- Գլխավոր
- Նորություններ
- ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ
Ապրիլ 01, 2019 | 13:27
Հասարակություն
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԻԿ
Դեռևս հին ժամանակներում մարդիկ, չկարողանալով հասկանալ բնության շատ երևույթներ՝ կայծակ, ջրհեղեղ, երկրաշարժ, հորինում էին գերբնական բացատրություններ:
Հենց այսպես ծնվեցին առաջին աստվածները, որոնք, ըստ մարդկանց, հպարտորեն վերահսկում էին ամեն ինչ:
Վերջին հազարամյակների ընթացքում աստվածների գործունեությանն ավելացավ մի նոր գործառույթ՝ նրանք դարձան դատավորներ, որոնք պատժում էին մարդկանց հանցագործությունների համար՝ դրանով նպաստելով հասարակության բարոյական նորմերի պահպանմանը:
Իհարկե, դա տեղի ունեցավ հասարակության զարգացմանը զուգահեռ, և գիտնականները մինչև այժմ վիճում են, թե որն է ավելի վաղ ծագել՝ հավատը բոլորին տեսնող և խստորեն պատժող աստվածների նկատմամբ, թե մարդկանց մեծ խմբերը, որոնք սոցիալական բարդ կառույցի ներքո միասին ապրում էին:
Այս հարցի պատասխանը փորձել են գտնել Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգներն ու մարդաբանները, որոնք ուսումնասիրել են մի քանի հարյուր հնագույն համայնքների հավատալիքները:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ պատժիչ վարքով «բարոյական աստվածները» հայտնվել են այն ժամանակ, երբ մարդիկ արդեն շատ էին և որոշակի միավորող ուժի կարիք ունեին:
Այդ ուժը, իհարկե, ուներ գերբնական ծագում, այսինքն՝ կարող էր վերահսկել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց:
Այն օգնեց միավորել մեկուսացած, միմյանց անծանոթ մարդկանց՝ հանուն համատեղ արդյունավետ աշխատանքի և հասարակական շահի:
Վրեժխնդիր եղող Աստվածներ
Հին աշխարհի աստվածները չափազանց դաժան և վրեժխնդիր էին, որոնք խիստ պատժում էին անգամ ամենափոքր հանցանքի համար:
Դրանով նրանք զարմանալիորեն տարբերվում են ժամանակակից կրոնների աստվածներից, որոնք ողորմած են և ներողամիտ:
Համոզվելու համար բավական է հիշել Հին Կտակարանը: Եթե հավատանք այս սուրբ գրքին, ապա հրեաների խիստ Աստվածը կանոնավոր կերպով կազմակերպում էր մեղք գործածների զանգվածային ոչնչացում՝ ծծմբի և կրակի անձրևի միջոցով, որից ողջ էր մնում միայն մեկ բարեպաշտ ընտանիք:
Բացահայտելու համար, թե երբվանից և ինչ պատճառով աստվածները դարձան դատավորներ, Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 414 հնագույն համայնք, որոնք ապրել են աշխարհի 30 տարբեր շրջաններում վերջին 10 հազար տարվա ընթացքում:
Յուրաքանչյուր համայնք գնահատվել է 51 միավորով՝ ըստ սոցիալական կառուցվածքի բարդության (ամենամեծ բնակավայրի չափը, վարքագծի գրավոր կանոնադրության առկայությունը և այլն), ինչպես նաև ըստ գերբնական ուժերի նկատմամբ հավատքի չորս նշանների՝ ներառյալ նաև այն հանգամանքը, թե արդյոք մարդիկ հավատացել են պատժող աստվածներին:
Պարզվեց, որ մեզ հայտնի առաջին կրոնը, որտեղ աստվածները մարմնավորել են ոչ միայն բնության ուժերին, այլև զբաղվել են բարոյական արժեքների պահպանմամբ, տարածված է եղել Հին Եգիպտոսում, իսկ այդ աստվածները հին եգիպտական աստվածներն էին:
Դժբախտ անհատը խախտում է հասարակության էթիկան
Մ.թ.ա. 2800 թ. բարձրագույն Աստված Ռա-Արևն ունեցել է դուստր՝ Մաատ անունով, որի անունը թարգմանաբար նշանակում է «ճշմարտություն», «կարգ»:
Մաատը եղել է արդարության աստվածուհին, որը ձևավորել է հին եգիպտացիների օրենսգիրքը՝ նպաստելով հասարակության մեջ էթիկայի վերաբերյալ գաղափարների զարգացմանը:
Ընդունված էր համարել, որ անձը, այլ կերպ վարվելով, խախտում է ներդաշնակությունը՝ դժբախտացնելով թե՛ իրեն և թե՛ իր շրջապատում գտնվող մարդկանց:
Այդ պատճառով Մաատի կանոնների պահպանումն առաջնային խնդիր էր հասարակության համար:
Այնուհետև մ.թ.ա. առաջին հազարամյակում սկսվեց կրոնների ակտիվ զարգացումը՝ միավորելով միանգամից մի քանի պետություններ մեկ միասնական բարոյական օրենսգրքի ներքո:
Ներկայացնելով «BBC» կայքի նյութը՝ թեմայի մասին հայ հասարակությանն առնչվող մեկնաբանություններ է տվել ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Պարգև Բարսեղյանը:
Վախը կրոնական զգացմունք է
Կրոնական և դիցաբանական բարոյականության պատկերացումների չափանիշներն ու նորմերը տարբեր են:
Հեթանոս հայի բարոյական ընկալումներն այլ են, քրիստոնյա հայինը՝ բոլորովին այլ:
Դիցաբանական աշխարհընկալումների մեջ առաքինությունը, օրենքը, կարգուկանոնը դրսևորվում են խորհրդանիշների՝ աստվածությունների տեսքով:
Կրոնի դրսևորման ամենահին ձևերում մենք կարող ենք տեսնել երևույթի պաշտամունքային ձևավորումը, որը հաճախ տեղի է ունենում վախի ազդեցությամբ:
Վախը՝ որպես զգացմունք, կրոնական է և կարող է պատճառ դառնալ որոշակի պատկերացումների ձևավորման համար:
Կայծակից մարդիկ մահանում էին, արդյունքում ձևավորվում էր վախ կայծակի նկատմամբ, որը մարդու մոտ ծնում էր հարգանք, երկրպագություն, ինչն էլ հետագայում վերածվում էր պաշտամունքի:
Դիցաբանության շրջանում ձևավորված ավանդությունները երբեմն նույնիսկ անտրամաբանական էին, բայց կարող էին չափանիշ և նորմ դառնալ տվյալ հասարակության համար:
Խոսելով հայ հեթանոսական իրականության մասին՝ կարելի է ասել, որ մենք առանձին-առանձին ընդգծված բարոյականության նորմեր և չափանիշներ չենք ունեցել, բայց մեզ հայտնի դիցաբանական կերպարների վերլուծությունը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե հեթանոս հայի համար ինչն է կարևորվել, և ինչ նորմերով է նա առաջնորդվել:
Հեթանոս հայերի հին աստվածները
Հեթանոս հայ հասարակության մեջ ամենամեծ տարածում ունեցող աստվածուհին Անահիտն էր:
Անահիտի մեջ խտացված էր հայ կնոջ, մոր կերպարը՝ ներկայացնելով մայրությունը, պտղաբերությունը, ծնելիությունը, ծննդաբերությունը՝ որպես մեկ ամբողջություն:
Հայ պատմիչ Ագաթանգեղոսն Անահիտին անվանում էր Հայոց մեծ տիկին:
Փաստերը վկայում են այն մասին, որ մայր աստվածուհու կերպարը հայ իրականության մեջ ամենատարածվածն է եղել:
Այն կապված է ինչպես երկրագործական պաշտամունքի, այնպես էլ ընտանիքի մոդելի վերաբերյալ պատկերացումների հետ:
Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք գործ ունենք հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հասարակության հետ, ուստի պտղաբերության խորհրդանիշը նույնպես շատ է կարևորվում:
Հայ հասարակության մեջ հեթանոս աստվածների ցանկում կարևորվում էր Միհր աստծո դերը, որը, բացի արևի աստվածը լինելուց, նաև արդարության, ուխտապահության աստվածն էր:
Երկու հեթանոս հայ իրար հետ պայման կապելիս երդվում էին Միհր աստծո անունով, որ պայմանը չի խախտվելու: Այստեղից էլ ծագել է արևով երդվելու սովորությունը:
Պետք է նշել, որ պայմանավորվածությունները պահելն ու կիրառելը հասարակության զարգացման հիմքերից մեկն են, և եթե հասարակությունը ստեղծել է մի կերպար, որը պատժում է խոստումը չկատարողին, ուրեմն այդ հասարակությունն ունի բարոյականության, առաքինության բարձր դրսևորումներ:
Միհրը բարոյականության այն բարձր չափանիշն էր, որը խորհրդանշում էր արդարությունը, և նա մեզ հանդիպում է նաև մեր էպոսում՝ փոքր Մհերի տեսքով:
Հասարակական հարաբերությունների մեկ այլ դրսևորման կերպար էր հյուրընկալության աստված Վանատուրը:
«Վանատուր» բառացի նշանակում է տուն, օթևան տվող:
Վանատուրն օտարականներին տուն, հագուստ, սնունդ տվող աստվածն էր: Այս կերպարը յուրահատուկ է նրանով, որ նրա մեջ խտացված են հայ հասարակության պատկերացումները մարդուն օգնության ձեռք մեկնելու մասին:
Հարցրեք ցանկացած օտարերկրացու, թե ինչպիսի ազգ են հայերը, և նրանք առաջին հերթին կնշեն հայերի՝ հյուրընկալ ազգ լինելու մասին:
Անի Պողոսյան