- Գլխավոր
- Նորություններ
- «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում». ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային 19-րդ գիտաժողովը
Սեպտեմբեր 11, 2024 | 14:32
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
«Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում». ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային 19-րդ գիտաժողովը
Երևանի պետական համալսարանում անցկացվում է «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» միջազգային 19-րդ գիտաժողովը («SYMPHYS-XIX»)՝ նվիրված ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին։ Գիտաժողովի նպատակն է համախմբել ֆիզիկոսին անձամբ ճանաչած և նրա հետ աշխատած գիտնականներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին շփվելու և գործակցային կապեր հաստատելու բնագավառի հայտնի գիտնականների հետ:
Սեպտեմբերի 8-13-ը անցկացվող գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ և նվիրված է պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին, որը կարևոր ներդրում է ունեցել միջուկային, տարրական մասնիկների, բարձր էներգիայի ֆիզիկայի ուսումնասիրության մեջ, ինչպես նաև ֆիզիկայում համաչափությունների տարբեր հայեցակետերի հետազոտության ուղղությամբ:
Արդեն 19-րդ անգամ անցկացվող միջազգային գիտաժողովի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտականներն անդրադառնում են ֆիզիկայի բնագավառում համաչափության մեթոդների ուսումնասիրությունների վերջին ձեռքբերումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների, ինչպիսիք են՝ անվերջ չափանի համաչափություններ և սուպեր համաչափություններ, ինտեգրվող և սուպեր ինտեգրվող համակարգեր, դիֆերենցիալ և տարբերակելի հավասարումների համաչափություններ, քվանտային օպտիկա, կոհերենտ վիճակներ, Վիգների բաշխման ֆունկցիա, բարձր էներգիաների ֆիզիկա, բազմամասնիկների դինամիկա, մաթեմատիկական մեթոդներ և այլն: Գիտաժողովի մասնակցիները ներկայացնում են իրենց կատարած հետազոտությունները, որոնց արդյունքները հետագա համատեղ աշխատանքի շնորհիվ կհրապարակվեն գիտական հոդվածների տեսքով:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը դրվագներ ներկայացրեց Ալեքսեյ Սիսակյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախկին տնօրեն, երջանկահիշատակ Գեորգի Պողոսյանի կյանքից և գործունեությունից: Նա նշեց, որ վերջինս է նախաձեռնել սիմետրիայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի մասին միջազգային գիտաժողովների շարքը՝ հայ գիտնականներին առաջարկելով օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելու և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածներ տպագրելու հարթակ: Պրոռեկտորը կարևորեց այն ներդրումը, որ ունեցել են ֆիզիկոսները ոլորտի զարգացման և գիտության առաջընթացի համար:
ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտաժողովի կազմակերպիչ Անահիտ Բալաբեկյանն ընդգծեց սիմետրիայի կարևորությունը ֆիզիկայում՝ նշելով, որ շատ օրենքներ ելնում են հենց համաչափությունից:
«Միջոցառումը սկսել ենք անցկացնել դեռ 1993 թվականից՝ նպատակ ունենալով համախմբելու այս բնագավառում աշխատող բոլոր գիտնականներին: Այս տարիների ընթացքում շատ հռչակավոր գիտնականներ են եկել Հայաստան, ինչի արդյուքնում բազմաթիվ գործակցային կապեր են ստեղծվել և ամրապնդվել»,- ասաց նա և հավելեց, որ նախկինում գիտաժողովներին մասնակցած երիտասարդ շատ գիտնականներ այժմ աշխատում են գիտական լավագույն հաստատություններում:
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները ներկայացնում են առցանց և անցանց զեկուցումներ իրենց կատարած հետազոտությունների մասին:
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) առաջատար գիտաշխատող, գիտաժողովի կազմակերպիչ Ելենա Կոլգանովան, խոսելով ԵՊՀ-ի հետ համագործակցության մասին, ասաց, որ վաղուց են համագործակցում Երևանի պետական համալսարանի, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) գործընկերների և, առհասարակ, Հայաստանի գիտնականների հետ։ Այս գիտաժողովը շատ օգտակար է գործընկերային այդ կապերը պահպանելու, ինչպես նաև ամպրապնդելու տեսանկյունից:
«Գիտաժողովի շրջանակում մաթեմատիկոսներն ու ֆիզիկոսները ներկայացնում են իրենց տեսությունները, քննարկում գիտության ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ոլորտի մասնագետների համար ընդհանուր թեմաների։ Լավ է, որ գիտաժողովին ներկա են և՛ ֆիզիկոսներ, և՛ մաթեմատիկոսներ, քանի որ քննարկվում են մաթեմատիկական մի շարք մոդելներ, որոնք հետագայում օգտագործվում են ֆիզիկական որոշ երևույթներ բացատրելու համար»,- շեշտեց Ե. Կոլգանովան:
Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս գիտաժողովը ոչ միայն արդյունավետ հարթակ է, այլև նոր գաղափարների ստեղծմանը նպաստող միջավայր:
Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը, որը նույնպես գիտաժողովի շջրանակում զեկուցմամբ է հանդես գալու, ասաց, որ իր աշխատանքը նվիրված է գրավիտացիոն դաշտի ազդեցությանը քվանտային երևույթների վրա:
«Սիմետրիայի մեթոդները կիրառվում են ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտներում: Սիմետրիան կարևոր դեր է խաղում ժամանակակից ֆիզիկայում, տարրական մասնիկների ֆիզիկայից մինչև տիեզերագիտությունը: Եվ այսօրինակ գիտաժողովների շնորհիվ է, որ գիտնականներին հնարավորություն է ընձեռվում հանրայնացնելու կատարած գիտական աշխատանքները, հետազոտությունները: Այն շատ կարևոր է նաև երիտասարդ կադրերի պատրաստման տեսանկյունից, և պատահական չէ, որ գիտաժողովը անցկացվում է ԵՊՀ-ում՝ մի բուհում, որն առաջատարն է ՀՀ-ում»,- փաստեց Ա. Սահարյանը:
Նշենք, որ միջազգային 19-րդ գիտաժողովին մասնակցելու, ոլորտին առնչվող խնդիրների մասին քննարկումներ անցկացնելու և փորձի փոխանակման նպատակով այս տարի Հայաստան են ժամանել մոտ 60 գիտնականներ Մեքսիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:
Մանրամասները՝ տեսանյութում։