- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍՕՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՊՈԵՏԻ ՄԵԾ ՍԵՐԸ՝ ԱՐՓԵՆԻԿ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ
Մարտ 13, 2019 | 15:29
ԱՅՍՕՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՊՈԵՏԻ ՄԵԾ ՍԵՐԸ՝ ԱՐՓԵՆԻԿ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ
Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն արկածների, խենթ ու խելառ պատմությունների մեջ կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծը խորը և մնայուն զգացմունք է ունեցել, որին նա այդպես էլ չի մոռացել և որի անունով կոչել է իր անդրանիկ դստերը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:
Արփենիկ Տեր-Աստվածատուրյանը ծնվել է 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը եկել է Երևան և աշխատանքի անցել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան կոմիտեի որբանոցին կից դպրոցում:
Հենց այստեղ էլ հանդիպել են Չարենցն ու Արփենիկը:
Չարենցն ուսուցիչ էր աշխատում նույն այդ դպրոցում:
Բացի բազում արժանիքներից՝ Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ գտնելով ընդհանուր շատ հետաքրքրություններ:
Շուտով՝ 1921-ի մայիսին, նրանք ամուսնանում են և իրար հետ մեկնում Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։
Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:
Մեծ է եղել Չարենցի զգացմունքն Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը մշտապես ներշնչանքի աղբյուր է եղել բանաստեղծի համար։
Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ խառնվածքի:
Արփենիկը միշտ հոգևոր նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:
Սակայն երկար չի տևել նրանց երջանկությունը:
1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել է Լենինգրադ, Չարենցի հետ կարճատև սիրային արկած է պատահել, որը, սակայն, վատ է ավարտվել նրա համար:
Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով վնասվածք է պատճառում Մարիաննային:
Դատական գործի քննության ընթացքում Հայաստանի կոմ. կուսակց. վերստուգող հանձնաժողովին ուղղված իր նամակում Չարենցը գրում է. «Я живу еще физически, но я труп. Я уже чувствую свое разложение. Я с ума схожу» («Ես դեռ ապրում եմ ֆիզիկապես, բայց ես դիակ եմ: Ես զգում եմ իմ քայքայումը: Ես խելագարվում եմ»):
Այսպիսով՝ Չարենցը «քրեական ծանր հանցանքի համար» հայտնվում է Երևանի Ուղղիչ տանը՝ իր համար մինչ այդ անծանոթ ու փակ աշխարհում, որի մասին, ըստ հեղինակի, «ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացություն չունի» (198):
Գրական հալածանքները և պաշտելի կնոջ հեռու լինելը բացասական ազդեցություն են ունենում Չարենցի վրա: Նա, ըստ էության, ճնշվում էր ամեն կողմից, և չկար այն հերոսը՝ սիրելի կինը, որ մխիթարեր նրան, հանգստացներ խաթարված հոգեկան անդորրը: Այս ամենի հետևանքով նա ենթագիտակցաբար բռնում է ինքնաոչնչացման ուղին:
Մոտ վեց ամիս անցկացնելով բանտում՝ Չարենցը հոգեկան ընդհանուր վիճակի բարդացման համար վաղաժամկետ ազատվում է կալանքից: Ուղղիչ տնից դուրս գալուց հետո Չարենցը մեկնում է Հյուսիսային Կովկաս՝ Մայկոպ, որտեղ ապրում էին մայրը, եղբայրները, քույրը: Այստեղ էլ նա հիշողությամբ գրի է առնում երևանյան այդ զարմանալի անկյան մասին իր ստացած տպավորություններն ու դեռ չխամրած հուշերը:
1927 թվականին, սկզբում Թիֆլիսի «Մարտակոչ» լրագրում՝ թերթոններով, ապա առանձին գրքով, դարձյալ Թիֆլիսում («Զակկնիգա» հրատարակչություն), տպագրվեց Չարենցի արձակի երկրորդ ծավալուն կտավը՝ «Հիշողություններ Երևանի Ուղղիչ տնից»: Հետագայում այս վիպակը հրատարակվեց «Երևանի Ուղղիչ տնից» վերնագրով:
Դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը:
Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է:
Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար:
Արփենիկին թաղում են Երևանի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):
Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում գրողը հոգեկան ծանր վիճակում էր: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է՝ չթողնելով, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։
Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրել է. «Դագաղը տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն. Չարենցի լացն էր …. Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում ….»։
Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում Չարենցը թողել է ինչ-որ ձեռագրեր. հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։
Թաղումից հետո՝ հաջորդ օրն իսկ, Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում՝ խարույկի մեջ, այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք 1924 թվականին սիրով բերել էր եվրոպական շրջագայությունից:
Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ պատրաստել էր Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ` դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։
Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջել է Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան և ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա. Չ.»:
Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա անվանել է Արփենիկ:
1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։
Անգին Խաչատրյան