- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ի և Մալթայի համալսարանի համագործակցության ամրապնդում
Հոկտեմբեր 01, 2024 | 11:50
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ի և Մալթայի համալսարանի համագործակցության ամրապնդում
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Բաժնետոմսերի վրա հիմնված վճարումները» թեմայով դասախոսություն կարդաց Մալթայի համալսարանի տնտեսագիտության, կառավարման և հաշվապահության ֆակուլտետի դասախոս Ջասթին Կիրկոպը:
Տեղեկատվությամբ հագեցած հանդիպումը ինտերակտիվ բնույթ ուներ՝ հիմնված պրակտիկ օրինակների վրա, ինչի արդյունավետությունն իրենց գոհունակությամբ փաստեցին դասին ներկա ուսանողները:
Դասախոսության շրջանակում, որին մասնակցում էին 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները, հրավիրյալ դասախոսն անդրադարձավ բաժնետոմսերի վրա հիմնված վճարման գործարքներին, վերջիններիս հաշվառման առանձնահատկություններին և հաշվապահական հաշվառման ստանդարտներին:
Ջասթին Կիրկոպը ներկայացրեց նաև Մալթայի համալսարանը և տնտեսությունը։
Մալթայի համալսարանն աչքի է ընկնում իր մատուցած բարձրորակ կրթությամբ: Այն Համալսարանների միջազգային ասոցիացիայի («Association of International Educators, NAFSA») և «CIEE»-ի («Council for International Educational Exchange») անդամ է։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը հանդիպմանն ընդգծեց փոխադարձ հետաքրքրություններով պայմանավորված միջազգային գործընկերության ընդլայնման և ֆակուլտետում այսօրինակ հանդիպումների անցկացման կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը:
Այցի շրջանակում Ջասթին Կիրկոպը հանդիպեց նաև Ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներին:
Քննարկվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նոր համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։