- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ «Գիտության շաբաթ» փառատոնի մասնակից
Հոկտեմբեր 07, 2024 | 13:30
Գիտություն
Հասարակություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ն՝ «Գիտության շաբաթ» փառատոնի մասնակից
Ազատության հրապարակում հոկտեմբերի 1-6-ն անցկացվեց «Գիտության շաբաթ» փառատոնը, որին իր մասնակցությունն ունեցավ Երևանի պետական համալսարանը: Փառատոնի շրջանակում գիտության կարևորության և ոլորտի նորարարությունների մասին պատմեցին ԵՊՀ ֆիզիկայի և ֆարմացիայի ինստիտուտների, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների, ՍԹԵՄ ավագ դպրոցի և մարքեթինգի բաժնի ներկայացուցիչները:
Փառատոնը նպատակ ուներ հանրայնացնելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտների նվաճումները, ընդգծելու վերջիններիս անփոխարինելի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:
Գիտության փառատոնը բաժանված էր երեք թեմատիկ մասերի՝ «Գիտությունն ամենուրեք է» (հոկտեմբերի 1-2-ը), «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» (hոկտեմբերի 3-4-ը), «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր» (հոկտեմբերի 5-6-ը): Ներկայանալով «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները» թեմատիկ մասում՝ համալսարանականները ցույց տվեցին ԵՊՀ-ում կատարվող հետազոտությունները, պատմեցին գիտական աշխատանք կատարելու առանձնահատկությունների, առավելությունների, ՍԹԵՄ ավագ դպրոց ընդունվելու մասին՝ հնարավորություն ընձեռելով փառատոնի մասնակիցներին ծանոթանալու համալսարանական կյանքին:
Կարևորելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը և խոսելով գիտության փառատոնին համալսարանի ներկայացվածության մասին՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց. «Այս փառատոնի գլխավոր նպատակն է գիտության նկատմամբ հետաքրքրություն ստեղծել աշակերտների, ուսանողների և առհասարակ հասարակության շրջանում՝ ներկայացնելով կատարված գիտահետազոտական աշխատանքները, Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի զարգացման միտումները և այլն: ԵՊՀ-ն մշտապես կարևորում է մասնակցությունը գիտության հանրայնացմանն ուղղված այսօրինակ միջոցառումներին»:
Հետաքրքրաշարժ փորձեր, վիկտորինաներ, գիտական մեկնաբանություններ. «Գիտության շաբաթ» փառատոնը ևս մեկ հարթակ էր՝ ներկայացնելու ԵՊՀ նորարարությունները, զարգացման նոր ծրագրերը, համալսարանում կատարվող բարեփոխումները, նոր, ժամանակակից միջավայրում սովորելու հնարավորությունները, միջազգային համագործակցությունների առավելությունները և այլ տեղեկություններ, որոնք ինչ-որ առումով ուղղորդեցին փառատոնի մասնակիցներին իրենց մասնագիտական զարգացման հեռանկարը կապելու ԵՊՀ-ի հետ և իրազեկված լինելու համալսարանում տեղի ունեցող բարեփոխումներին։
ԵՊՀ տաղավարում համալսարանականները երկու օր շարունակ շփվեցին դպրոցականների, ուսանողների, գիտությամբ հետաքրքրված մարդկանց հետ՝ պատասխանելով նրանց բազմազան հարցերին:
Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան №51 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավետիսյանը հետաքրքրված էր ֆիզիկայով։ Նա ուշադրությամբ լսում էր ԵՊՀ դասախոսների, ուսանողների գիտական մեկնաբանությունները, փորձերի, ինչպես նաև տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների մասին տեղեկությունները:
«Ես շատ եմ սիրում «Ֆիզիկա» առարկան, քանի որ այն ներառում է շատ կարևոր և հետաքրքրաշարժ թեմաներ: Համալսարանի տաղավարում ինձ հետաքրքրեցին լույսի ճառագայթմանը, անդրադարձմանը, ճնշմանը առնչվող և մի շարք այլ թեմաներ»,- ասաց նա։
Գագիկը հավելեց՝ առաջին անգամը չէ, որ գիտական իրադարձության է մասնակցում։ Նա ընդգծեց, որ միշտ մեծ հետաքրքրությամբ է մասնակցում նմանօրինակ միջոցառումների՝ ձեռք բերելով բազմաթիվ նոր գիտելիքներ: Թեև Գագիկը դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, սակայն նրան շատ հետաքրքրեցին Երևանի պետական համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը:
Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան №17 հիմնական դպրոցի աշակերտ Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկատելով ԵՊՀ տաղավարը՝ առանց հապաղելու մոտեցավ, քանի որ հետաքրքրված է համալսարանով և նպատակ ունի ապագայում ընդունվելու Երևանի պետական համալսարան:
«Այսօր ես մի շարք կարևոր տեղեկություններ ստացա Երևանի պետական համալսարան ընդունվելու, այնտեղ սովորելու մասին: Տեղեկացա ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի մասին և ծանոթացա մի շարք այլ թեմաների, որոնք կարող են հետաքրքրել բազմաթիվ երիտասարդների»,- նշեց Աննան՝ պատմելով իր ստացած տպավորությունների մասին:
Հավելենք, որ «Գիտության շաբաթ» փառատոնն անցկացվեց «Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ (Երևանում և ՀՀ բոլոր մարզերում)՝ համախմբելով գիտությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդկանց։
Մանրամասները՝ տեսանյութում։