- Գլխավոր
- Նորություններ
- «Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը»․ ուսանող Սաթի Թադևոսյան
Մարտ 27, 2025 | 14:35
Կրթություն
Ուսանողական
«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը»․ ուսանող Սաթի Թադևոսյան
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Սաթի Թադևոսյանը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող է։ Նա համոզված է, որ տվյալագիտությունը կարող է տարբեր ոլորտներում նորարարությունների ու արդյունավետ որոշումների կայացման լայն հնարավորություններ ստեղծել: Բազմաթիվ մրցույթների մասնակից Սաթին իր հաղթանակների գրավական է համարում ԵՊՀ-ում ստացած կրթությունը և Բիզնես ինկուբատորում գաղափարների իրագործման հնարավորությունը, որոնք եղել են իր մասնագիտական զարգացման հիմնաքարերը։

ԵՊՀ ուսանող Սաթի Թադևոսյանը նախ ընդունվել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ապա շարունակել ուսումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ Ուսման ամենահետաքրքիր դրվագները նա կապում է թիմային աշխատանքի, համատեղ նախագծերի ու դժվարին իրավիճակներից միասին դուրս գալու փորձառությունների հետ, որոնք ոչ միայն նպաստել են իր մասնագիտական աճին, այլև ամրապնդել անձնական կապերը և թիմային ոգին։
«Այդ պահերը իսկապես առանձնահատուկ են, և հաճելի է, երբ կարողանում ենք դժվարին ու խրթին իրավիճակներից դուրս գալ ժպիտով ու թիմային ուժեղ ոգով»,- նշում է նա։
ԵՊՀ ուսանող Սաթի Թադևոսյանի հետ զրուցել ենք նրա կրթական ճանապարհի, մասնագիտական զարգացման, փորձառությունների, ԵՊՀ բիզնես ինկուբատորում ստացած գիտելիքների, թիմային աշխատանքի կարևորության և մի շարք այլ հարցերի մասին։
- Սաթի՛, այժմ Դուք սովորում եք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսում։ Ինչո՞ւ որոշեցիք շարունակել կրթությունը հենց այս կրթական ծրագրում։
- Միշտ ձգտել եմ խորացնել գիտելիքներս և կիրառել դրանք իրական խնդիրների լուծման համար։ Բակալավրիատի կրթական ծրագիրն ավարտելուց հետո համոզվեցի, որ տվյալների վերլուծությունն ու մոդելավորումը կարող են էական փոփոխություններ բերել բիզնեսի և ֆինանսների ոլորտներում՝ որոշումների կայացման գործընթացը դարձնելով առավել հիմնավորված ու արդյունավետ։ Ուսումնասիրելով մագիստրոսական տարբեր ծրագրեր՝ հասկացա, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագիրը համապատասխանում է իմ ակադեմիական ու մասնագիտական նպատակներին։ Այն ընդգրկում է ինչպես տեսական հիմնավորումներ, այնպես էլ գործնական կիրառություններ, ինչը շատ կարևոր է ինձ համար։ Ուսումնառելով այս ծրագրում՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել․ այն ոչ միայն ապահովում է խորացված գիտելիքներ, այլև հնարավորություն է տալիս աշխատելու իրական նախագծերի վրա և զարգացնելու իմ հմտությունները տվյալագիտության ու բիզնեսի ոլորտներում։

- Որպես ԵՊՀ ուսանող ի՞նչն եք կարևորում կրթության մեջ։
- Կրթությունն ինձ համար առաջին հերթին զարգացման և նոր հնարավորությունների բացահայտման միջոց է։ Կրթական լավ միջավայրը պետք է խթանի ինքնակրթությունը, հետազոտական հետաքրքրասիրությունը և թիմային համագործակցությունը, քանի որ հաջողությունը միայն անհատական ջանքերով չի սահմանափակվում։ ԵՊՀ-ն մեծ ազդեցություն է ունեցել իմ հաջողությունների վրա՝ ապահովելով ոչ միայն որակյալ կրթություն, այլև հնարավորություն ընձեռելով ներգրավվելու գիտական և գործնական նախագծերում։ Համալսարանը դարձել է միջավայր, որտեղ ձեռք եմ բերել գործակցային արժեքավոր կապեր, լավ ընկերներ, որոնք հետագայում դարձան նաև գործընկերներ և մինչ օրս կարևոր դեր ունեն իմ կարիերայում։ ԵՊՀ-ն ինձ տվել է մրցույթներին մասնակցելու մեծ փորձ՝ սովորեցնելով վստահորեն, հստակ ու համոզիչ ներկայացնել գաղափարներս և արդյունավետ պաշտպանել դրանք պրոֆեսիոնալ միջավայրում։
