- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ՄՈՍԿՎԱ՝ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլ 17, 2019 | 17:04
Գիտություն
ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ՄՈՍԿՎԱ՝ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի հուշահամալիրի՝ Յադ Վաշեմի հրավերով մարտի 23-ից ապրիլի 1-ն Իսրայելի Երուսաղեմ քաղաքում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը:
Նա մասնակցեց Յադ Վաշեմում գործող Հոլոքոստի ուսումնասիրման միջազգային ինստիտուտի դասընթացներին: Բազմաթիվ դասախոսությունների, գործնական աշխատանքների միջոցով ունկնդիրները ծանոթացան եվրոպական հրեության ոչնչացման փորձի՝ տարբեր կողմերին, այն դասավանդելու մեթոդներին, այց կազմակերպվեց նաև Յադ Վաշեմի արխիվներ, որտեղ հավաքագրվում և պահվում են թեմայի վերաբերյալ հարյուր հազարավոր վկայություններ ու փաստաթղթեր: Հատուկ արժանահիշատակ է Յադ Վաշեմ թանգարան այցելությունը, որին հատկացված նույնիսկ 6 ժամը բավարար չեղավ՝ ծանոթանալու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի պատմությանը:
Ծրագրում ընդգրկված էր նաև Ս. Մանուկյանի զեկուցումը, որը վերաբերում էր «Հայաստանում ցեղասպանագիտական հետազոտությունների և կրթության զարգացման վիճակին և հեռանկարներ»-ին, մասնավորապես ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտական բաժնի գործունեությանը:
Ս. Մանուկյանի մասնակցությունը ծրագրին հնարավոր դարձավ ռուսաստանյան «Հոլոքոստ» կենտրոնի և ԵՊՀ-ի աջակցության շնորհիվ:
Ապրիլի 2-ին Սուրեն Մանուկյանը Մոսկվայում՝ Ռուսական պետական հումանիտար համալսարանում, հանդես եկավ «Հասարակ մարդը և աննկարագրելի հանցագործությունը» թեմայով հանրային դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրեց տարբեր ցեղասպանությունների ժամանակ գործող շարքային հանցագործների ներգրավման պատճառները և տրամաբանությունը:
Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները Ռուսական պետական հումանիտար համալսարանում գործող Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի հետ: