- Գլխավոր
- Նորություններ
- Հոգեբանական արդի խնդիրները՝ արտերկրի մասնագետների դիտարկմամբ
Հոկտեմբեր 07, 2024 | 12:31
Հոգեբանական արդի խնդիրները՝ արտերկրի մասնագետների դիտարկմամբ
«Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց «Հոգեախտորոշումը կազմակերպությունում, սպառողական վարք և որոշման կայացման հոգեբանություն» խորագրով դասախոսությունների շարք։ Ծրագիրն իրականացրին ԵՊՀ-ի և Աալենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) մասնագետները։
ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սեդա Շահվերդյանը և Աալենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) բիզնես հոգեբանության դասախոսներ Անյա Դիքմանը, Ռեգինա Կեմպենը և Մարկո Ֆիլիպը դասախոսությունների ընթացքում ուսանողներին ծանոթացրին կազմակերպչական և բիզնես հոգեբանության ոլորտում ժամանակակից մոտեցումներին, կատարվող հետազոտություններին և նորարարական տեխնոլոգիաներին։ Աալենի համալսարանի համագործակցությունը ԵՊՀ-ի հետ արդեն մի քանի տարվա պատմություն ունի, սակայն բանախոսներն առաջին անգամ էին ԵՊՀ-ում։
Առաջին օրը դասախոսությունը վարեց Ռեգինա Կեմպենը, քննարկվեցին կազմակերպություններում անցկացվող հոգեախտորոշման անհրաժեշտությունը, կիրառվող ձևերը և ակնկալվող արդյունքները։ Տեսական հատվածից հետո անցկացվեց գործնական աշխատանք, որի ժամանակ ուսանողներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, ներկայացրին իրենց կարծիքները և հիմնավորեցին տեսակետները։
Երկրորդ օրը դասախոսությունն անցկացրեց Մարկո Ֆիլիպը։ Ներկայացվեցին կազմակերպությունում որոշում կայացնելու առանձնահատկությունները, հոգեբանական և միջավայրային այն գործոնները, որոնք նպաստում են արդյունավետ որոշում կայացնելուն։
Երրորդ օրը Անյա Դիքմանը ներկայացրեց սպառողական վարքի հոգեբանական յուրահատկությունները, հույզերի հետ աշխատանքի անհրաժեշտությունն ու կիրառման առավելությունը գովազդում։
Հանդիպման շրջանակում դասախոսները ներկայացրին Աալենի համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի գործող կրթական ծրագրերը, որոնց ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու «Էրազմուս+» ծրագրի միջոցով։
Նշենք, որ դասախոսություններին մասնակցեցին ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
Գործընկերները կարևորեցին համատեղ իրականացվող ծրագրերը և ընդգծեցին դրանց շարունակականության անհրաժեշտությունը։