- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՆ ուսանողները ԵՊՀ-ում զարգացրին լեզվական հմտությունները
Օգոստոս 05, 2024 | 12:05
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԱՄՆ ուսանողները ԵՊՀ-ում զարգացրին լեզվական հմտությունները
ԱՄՆ լավագույն բուհերի ավելի քան քսան ուսանողներ ԵՊՀ-ում մասնակցեցին «Ռուսաց լեզու և տարածաշրջանային ուսուցում» երկամսյա ծրագրին, որի նպատակն է կատարելագործել ռուսաց լեզվով հաղորդակցվելու հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
«Ռուսաց լեզու և տարածաշրջանային ուսուցում» երկամսյա ծրագիրը իրականացվեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ: ԱՄՆ լավագույն համալսարանների (ինչպիսիք են Ջորջիայի, Հյուսիսարևմտյան, Կալիֆոռնիայի, Վիսկոնսինի, Էմորիի, Մերիլենդի, Օրեգոնի պետական, Հյուսիսային Կարոլինայի պետական, Ինդիանայի և Մինեսոտայի համալսարանները, ինչպես նաև Բարնարդի քոլեջը) ուսանողները սովորեցին ոչ միայն ռուսաց լեզվի հնչյունաբանությունը, ուղղագրությունը, քերականությունը, մասնակցեցին խոսքի զարգացման դասընթացների, այլև ծանոթացան ռուսական հարուստ գրականությանը, ավանդույթներին, պատմությանն ու մշակույթին:
Ծրագիրն ամփոփվեց շրջանավարտներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությամբ:
«Դուք այժմ ԱՄՆ-ում Հայաստանի «դեսպաններն» եք»,- ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող, դոցենտ Պավել Բալայանը՝ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ մաղթելով ուսանողներին:
«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» պետական միջազգային ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատակից Դագեն Վալենտայնը («Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» երկրների գծով տնօրեն, Հայաստան), խոսելով ծրագրի մասին, նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ մեր ուսանողներին՝ քրտնաջան աշխատանքի և ձգտման համար, թե՛ Հայաստանին, հայ ժողովրդին ու ԵՊՀ-ին՝ ջերմ հյուրընկալության, լայն գիտելիքներ փոխանցելու ու մեր ուսանողներին հայկական մշակույթին ծանոթացնելու համար: Մենք հպարտանում ենք ձեզանով և մաղթում նորանոր վերելքներ»:
Ծրագրի մասնակից Վանգ Պենգուինը (Հյուսիսարևմտյան համալսարան), պատմելով իր մասնակցության մասին, ասաց. «Ես շնորհակալ եմ բոլորին՝ ԵՊՀ-ում ձեռք բերած հիանալի փորձառության, Հայաստանում անցկացրած հիանալի ժամանակի համար: Այժմ ոչ միայն շատ ավելի վարժ ու վստահ եմ խոսում ռուսերեն, այլև ինձ հետ տանում եմ հիշողությունների մեծ պաշար՝ ամբողջ կյանքիս համար»:
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» պետական միջազգային ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ Նանե Աբրահամյանը («Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» երկրների գծով փոխտնօրեն, Հայաստան), Գոհար Սարգսյանը (կառավարչի օգնական և Հայաստանում RLASP ծրագրի համակարգող), Ֆելիքս Հելբինգը (RLASP ծրագրի ռեզիդենտ-նախագահ Երևանում, «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների» արտասահմանում ուսուցման և հետազոտությունների գծով տնօրեն)։
Նշենք, որ ուսանողները մշակութային հատուկ ծրագրով այցելեցին նաև Հայաստանի տարբեր մարզերի թանգարաններ, ծանոթացան հայկական ավանդույթներին ու արժեքներին:
Հավելենք նաև, որ ամենից շատ ուսանողներին հիացրել է հայ ժողովուրդը. «Ի՞նչն է ձեզ դուր եկել Հայաստանում» հարցին բոլորը միաձայն պատասխանեցին. «Մարդիկ։ Նրանք շատ բարի են, բաց և հյուրընկալ»։