- Գլխավոր
- Նորություններ
- Հետազոտություն` միտված նոր ու անվտանգ դեղամիջոցների ստեղծմանը
Նոյեմբեր 18, 2024 | 09:25
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն
Հետազոտություն` միտված նոր ու անվտանգ դեղամիջոցների ստեղծմանը
Հյուսվածքների վերականգնողական թերապիայում սինթեզված նոր մոլեկուլների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև դեղերի թիրախային առաքման համակարգերի բացահայտումը նոր առաջընթաց է գիտության համար: Այս ուսումնասիրությունները կատարել են ԵՊՀ և արտերկրի մի խումբ հետազոտողներ` ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանի գլխավորությամբ: Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային բարձր` Q1 վարկանիշ ունեցող «Biomolecules» հանդեսում:
Q1 քառորդում ընդգրկված ամսագրում հրապարակված հոդվածն ունի «Ցլի շիճուկի ալբումինի հետ սինթետիկ ամինաթթվի կապման և ագրեգատների ձևավորման ուսումնասիրությունը ֆիբրոբլաստների պրոլիֆերացիայի խթանման ներուժի բացահայտման նպատակով» խորագիրը:
Հայարփի Սիմոնյանը ներկայացրել է հոդվածի արդիականությունը` ընդգծելով զարգացող գիտության ընձեռած հնարավորությունները:
Նոր մոլեկուլների մշակում` բուժական նոր մոտեցումներ ստեղծելու համար
Քանի որ պոտենցիալ դեղաբանորեն ակտիվ նոր մոլեկուլների սինթեզի մեթոդների մշակումը և դրանց կենսաբանական ակտիվության պոտենցիալի բացահայտումը այսօր արդիական խնդիրներ են, ուստի կատարված հետազոտությունը ևս արդիական ու կարևոր է:
Տարբեր հիվանդությունների բուժման համար այսօր անհրաժեշտ են նոր, ավելի արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ, քանի որ առկա դեղերը հաճախ ունեն կողմնակի ազդեցություններ կամ սահմանափակ արդյունավետություն: Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու օրգանիզմում նոր կենսաբանական թիրախներ, որոնց միջոցով հնարավոր է ազդել հիվանդության զարգացման գործընթացի վրա: Այս թիրախների համար նոր մոլեկուլների մշակումը կարևոր է նոր բուժական մոտեցումներ ստեղծելու համար: Այսպիսով՝ նոր մոլեկուլների սինթեզի մեթոդների մշակումը և դրանց կենսաբանական ակտիվության ուսումնասիրությունը կարևոր են ինչպես բժշկության, այնպես էլ գիտության առաջընթացի համար:
Հետազոտության օգտակարությունը տարբեր ոլորտներում
Կատարված հետազոտությունը ուղղված է կենսաբանորեն ակտիվ, նոր, ոչ սպիտակուցային ամինաթթվի սինթեզին և սպեկտրալ, «in silico» (IT տեխնոլոգիաների կիրառմամբ) և «in vitro» (փորձարարական պայմաններում) մեթոդներով դրա կենսաբանական ակտիվության բացահայտմանը: Արդյունքները փաստում են, որ հետազոտվող ամինաթթվի ագրեգատները նպաստում են ֆիբրոբլաստների աճին և կարող են լինել պոտենցիալ վերականգնողական միջոցներ: Իսկ ցլի շիճուկի ալբումինի հետ սինթեզված միացության կապվելու ունակությունն ընդգծում է դրա պոտենցիալ նշանակությունը դեղամիջոցների առաքման համակարգերում:
Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն օրգանական քիմիայի, դեղագործության, բժշկական քիմիայի և կենսաբժշկագիտության բնագավառներում:
Ժամանակակից ուսումնասիրությունները` միջազգային համագործակցության արդյունք
Հետազոտությունը կատարվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակում: Ուսումնասիրությունը կատարվել է մոտ մեկ տարվա ընթացքում, երկու հետազոտական ինստիտուտներում․ նոր միացության սինթեզը կատարվել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում, իսկ կենսաբանական հետազոտությունը՝ Նեապոլի կենսակառուցվածքների և կենսապատկերների ինստիտուտում (Իտալիա):
Հետազոտության շուրջ աշխատել են ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և Նեապոլի կենսակառուցվածքների և կենսապատկերների ինստիտուտի գիտական երկու խմբերի գիտաշխատողները: Հայաստանյան խմբի անդամներն էին ք.գ.թ., դոցենտ Հայարփի Սիմոնյանը, ք.գ.թ., դոցենտ Սաթենիկ Պետրոսյանը, ք.գ.թ., դոցենտ Աննա Մկրտչյանը։ Խմբի գիտական խորհրդատուն էր ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: