- Գլխավոր
- Նորություններ
- ԼԵԶՈՒՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԵՏՔ Է ՀԱՃՈՒՅՔՈՎ ՍՈՎՈՐԵԼ
Փետրվար 25, 2019 | 14:11
Հասարակություն
ԼԵԶՈՒՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԵՏՔ Է ՀԱՃՈՒՅՔՈՎ ՍՈՎՈՐԵԼ
21-րդ դարում նոր լեզուներ սովորելը դարձել է անհրաժեշտություն: Շատերը կարծում են, որ նոր լեզու սովորելը բարդ է և տանջալի:
Վերհիշելով տարիներ շարունակ նույն գրքերի վրա անցկացրած անքուն գիշերները՝ շատերը փշաքաղվում են, չէ՞ որ անվերջ թվացող անկանոն բայերը, ժամանակաձևերը, կանոններն ու բացառությունները դարձել են վատ երազի պես մի բան:
Մարդկանց հիացնում են պոլիգլոտները՝ մի քանի լեզուների վարժ տիրապետող կիսաստվածները:
Համաժամանակյա թարգմանիչ Լիդիա Մախովան «TED» հիմնադրամի համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նոր լեզու սովորելու գաղտնիքների մասին:
Նա պոլիգլոտ է և, ինչպես պատմում է իր ելույթի ընթացքում, սիրում է նոր լեզու սովորել և դա անում է յուրաքանչյուր երկու տարին մեկ:
Այժմ նա տիրապետում է 9 լեզվի: «Երբ մարդիկ իմանում են, որ ես տիրապետում եմ 9 լեզվի, զարմացած հարցնում են, թե որն է լեզուների իմացության իմ գաղտնիքը: Երկար տարիներ պատասխանում էի, որ ես ուղղակի սիրում եմ լեզու սովորել»,- պատմում է Լիդիան:
Այդպիսի պատասխանը, բնականաբար, չէր գոհացնում մարդկանց, և Լիդիան որոշեց խորհրդակցել իր նման պոլիգլոտների հետ՝ հասկանալու, թե որն է գաղտնիքը:
Խոսելով տարբեր պոլիգլոտների հետ՝ նա պարզեց, որ մեկը սկսում է ուսումնասիրվող լեզվի հնչյուններն ընդօրինակելուց, մյուսը սերտում է քերականությունը:
Լիդիան պատմում է իռլանդացի Բեննիի մասին, որը 11 տարի դպրոցում փորձել է սովորել իռլանդոգելյան լեզուն և 5 տարի տառապել է գերմաներեն ուսումնասիրելիս: Դպրոցն ավարտելիս նա չէր կարողանում սովորել այդ լեզուներով: 21 տարեկանում Բեննին բացահայտեց իր համար լավագույն մեթոդը՝ շփումը լեզվակրի հետ հենց առաջին օրվանից: Չվախենալով սխալվելուց՝ նա գրանցում է հիանալի արդյունքներ:
Բրազիլացի Լուկասը դասարանում ամենավատ աշակերտն էր, 10 տարվա փորձից հետո նրա այդպես էլ չէր կարողանում անգլերեն սովորել: Ընկերները նրան ծաղրում էին: 10 տարի անց նա խոսում է 11 լեզվով:
Լուկասն ունի լեզու սովորելու շատ հետաքրքիր մեթոդ: Ենթադրենք՝ նա ուզում է սովորել ռուսերեն: «Skype»-ով կապ հաստատելով ռուսախոսների հետ՝ Լուկասը համացանցում գտնում է ողջունելու ձևը, այն պատճենում և ուղարկում զրուցակցին: Երբ նա պատասխանում է, այդ պատասխանն ուղարկում է մեկ այլ զրուցակցի: Եվ այդպես շարունակ: Շատ կարճ ժամանակում նա սերտում է խոսակցական ամենակարևոր արտահայտությունները:
Լսելով տարբեր մեթոդների մասին՝ Լիդիան հասկանում է, որ պոլիգլոտների համար ընդհանուր է մեկ բան. նրանք գտել են սովորելու ընթացքից հաճույք ստանալու ձևը:
Ըստ Լիդիայի՝ բոլոր պոլիգլոտներն այնպես էին պատմում իրենց մեթոդների մասին, կարծես թե դա զվարճանք լիներ:
Լիդիան պատմում է նաև, թե ինչպես է սովորել իսպաներեն և գերմաներեն:
Ձանձրալի համարելով իսպաներենի դասագիրքը՝ նա որոշում է իսպաներենով կարդալ Հարի Փոթերի արկածների մասին գրքերը: Սկզբում, իհարկե, ոչինչ չի հասկանում, բայց կանգ չի առնում: Գրքի վերջում նա հասկանում էր պատումն առանց բարդության:
Իսկ գերմաներենի դեպքում օգնել է «Friends» հեռուստասերիալը: Լիդիան անկեղծանում է, որ սկզբում չէր տարբերում մի բառը մյուսից, իսկ երրորդ սեզոնից սկսեց հասկանալ կատակները:
Առանձնացնելով լեզուն սովորելու 4 սկզբունք՝ Լիդիան առաջնահերթ է համարում գործը հաճույքով անելը:
Երկրորդ սկզբունքը համապատասխան և արդյունավետ մեթոդ գտնելն է, այնպիսին, որը կհամապատասխանի սովորողի տեսակին:
Երրորդ սկզբունքը համակարգային ուսուցումն է: Պետք է անպայման գտնել ժամանակ լեզուն սովորելու համար: Քայլելիս, մեքենա վարելիս, տանը գործ անելիս կարելի է միացնել աուդիոգրքեր, և մեկ քայլ առաջ գնալ լեզու սովորելու համար: Այստեղ կարևոր է մշակել սովորելու ծրագիրը՝ հստակ օրերով ու ժամերով:
Լիդիան շատ կարևոր է համարում չորրորդ սկզբունքը՝ համբերությունը: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են երկու օրում վարժ տիրապետվել նոր լեզվի: Ըստ Լիդիայի՝ աննկարագրելի է փոքր հաղթանակների վայելքը:
Ամենամեծ շարժառիթը համարելով սեփական հաջողությունը՝ Լիդիան խորհուրդ է տալիս երբեք չնահանջել և երկրորդ հնարավորություն տալ լեզուներ սովորելուն, անգամ եթե նախորդ անգամ անհաջողություն է գրանցվել:
Մարի Ռաֆյան