- Սաթի՛, կպատմե՞ք՝ ինչ աշխատանքներ եք կատարել ԵՊՀ բիզնես ինկուբատորում, և ինչ գաղափարներ են իրականություն դարձել այդտեղ։
- Մեր թիմը (թիմի անդամներ՝ Անի Բադասյան, Սարգիս Պետրոսյան, որոնք ինձ հետ սովորում են «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում, Հասմիկ Ղամբարյան (ՀՊՏՀ) և Նվեր Խաչատրյան (IU International University of Applied Sciences)) այս պահին աշխատում է Բիզնես ինկուբատորի շրջանակում ստեղծված գաղափարի շուրջ՝ մշակելու հարմարավետ ու արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետին արագ ու հարմար հաշվարկելու և ցուցադրելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության առանցքային ցուցանիշները (KPIs): Այս լուծումը կլինի անհրաժեշտ գործիք կառավարման գործունեության արդյունավետության գնահատման և հետագա բարելավման համար։ Առանձնահատուկ շեշտեմ, որ ԵՊՀ բիզնես ինկուբատորը մեզ տրամադրել է ոչ միայն անհրաժեշտ ռեսուրսներ, այլև պրակտիկ աջակցություն և խորհրդատվություն՝ գաղափարը կյանքի կոչելու համար։ Այդ աջակցությունն ու գործնական փորձը մեծապես նպաստել են նախագծի զարգացմանը, և հնարավորություն ենք ունեցել մշակելու լուծում, որը ոչ միայն տեխնոլոգիական է, այլև ունի գործնական կիրառություն բիզնեսի և կառավարման ոլորտներում։
- Դուք նաև մի շարք մրցույթների մասնակից եք։ Կպատմե՞ք Ձեր փորձառության և հաջողությունների մասին։
- Մրցույթները և փորձը ոչ միայն զարգացրել են իմ մասնագիտական հմտությունները, այլև օգնել ինձ ստեղծելու արժեքավոր կապեր և նոր հնարավորություններ։ Մասնակցել եմ «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին (ISTC, USAID), և մենք մեր՝ «Finovate» թիմով 24 ժամվա ընթացքում աշխատել ենք կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ օգտագործելով տվյալներ։ Դա մեր առաջին հաքաթոնն էր, որը շատ ոգևորիչ ու մեծ փորձ էր։ Նույն թիմով մասնակցել ենք «Գաղափարից մինչև բիզնես» ԲՏԱ նախարարության հաքաթոնին, որը տեղի է ունեցել Ծաղկաձորում։ Մենք երկու օրում ոչ միայն ստեղծել ենք գաղափար, այլև մշակել ենք իրական ժամանակում վնասված մշակաբույսերը հայտնաբերող հավելված՝ դրոնների և սենսորների միջոցով (մանրամասները՝ այստեղ)։

2024 թվականին «Ինեկոբանկը քո կողքին» ծրագրին մասնակցած ավելի քան 1000 ուսանողներից հաղթող ճանաչված 12 մասնակիցներից մեկը ես էի։ Նախնական փուլում ընտրվել էին 36 ուսանողներ, որոնք 2-3 շաբաթ աշխատել էին նախագծերի շուրջ։ Մրցույթի արդյունքում հաղթող ուսանողները ստացել են ուսման վարձավճարների փոխհատուցում կամ արտերկրում ֆինանսավորվող պրակտիկայի և բանկում փորձնակության հնարավորություններ։ Մյուս մրցույթը, որին մասնակցել եմ, Ամերիաբանկի և «VISA»-ի գործակցությամբ կազմակերպված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթն էր, որի արդյունքում ընդգրկվեցի 3800 մասնակից ուսանողներից ընտրված լավագույն 160 կրթաթոշակառուների շարքում։ Բարձր արդյունքներ գրանցելով թե՛ թեստային, թե՛ նախագծի գաղափար ներկայացնելու փուլերում, ինչպես նաև անցնելով լրացուցիչ փուլը՝ դարձա 10 հաղթողներից մեկը, որոնք կմասնակցեն Բերքլիի համալսարանի կարճաժամկետ կրթական ծրագրին։
