- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ այցելեց ԲՏԱ նախարարը․ գործակցության ընդլայնման նոր ուղիները՝ քննարկման առանցքում
Հոկտեմբեր 30, 2024 | 18:00
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
ԵՊՀ այցելեց ԲՏԱ նախարարը․ գործակցության ընդլայնման նոր ուղիները՝ քննարկման առանցքում
ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը շրջայց կատարեց Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացավ նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին։
Համալսարանի գիտաշխատողները նախարարին ներկայացրին ինչպես ԵՊՀ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական նախագծերն ու ձեռք բերված սարքավորումները, այնպես էլ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ու արտերկրից ստացած դրամաշնորհներով կատարված աշխատանքները։ Ներկայացվող աշխատանքներում շեշտադրվեցին նաև համալսարանի գործընկերների հետ ունեցած արդյունավետ կապերը։
Լաբորատորիաներում կատարած շրջայցից հետո ԲՏԱ նախարարը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին նախարարության հետ գործակցությունն ընդլայնելու ուղիները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը քննարկմանը հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմին առաջարկեց առավել մանրամասն ներկայացնել գիտահետազոտական աշխատանքների ընթացքն ու սպասվող արդյունքը, ինչպես նաև հանդես գալ համագործակցության առաջարկներով։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց ԵՊՀ լաբորատորիաներում հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված փորձանմուշները տնտեսության մեջ ավելի կիրառական դարձնելու հարցը։ Նա ընդգծեց, որ նախարարության ռազմավարություններից է կիրառական ուղղությունների քաղաքականության մշակումը։
«Բարձր տեխնոլոգիական ոլորտը մեծ ներուժ ունի և պետք է դառնա կարևորագույն սեգմենտ ամբողջ տնտեսության կառուցվածքի համար՝ իր հետ առաջ տանելով տնտեսության մյուս ճյուղերը»,- նշեց նախարարը։
Մխիթար Հայրապետյանը լսեց համալսարանականների տեսակետները, թե ինչպես կարող են հետազոտությունները վերածել արտադրանքի և այն ներկայացնել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ գործակցել միջազգային շուկաների հետ։ Նա վստահեցրեց, որ ԲՏԱ նախարարությունը պատրաստ է ռեսուրսներ ներդնելու՝ աջակցելով այդ գործընթացին։
ԲՏԱ նախարարն ընդգծեց նաև, որ նախարարությունը ոլորտի զարգացման համար նախաձեռնել է մի շարք քայլեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրության մշակում։