- Գլխավոր
- Նորություններ
- «ԱԲԵՂՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 29, 2018 | 15:02
Գիտություն
«ԱԲԵՂՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՈՒՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական միջոցառումը:
Տեղեկացնենք, որ այն թվով երրորդ գիտաժողովն է, որը նվիրված է ականավոր հայագետ, գիտնական, լեզվաբան և գրականագետ Մանուկ Աբեղյանին:
Միջոցառումը կազմակերպվել էր Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և հայոց լեզվի ամբիոնների կողմից:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ՎՊՀ պրոֆեսոր, լեզվաբան Թերեզա Շահվերդյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ Տորք Դալալյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Միջոցառումը մեկնարկեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի ողջույնի խոսքով: Կարևորելով ականավոր գիտնականի գրական վաստակը՝ դեկանը նշեց, որ այս զեկուցումները մեկ անգամ ևս փաստելու են Աբեղյանի ունեցած մեծագույն ավանդը հայ լեզվաբանական մտքի զարգացման մեջ:
Լեզվաբան Թերեզա Շահվերդյանը նկատեց, որ ավանդական դարձած աբեղյանական ընթերցումները Հայ բանասիրության ֆակուլտետում նշվում են հավուր պատշաճի:
Լեզվաբանը հանդես եկավ «Մակբայները միջին հայերենում» զեկուցմամբ:
Վատառողջ լինելու պատճառով միջոցառմանը ներկա չէր Մանուկ Աբեղյանի թոռնուհին՝ Հասմիկ Աբեղյանը, սակայն վերջինիս ողջույնի խոսքն ընթերցեց Աննա Աբաջյանը. «Աբեղյան տոհմի ժառանգի իրավունքով՝ողջունում եմ բոլոր մասնակիցներին. ես շատ երջանիկ եմ, որ պապս իր գիտական վաստակի շնորհիվ մինչև օրս գնահատվում է ըստ արժանվույն»:
Առաջին զեկուցումը կարդաց Աննա Աբաջյանը: Վերջինս ներկայացրեց Մանուկ Աբեղյանի ունեցած ավանդը բառարանագրության մեջ. «Լինելով հայերենի բոլոր դրսևորումների անըստգյուտ մասնագետ, բազմադարյա հայ մշակույթի լավագույն գիտակ՝ Մանուկ Աբեղյանն իրավամբ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել օտար բառերի թարգմանության հարցերում: Մանուկ Աբեղյանը, կենդանացնելով մատենագրության մեջ վաղուց արդեն մեռած բառերը, ինչպես նաև ստեղծելով նորերը, կատարելապես տիրապետել է հայ բառարանագրության օրինաչափություններին»:
Զեկուցումներով հանդես եկան Տորք Դալալյանը, ինչպես նաև Հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը, Գոհար Բաղրամյանը, Վանո Եղիազարյանը,Գայանե Մկրտչյանը, Սամվել Մուրադյանը, Հայկ Համբարձումյանը, Ալվարդ Խաչատրյանը, Լուսինե Վարդանյանը, Նվարդ Վարդանյանը, Լիլիթ Պետրոսյանը:
Գիտաժողովի ընթացքում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին զեկուցողներին:
«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական երրորդ գիտաժողովն ավարտվեց նույնանուն գրքի շնորհանդեսով:
Անգին Խաչատրյան