- Գլխավոր
- Նորություններ
- Բնական միացությունները՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոց
Սեպտեմբեր 19, 2024 | 14:25
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Բնական միացությունները՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոց
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների համար անցկացվեց հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերի հետ։ Հանդիպման շրջանակում նա հանդես եկավ «Բնական միացությունները՝ որպես հակավիրուլենտային ագենտներ՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարելու համար» խորագրով զեկուցմամբ։

Պրոֆեսորը խոսեց հակաբիոտիկների և հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման մասին՝ նշելով, որ բոլոր բակտերիաները դիմադրողականություն զարգացնելու հատկություն ունեն։ Սեբաստիան Գյունտերն այնուհետև անդրադարձավ հակամանրէային պեպտիդներին, սինթետիկ մանրէաբանությանը, հակավիրուլենտային դեղերին և ֆագայի թերապիային՝ որպես ուղիներ հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարում։

Առաջարկելով հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի նոր ռազմավարություններ՝ Գյունտերը ներկայացրեց իր հետազոտության արդյունքներից, այն է՝ որոշ բնական միացությունների և հակաբիոտիկների համապատասխան համակցությունները կարող են ուժեղացնել հակամանրէային ակտիվությունը։ Նա վիրուլենտության արգելափակումը ներկայացրեց որպես նոր ռազմավարություն հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարում:
Պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերը 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է (H-index: 43, Scopus): Վերլուծելով հակաբակտերիալ և հակավիրուլենտային միացությունների ազդեցության մեխանիզմները և կիրառելով դեղերի հայտնաբերման համար համակարգչային մեթոդները՝ նա իր հետազոտություններում մանրամասնորեն ներկայացնում է թիրախային բակտերիալ վիրուլենտային գործոնների վրա կենսակտիվ միացությունների ազդեցությունը:

Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարում նոր դեղերի մշակումը, ինչպես նաև ցամաքային և ծովային աղբյուրներից (ինչպիսիք են՝ սնկերը, ցիանոբակտերիաները, միկրոջրիմուռները և բույսերը) կենսակտիվ բնական միացությունների անջատումն ու վերլուծությունը: Հետազոտությունները ներառում են նաև հակաբիոտիկների և ծանր մետաղների մնացորդային քանակների վերլուծություն, ֆիտոպատրաստուկների կենսակտիվության ուսումնասիրություն և բջջային նորարարական թեստ-համակարգերի մշակում:
Հետայդու պրոֆեսոր Գյունտերը և ինստիտուտի աշխատակիցները քննարկեցին համագործակցությունը գիտակրթական, հետազոտական մակարդակով հետագայում շարունակելու հարցը։