- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ ԳԻՏԻ ԱՅՆ, ԻՆՉ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ. ԶՐՈՒՅՑ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ
Մարտ 22, 2019 | 17:51
Հասարակություն
ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ ԳԻՏԻ ԱՅՆ, ԻՆՉ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ. ԶՐՈՒՅՑ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը պատմում է քրիստոնեության, անգիտակցականի գիտակցման, մանկական տրավմաների և կյանքի զարգացման գործընթացի մասին:
Մի հայտնի խոսք կա՝ ի սկզբանե բանն էր, ես այն փոխել եմ, ի սկզբանե եղել է անգիտակցականը:
Մարդն ի սկզբանե անգիտակցական է եղել:
Գիտակցության ծագումը պետք է դիտարկել ինչպես ֆիլոգենեզում՝ մարդկության պատմական զարգացման մեջ, այնպես էլ օնտոգենեզում ՝ անհատական կյանքի զարգացման մեջ՝ ծնված պահից մինչև մահը:
Քրիստոնեության սկզբին են վերագրում ֆիլոգենեզում գիտակցության ծագումը:
Կարելի է ասել, որ այդ տեսակետից քրիստոնեությունն ապահովել է մարդու հոգեկանի զարգացման խորը գործընթացը: Քրիստոնեությունը մարդուն սահմանել է որպես գիտակից էակ:
Խոսքը ֆիլոգենեզիկ սիմվոլիկ դաշտի մասին է, որտեղ «սիմվոլիկ» չի նշանակում հեքիաթային կամ իրականության հետ կապ չունեցող:
Սիմվոլիկ գիտելիքը կոդավորված գիտելիքն է ամբողջի մասին՝ մարդու, բնության, տիեզերքի:
Սիմվոլիկ ձևով կարող է արտահայտվել նաև գիտակցությունը, դրա օրինակը քրիստոնեության մեջ արտահայտվում է «Խորհրդավոր ընթրիքի» երևույթի մեջ, մասնավորապես՝ խմեք գինին, այն իմ արյունն է (արյունը մեր ես-ի օրգանն է):
Գիտակցությունն էվոլյուցիայի շատ ուշ զարգացման մակարդակ է:
Ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ ենթագիտակցությունն այն շերտն է, որից այն կողմ ընկած է գիտակցությունը:
Անգիտակցականը շատ ավելի խորը շերտ է, քանի որ ինչ-որ բան անգիտակցականից կարող է դուրս գալ և մտնել ենթագիտակցականի կամ նախագիտակցականի շերտ և նոր անցնել գիտակցություն:
Ենթագիտակցությունը կարող ենք միջանկյալ շերտ համարել:
Մարդը չի կարող ամբողջ կյանքում ապրել՝ հիշելով իր անցած կյանքը: Դա ֆիզիկապես պարզապես հնարավոր չէ:
Դրա համար մեր հոգեկանն ունի բարիդրացիական դիրքորոշում՝ այն, ինչը մեզ անհանգստացնում է, մոռացության է ենթարկում: Այլ կերպ ասած՝ նկուղն է շպրտում և դռները փակում, որպեսզի մարդը կարողանա շարունակել ապրել:
Հակառակ դեպքում այդ տրավմաները մեզ պարզապես թույլ չեն տա ապրել: Մենք միշտ կենտրոնանալու ենք մեր կորուստների վրա:
Ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ անգիտակցականն արտամղված մանկական տրավմաներն են, արգելված ցանկությունները, մի խոսքով՝ այն ամենը, ինչը մարդը նկուղում է պահում և ոչ մեկին ցույց չի տալիս:
Գիտակցությունը սառցաբեկորի ընդամենը երևացող մասն է, մինչդեռ անգիտակցականը, իմ համոզմամբ, ամենաիմաստուն մասն է:
Գիտակցությունը մանուկ է, իսկ անգիտակցականը՝ իմաստուն ծերունի:
Մարդու կյանքի զարգացման իմաստն այն է, որ նա իր անգիտակցականի ողջ տեղեկատվությունը պետք է տեղափոխի գիտակցություն՝ վերծանի անգիտակցականը և գիտակցի այն: Անգիտակցականը գիտի այն, ինչ գիտակցությունը դժվարանում է հասկանալ:
Գիտակցության դերն իրականում չափազանցված է: Գիտակցությունը պարզապես պետք է փորձի դասդասել այն տեղեկատվությունը, որն առկա ենթագիտակցության մեջ, և քանի որ գիտակցականի հնարավորությունները սահմանափակ են, այն տեղեկատվությունն անգիտակցականից մաս-մաս է վերցնում՝ որոշակի չափաբաժնով: Այնքան, որ ինքն իրեն չվնասի:
Հենց նույն սկզբունքով կարող ենք ասել, որ ամեն մարդու կյանքում տրված է այնքան երջանկություն, որքան նա կարող է անպատիժ մարսել:
Մեր բոլոր հանճարեղ մտքերը, երազները ծագումով անգիտակցական են: Դրանցում չկան ժամանակ, տարիք:
Եթե փոքր տարիքում արգելված կոնֆետ եմ կերել և բռնվել, ապա ես կարմրել եմ: Մեծ տարիքում կոնֆետ ուտելիս էլի կարմրում եմ: Որովհետև այն, ինչ եղել է մի անգամ, անգիտակցականում մնում է միշտ:
Մարդը երբեմն մոռանում է փաստը, բայց փաստին ուղեկցող հույզը ղեկավարել նա չի կարողանում: Այն մնում է հավերժ:
Անգիտակցականի հետ շփման առողջ մոտեցումն այն է, որ մարդը պետք է անընդհատ փորձի իր ներքին զգացողությունները հասկանալ, այլ ոչ թե մոռանալ, ճնշել կամ արհամարհել դրանք:
Արհամարհելով անգիտակցականը՝ մենք այն ճնշում ենք, ինչի համար էլ անգիտակցականը մեզ պատժում է նևրոզի, վատ տրամադրության տեսքով:
Կարլ Յունգն ասում էր՝ եթե դու չես գնում դեպի անգիտակցական, ապա այն է գալիս քեզ ընդառաջ՝ նևրոզի տեսքով:
Իրական հոգեբանությունը հենց անգիտակցականի հոգեբանությունն է:
Անի Պողոսյան