- Գլխավոր
- Նորություններ
- Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր
Դեկտեմբեր 16, 2024 | 16:42
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրին մասնակցած Օքսֆորդի, Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների 6 ուսանողներն ստացան հավաստագրեր՝ ծրագրով նախատեսված առարկաներն ուսումնասիրելու և այն հաջողությամբ ավարտելու համար: Օտարերկրյա ուսանողները ԵՊՀ-ում մեկ կիսամյակ ուսումնառել են միջհամալսարանական գործակցության շրջանակում:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Պավել Բալայանը նշեց, որ արդեն իսկ առկա է հերթական պայմանավորվածությունը Քեմբրիջի համալսարանի հետ, և հաջորդ կիսամյակ ֆակուլտետում կուսումնառեն այդ համալսարանից 4 ուսանողներ:
Պավել Բալայանն ընդգծեց նաև, որ նշված համալսարանների ուսանողների՝ ռուսաց լեզվի իմացությունը մեկ կիսամյակում ավելի քան մեկ մակարդակով բարձրացել է։ Անդրադառնալով համալսարանում օտարերկրյա ուսանողների ստացած կրթությանը՝ Պավել Բալայանն ասաց․ «Բոլոր ուսանողները քննությունները բավական հաջող են հանձնել, և չնայած դրան՝ ես ուսանողներին խորհուրդ եմ տալիս պարբերաբար վերանայել սովորածը՝ լեզվի իմացությունն է՛լ ավելի զարգացնելու համար»:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան, հաջողություն մաղթելով ուսանողներին, շեշտեց որ դասավանդողների համար ամենակարևորն այն է, որ ծրագրի ավարտից հետո ուսանողներն ազատ խոսեն ռուսերեն:
Էդինբուրգի համալսարանի ուսանող Հաակոն Գրեգորի Կոլումբա Ռայնոլդսը, խոսելով Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնառությունից, նշեց. «Այստեղ դասերի ժամանակ բավական հաճախ էինք խոսում ռուսերեն․ գրականությանը, պատմությանը, մշակույթին առնչվող թեմաները ռուսերենով քննարկելը շատ օգտակար է լեզվի իմացությունը զարգացնելու տեսանկյունից»:
Հաակոն Գրեգորի Կոլումբա Ռայնոլդսը հետաքրքրված է նաև Հայաստանի պատմությամբ ու մշակույթով և ԵՊՀ-ում ուսումնառությունը շարունակելը նա նպատակային է համարել թե՛ ռուսաց լեզվի իմացության մակարդակը բարելավելու, թե՛ Հայաստանն ուսումնասիրելու տեսանկյունից:
Էդինբուրգի համալսարանի ուսանողներից Սելմեր Բորգեր Օինեսն էլ ընդգծեց, որ Ռուս բանասիրության ֆակուլտետում ռուսաց լեզվի ուսուցումն առավել խորացված է, լեզվին առնչվող առարակները շատ են, իսկ դասաժամերն ավելի երկար են՝ համեմատած Էդինբուրգի համալսարանի հետ։ Այս ամենը նպաստում է լեզվի իմացությունը ավելի կարճ ժամանակամիջոցում բարելավելուն: Նա կարևորեց նաև դասախոսների փորձառությունն ու Հայաստանը որպես հնագույն պատմամշակութային երկիր ուսումնասիրելու իր ձգտումը։
«Ես եղել եմ Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Գյումրիում, Դիլիջանում, Տաթևի վանքում: Հայաստանի վանքերը շատ տպավորիչ են: Անպայման կրկին կայցելեմ Հայաստան՝ հայկական մշակույթն առավել խորությամբ ուսումնասիրելու։ Ինձ նաև առանձնապես դուր է եկել այստեղի սնունդը»,- պատմեց ուսանողը։
Էդինբուրգի համալսարանի ուսանող Չենքսի Հենը ևս արդյունավետ է համարում Ռուս բանասիրության ֆակուլտետում մեկ կիսամյակ ուսումնառելը։
«Ես շատ գոհ եմ իմ ընտրությունից և ստացածս գիտելիքներից: Նպատակ ունեմ աշխատելու կա՛մ կառավարությունում, կա՛մ գործունեություն ծավալել քաղաքացիական հասարակության բնագավառում»,- շեշտեց նա։
Օքսֆորդի համալսարանի ուսանող Հելենա Ռաքել Ֆորեման Բարթոնը, համեմատելով ԵՊՀ-ն և Օքսֆորդի համալսարանը, ընդգծեց՝ գլխավոր տարբերությունն այն է, որ Օքսֆորդի համալսարանը չափազանց ընդարձակ տարածք ունի, իսկ ԵՊՀ մասնաշենքերն ավելի մոտ են իրար, ինչը նա դիտարկում է որպես առավելություն։
«Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնասիրել եմ մի շարք առարկաներ, այդ թվում՝ ռուսաց լեզվի քերականություն, ռուս գրականություն։ Բոլոր առարկաները, որոնք մեզ դասավանդվել են, իրապես շատ օգտակար են, իսկ դասավանդման ընթացքը շատ հաճելի էր: Կցանկանայի ապագայում աշխատել որպես թարգմանիչ»,- ասաց նա:
Օքսֆորդի համալսարանի ուսանող Ռոսինա Էլիզաբեթ Վայթ Բելչերն էլ նշեց, որ ռուսաց լեզուն իր համար շատ տարբերվող և գեղեցիկ լեզու է, իսկ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն ընտրել է այն պատճառով, որ այստեղ լեզվի դասընթացները բավական ինտենսիվ են։
«Ինձ գրավում է ստեղծագործական կյանքը․ սիրում եմ և՛ գրականություն, և՛ լրագրություն, կատարում եմ թարգմանություններ, հետևաբար՝ այն ոլորտները, որտեղ կարող եմ ինքնադրսևորվել, բավական շատ են»,- մատնանշեց Օքսֆորդի համալսարանի ուսանողը:
Հավաստագրի արժանացավ նաև Քեմբրիջի համալսարանի ուսանող Ջեյքոբ Վիլլեմ Հենդրիկ Դե Մոլ Վան Օթերլուն, որը չկարողացավ ներկա լինել հավաստագրերի հանձնման արարողությանը՝ Մեծ Բրիտանիայում արդեն իսկ աշխատանքի անցնելու պատճառով: