- Գլխավոր
- Նորություններ
- «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը՝ մտահղացումների իրագործման հարթակ
Օգոստոս 12, 2024 | 11:00
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը՝ մտահղացումների իրագործման հարթակ
Ամփոփվեց «Ֆիզիկան ու մենք» խորագրով հինգերորդ հոբելյանական ճամբարը, որի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերն առօրյա կյանքում:
Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունների՝ ԵՊՀ-ին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին կից գործող մասնաճյուղերի համատեղ ջանքերով կազմակերպվող ամենամյա ճամբարին մասնակցել են ֆիզիկա, ռադիոֆիզիկա, մաթեմատիկա, մեխանիկա, էլեկտրատեխնիկա և ծրագրավորում մասնագիտություններով հետաքրքրված շուրջ 60 հոգի՝ ներառյալ ավագ դպրոցի աշակերտներ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողներ և դասախոսներ:
Ճամբարի մասնակիցների ընտրությունը երկփուլ գործընթաց է. դիմորդները նախ պատասխանում են ֆիզիկային ու մաթեմատիկային առնչվող հարցաշարի, հետայդու մասնակցում հարցազրույցի:
Ճամբարականները ստեղծում են ժամանակակից սարքեր, որոնք հետագա մշակման պարագայում դառնում են կիրառելի արտադրանք։
Այս տարի ճամբարականները կարճ ժամանակահատվածում խմբային աշխատանքների միջոցով ինքնուրույն նախագծել և պատրաստել են թվային սպեկտրոմետր, որով ուսումնասիրվել են տարբեր հեղուկների բաղադրություններ, խառնուրդներում տարբեր բաղադրիչների կոնցենտրացիաներ։
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի համակազմակերպիչ Տաթևիկ Չալյանը, պատմելով այս տարվա ծրագրի մասին, ասաց. «Սպեկտրոմետրն օգտագործվում է նյութի բաղադրությունն ուսումնասիրելու համար: Այն լայնորեն կիրառվում է կենսաֆիզիկայում, սննդի և խմիչքի որակի ուսումնասիրման, տեսակավորման սարքերում՝ փոխարինելով ձեռքի աշխատանքին: Նման մեկ սարքավորման արժեքը սկսվում է տասը միլիոն դրամից, այնինչ մենք փորձել ենք պատրաստել առավելագույնը հարյուր հիսուն հազար դրամ արժողությամբ, բայց թանկարժեքի հետ մրցունակ սարքավորում»:
Թվային սպեկտրոմետրի ստեղծման համար մասնակիցներից պահանջվել են լայն գիտելիքներ՝ ֆիզիկայից մինչև ծրագրավորում:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունների ԵՊՀ մասնաճյուղի նախագահ Շանթ Սարգսյանը, պատմելով ճամբարի կարևորության մասին, ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է աշակերտներին և բակալավրիատի ցածր կուրսերի ուսանողներին ծանոթացնելու արդյունաբերության և գիտության սերտ կապին: Նա մասնավորապես նշեց. «Ուսանողներն ու աշակերտները, մասնակցելով ճամբարին, հստակ հասկանում են՝ ինչով է իրականում զբաղվում գիտնականը, հնարավորությունների ինչ լայն շրջանակ է ստեղծում գիտությունն ու որքանով է այն կարևոր: Ճամբարը լավ հարթակ է՝ ուսումնասիրելու ու հասկանալու, թե գիտության ու ինժեներիայի որ ենթաճյուղերն են առավել հոգեհարազատ, ինչպես նաև գտնելու գաղափարակից, նույն հետաքրքրություններն ունեցող ընկերներ»:
Ճամբարի մասնակից Սյուզաննա Մակարյանը, ով այս տարի է ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտ, վստահեցրեց, որ ճամբարի շնորհիվ խորացրել է մասնագիտական գիտելիքները, բարելավել թիմում աշխատելու կարողություններն ու ձեռք բերել նոր ընկերներ:
«Ֆիզիկան ու մենք»-ին աջակցել են ԵՊՀ-ն, Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունները՝ «SPIE»-ն և «Optica»-ն, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Բրյուսելի ազատ համալսարանի B-PHOT ֆոտոնիկայի խումբը, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, «THORLABS» և «Advanced Technologies Group» ընկերությունները և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը։ Իր հովանավորների շնորհիվ ճամբարն ամբողջությամբ անվճար էր:
«Advanced Technologies Group» ընկերության տեխնիկական տնօրեն Արթուր Գալստյանը, խոսելով ճամբարի աջակցման հանձնառության մասին, շեշտեց, որ չափազանց կարևոր է գիտահեն ճարտարագիտության զարգացումը Հայաստանում, այս առումով նպատակային է նմանօրինակ ճամբարների և գիտական միջոցառումների կազմակերպումը։
«Շատ ավելի կարևոր է զարկ տալ գիտահեն ճարտարագիտությանը՝ արտադրելով քիչ, սակայն բարդ ու արժեքավոր սարքավորումներ: Ուրախությամբ կարող եմ փաստել՝ այստեղ հավաքված են այնպիսի մասնակիցներ, որոնք կարողանում են համադրել տեսական ու պրակտիկ գիտելիքները, որոնք ցանկանում և կարողանում են իրագործել հետաքրքիր գաղափարներ»,- ընդգծեց նա:
Հավելենք, որ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ֆիզիկայի բնագավառի արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հաստատելու գիտակրթական նոր կապեր: Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին ներկայացրել են ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային և արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: