «Just Dilijan It» միջազգային IB ձևաչափը կրող ծրագրին, որը նախատեսված էր սոցիալական ծրագրեր իրականացնելու և տարբեր երկրների երիտասարդների միջև միջմշակութային երկխոսություն զարգացնելու համար։ Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքներս, ծառայությունների կազմակերպման և ոլորտի զարգացմանն առնչվող հետաքրքրություններս ի վերջո բերեցին ԵՊՀ-ի «Սերվիս» բաժինը։ Տարիներ առաջ «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում մասնակցություն եմ ունեցել նաև բանավեճի հանրապետական մրցաշարին։
Լավագույնի կոչումը մշտապես հետևել է Գարեգինին
Որպես Հայաստանի 70 լավագույն ուսանողներից մեկը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից 2020 թ․ հրավեր ստացա մասնակցելու Հայաստանի վերափոխման ռազմավարության ներկայացման համար կազմակերպված միջոցառմանը, որն անչափ պատասխանատու և պարտավորեցնող նշաձող էր ինձ համար։ Իսկ այս տարի ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ՄԱԿ-ի մոդել համաժողովի շրջանակում արժանացա «Լավագույն մասնակից» կոչմանը։ Ներկայում պատրաստվում եմ մասնակցելու նմանօրինակ ձևաչափը կրող միջազգային համաժողովի։
Վերապատրաստման դասընթացներ` միտված ծննդավայրը զարգացնելուն
Նախորդ տարվա ընթացքում մասնակցել եմ Հայաստանում էկոտուրիզմի ասոցիացիայի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին, որոնք առնչվում էին զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, շուկայավարման և կառավարման առանձնահատկություններին։ Իսկ այս տարի հաջողությամբ ավարտեցի Ֆաստ բանկի նախաորակավորման ծրագիրը, որը գործնական հմտություններ և ամբողջական պատկերացում տվեց բանկային գործի և ռիսկերի կառավարման գործընթացի վերաբերյալ։ Այսկերպ փորձում եմ օգտվել մասնագիտությանս ընձեռած լայն հնարավորություններից, այն է՝ ինտեգրվել և փորձել ուժերս ծառայությունների կազմակերպման տարբեր ուղղություններում։
Ներգրավված եմ նաև իմ համայնքում՝ Ալավերդի քաղաքում, կազմակերպվող զարգացման ծրագրերում, ինչը, վստահ եմ, շարունակական բնույթ է կրելու։ Նախորդ տարիներին զբաղվել եմ մի քանի բիզնես-նախագծերի ստեղծմամբ, որոնց իրականացումը նոր շունչ ու դրական փոփոխություն է հաղորդելու հարազատ քաղաքին։
Արդիական խնդիրների ուսումնասիրության արդյունքները՝ գիտական հոդվածներում
«Ծառայությունների արդի տարատեսակների զարգացման առանձնահատկությունները Ալավերդի համայնքում» վերտառությամբ առաջին գիտական հոդվածս ներկայացրել եմ ԵՊՀ ՈՒԳԸ 8-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։ Հոդվածում եկել եմ այն եզրահանգման, որ «կանաչ» տնտեսության այնպիսի ճյուղեր պետք է զարգացնել, որոնք և՛ կպահպանեն բնությունը, և՛ բնակչության համար կստեղծեն պայմաններ իրենց կենսագործունեությունը կազմակերպելու, և՛ միևնույն ժամանակ կունենան տնտեսական մրցունակություն: Այդ ճյուղերից են, օրինակ, տուրիզմը, ապիթերապիան, որոնց զարգացման տեսանկյունից քաղաքը կարևոր ներուժ ունի։
Երկրորդ` «Կենդանի փոխհարաբերությունների և թվայնացման տարածաժամանակային փոխազդեցությունը սերվիսում» վերտառությամբ հոդվածս ներկայացրել եմ ԵՊՀ ՈՒԳԸ 9-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։ Հոդվածում փորձել եմ տարբեր օրինաչափություններ ի հայտ բերել, մասնավորապես, թե ինչ կապ գոյություն ունի տնտեսության համախառն արդյունքում սերվիսի բարձր կշռի և միևնույն ժամանակ թվային գործիքակազմի ու գլոբալիզացիայի մակարդակների միջև։
Կարծում եմ, որ ավարտելով «Սերվիս» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ աշխատանքի ընտրության լայն հնարավորություն կունենամ, քանի որ իմ ուսումնասիրության շրջանակում են թե՛ մարքեթինգը, թե՛ հանրային կառավարման սկզբունքները։