- Գլխավոր
- Նորություններ
- ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱԶԳԻ «ՔՐԻՔԸ» ԴԱՐՁԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ
Փետրվար 13, 2019 | 13:31
Գիտություն
ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱԶԳԻ «ՔՐԻՔԸ» ԴԱՐՁԵԼ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ
Օսմանյան Կայսրությունից մազապուրծ եղած «Քրիք» մականունով հայ փախստականին անվանել են ժամանակին գաղտնի քաղաք համարվող Լոս Ալամոսի (Նյու Մեքսիկո նահանգ) լեգենդ, որտեղ մշակվել է ատոմային ռումբը:
Այս մասին գրում է «Ռուսարմինֆո» կայքը:
Ներսես «Քրիք» Քրիքորյանը ծնվել է 1921-ին գաղթի ճանապարհին, երբ նրա ծնողները փախչում էին Օսմանյան Թուրքիայից՝ փորձելով փրկվել Ցեղասպանությունից: Տղայի ծնունդից հետո Քրիքորյանների ընտանիքը կարողացավ ապաստան գտնել Կանադայում, իսկ երբ Ներեսը չորս տարեկան դարձավ, ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ և հաստատվեց Նիագարա Ֆոլսում:
Ապագա գիտնականի ծնողները կրթություն չունեին, սակայն անում էին ամեն հնարավորը, որպեսզի նրանց երեխաները գնան քոլեջ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ դառնան: Քոլեջը քիմիա մասնագիտությամբ ավարտելուց հետո Ներսեսը սկսել է աշխատել «Յունիոն քարբայդ» ընկերությունում, այնուհետև մշտական աշխատանք է ստացել Լոս Ալամոսում, որտեղ էլ ստացել է «Քրիք» մականունը:
1943-ին Քրիքորյանը ներառվել է հայտնի «Մանհեթենյան ծրագրում» (ԱՄՆ ատոմային ռումբի մշակման կոդային անվանումը): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա աշխատել է ջերմատոմային հրթիռների վրա և գլխավորել է Լոս Ալամոսի լաբորատորիայի բաժիններից մեկը:
Իր հարցազրույցներում Քրիքորյանը բազմիցս նշել է, որ Հերոսիմայի և Նագասակիի 1945-ի ատոմային ռմբակոծություններն այլևս չպետք է տեղի ունենան երկրի վրա:
1972 թ. Քրիքորյանին առաջարկում են միանալ ԱՄՆ նորաստեղծ հետախուզական բաժանմունքին: Նա՝ որպես վերլուծաբան, աշխատում էր հետախուզական բյուրոյում, քանի որ տիրապետում էր հայերենին ու ռուսերենին:
Ներսես Քրիքորյանը թոշակի է անցել 1991-ին, սակայն մինչև մահը՝ 2017 թվականը, շարունակել է զբաղվել գիտությամբ:
Իր ողջ կյանքի ընթացքում գիտնականը չի մոռացել իր հայկական արմատների մասին: 1990-ականներին նա մի քանի անգամ այցելել է Հայաստան:
Նադեժդա Տեր-Աբրահամյան