- Գլխավոր
- Նորություններ
- Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի Իրավաբանական լաբորատորիա
Օգոստոս 29, 2024 | 11:05
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի Իրավաբանական լաբորատորիա
Երևանի պետական համալսարանի, ՀՀ գլխավոր դատախազության և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի Իրավաբանական լաբորատորիա, որը կդառնա մասնագիտական գիտելիքները զարգացնելու կրթական հարթակ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Իրավաբանական լաբորատորիայի դերն ու նշանակությունը, ընդգծեց, որ այն ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակ է, որը հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հայտարարելով պայմանավորվածության մասին, ընդգծեց, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր:
Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:
«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում Իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:
Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը, կարևորելով համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար, նշեց․ «Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»։
Տեսանյութ
Video file