Վերջին մրցույթին մասնակցելու գաղափարը ձևավորվել է մի շարք ուսումնասիրություններ կատարելու արդյունքում, որոնց ընթացքում պարզ դարձավ, որ Երևանում բավական լուրջ է օդի աղտոտվածության խնդիրը։ Հաշվի առնելով այս խնդիրը՝ որոշեցի ներկայացնել նախագիծ, որով առաջարկում էի տրանսպորտային կանգառները վերածել «կանաչ» կանգառների, ինչը կօգներ նվազեցնելու օդի աղտոտվածությունը։ Ընտրել էի հենց այս թեման, քանի որ, իմ կարծիքով, այն կլուծեր մեծ խնդիր, որը վերաբերում է բոլորիս և կարևոր է մեր կյանքի որակի համար։ Նշեմ, որ Բիզնես ինկուբատորում տարբեր նախագծերի շրջանակում աշխատելը մեծ դեր է ունեցել ինձ համար և նպաստել է իմ մասնագիտական աճին՝ սկսած թիմում աշխատելու հմտությունների զարգացումից մինչև նախագծերի արդյունավետ կառավարում։
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորն առաջարկում է «Mini MBA» ծրագիրը, որը հնարավորություն կտա խորապես ընկալելու, թե ինչպես գիտելիքները կարող են վերածվել իրական ու հաջողակ բիզնեսի, որում միախառնված են նորարարությունը, հետազոտություններն ու բիզնես հմտությունները։ Մանրամասները՝ հղումով։

- Ինչպես նշեցիք, Ձեր հաջողություններում իր յուրօրինակ տեղն ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը։ Ի՞նչ տվեց այն Ձեզ և ի՞նչ է շարունակում տալ այսօր։
- Փորձը ցույց է տալիս, որ այն օգնեց ինձ կառուցվածքային մոտեցմամբ ներկայացնել գաղափարներս, գնահատել դրանց կենսունակությունն ու ազդեցությունը։ Հատկապես արժեքավոր էին նորարարական լուծումներ գտնելու հմտությունների զարգացումը և ներդրումային առաջարկներ պատրաստելու փորձը, որոնք էլ նպաստեցին իմ հաղթանակներին։
ԵՊՀ բիզնես ինկուբատորը մեզ տվեց կարևոր հմտություններ և փորձ թիմային աշխատանքի, ստեղծարարության և բիզնես գաղափարների զարգացման գործում։ Այն աջակցում է մեր մասնագիտական աճին՝ տրամադրելով ռեսուրսներ, մասնագիտական խորհրդատվություն և նորարարական լուծումներ։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն է՝ մուտք գործելու նոր շուկաներ և բարելավելու մեր գաղափարները իրական աշխարհում։
- Սաթի՛, ի՞նչ նախասիրություններ ունեք և ինչո՞վ եք զբաղվում ներկայում։ Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
- Աշխատել եմ ֆինանսաբանկային ոլորտում՝ ռիսկերի կառավարման և վերահսկման բաժնում, որտեղ հաջողությամբ կիրառել եմ մագիստրատուրայում ձեռք բերած գիտելիքներս։ Արդեն երկու տարի է, ինչ որպես ուսուցիչ աշխատում եմ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում՝ դասավանդելով ծրագրավորում և ինֆորմատիկա։ Ամենակարևորը, որ իմ՝ տարբեր ոլորտներում ստացած փորձը շարունակաբար նպաստում է իմ մասնագիտական զարգացմանը և ինձ տալիս նոր մոտեցումներ ու գաղափարներ։
Այս պահին մտածում եմ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու մասին՝ զուգահեռաբար դիտարկելով նաև արտերկրում ուսումնառելու տարբերակներ։ Ամեն դեպքում, ինչ էլ որ անեմ, ուսման գործընթացը միշտ էլ լինելու է իմ կյանքի անբաժան մասերից մեկը, քանի որ կրթությունը ստեղծում է նոր հնարավորություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական զարգացման համար։