- Գլխավոր
- Նորություններ
- ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՄԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունիս 28, 2019 | 10:33
Քաղաքականություն
ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՄԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցով նախատեսված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը և բնագիտական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մեկ և դոցենտի գիտական կոչում շնորհելու 6 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին:
Գիտական կոչումները հաստատելու համար կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկություն և կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Ռուբեն Աբրահամյանն ու Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողուհի Մանե Ալեքսանյանը:
Այնուհետև Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները՝ նշելով, որ ընտրություններ են տեղի ունեցել ԵՊՀ 18 ամբիոններում:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը զեկուցեց ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգում փոփոխություններ կատարելու մասին:
Կարգում իրականացրած փոփոխությունների համաձայն՝ հայցորդի (ասպիրան¬տի) ատենախոսության ղեկավարման համար լրավճար կտրամադրվի այն դեպքում, երբ հայցորդը կամ ասպիրանտը պաշտպանությունից առաջ վերջին երկու տարում առնվազն 20 ամիս աշխատել է ԵՊՀ-ում: 35 տարին չլրացած հայ¬ցորդի (ասպիրան¬տի) ատե¬նա¬¬խոսության պաշտպանու¬թյան դեպքում նույնպես թեկնածուական ատենախոսություն պաշտպա¬նող աշխատողին լրավճար կտրամադրվի, եթե նա պաշտպանությունից առաջ վերջին երկու տարում առնվազն 20 ամիս աշխատում է ԵՊՀ-ում:
Բացի դրանից՝ նշված աշխատանքները հաշվառելու համար ԵՊՀ հիմնական աշխատողը ԵՊՀ գիտական քաղաքականության վարչություն պետք է ներկայացնի ոչ միայն ատենախոսության սեղմագիրը, այլև ատենախոսությունը պաշտպանած հայցորդի (ասպիրանտի)՝ գիտությունների թեկնածուի դիպլոմի պատճենը և համապատասխան տեղեկանք ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնից:
Կարգի նոր խմբագրման համաձայն՝ լրավճար կստանան նաև այն դասախոսները, որոնք կդասախոսեն ԵՊՀ ուսուցման կառավարման համակարգի (e-learning.ysu.am) կիրառմամբ: Այդ աշխատանքի կատարման համար հատկացվող լրավճարները կվճարվեն, եթե նշված դասախոսությունները տեղադրվեն ԵՊՀ ուսուցման կառավարման համակարգում:
Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգում փոփոխություններ կատարելուն, որը ներկայացրեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը:
Փոփոխությունները հաստատելու դեպքում ԵՊՀ-ում կրթական ծրագրերի մոնիթորինգի ընդհանուր գործընթացն այսուհետ իրակա¬նացվելու է ուսումնական ստորաբաժան¬ման (ֆակուլտետ, կենտրո¬ն) մակար¬դակով։ Մոնիթորինգի խումբը բաղկացած է լինելու ոչ թե հինգ, այլ 7 անդամից: Խմբի ղեկավարը նշանակ¬վելու է տվյալ կրթական ծրագրի իրականացման համար առանցքային դերակա¬տարու¬թյուն ունեցող ամբիոնների վարիչներից կամ ծրագրի ղեկավարներից: Ռիսկային համարվող կրթական ծրագրերի մոնիթորինգի զեկույցները քննարկելու է գիտական խորհուրդը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԵՊՀ կրթական ծրագրի մոնիթորինգի ընթացակարգում և ժամանակացույցում, և ըստ այդմ՝ կարգից հանվել են 23-րդ, 24-րդ, 25-րդ կետերը, ինչպես նաև ընթացակարգի (հավելված 1) և ժամանակացույցի (հավելված 2) համապատասխան հատվածները:
Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ համալսարանի աշխատակիցները կստանան հիմնական աշխատավարձի 50 %-ի չափով պարգևավճար: Նա ասաց նաև, որ ժամավճարով աշխատող դասախոսների աշխատավարձերը կդառնան այնքան, որքան սահմանված է դրույքաչափի համար:
Անցնելով ընթացիկ հարցերին՝ գիտխորհուրդը որոշեց ստեղծել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի ուսումնական լաբորատորիա:
Բացի դրանից՝ միաձայն որոշվեց հրատարակության երաշխավորել Ս. Գասպարյանի, Շ. Պարոնյանի և Գ. Մուրադյանի «The Use and Abuse of Language in the Legal Domain» մենագրությունը, «Երևանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում 1988-1994 թթ․ (փաստաթղթերի և նյութերի ժողովածու)» և «Տարեգրություն Երևանի պետական համալսարանի» վերտառությամբ աշխատությունները, ինչպես նաև Արաբագիտության ամբիոնի արտաքին համատեղությամբ դասախոս Ռուբեն Կարապետյանի՝ «Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն» աշխատանքի 2-րդ լրամշակված տարբերակը ԿԳՄՍՆ-ին միջնորդել՝ որպես բուհական դասագիրք հաստատելու համար:
Նախքան հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքների հրապարակումը՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները քննարկեցին մի շարք հարցեր, որոնց լուծման համար Գեղամ Գևորգյանն առաջարկեց գրավոր առաջարկություններ ներկայացնել:
Նիստի ավարտին փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման բոլոր հայցերը հաստատվեցին:
Քնար Միսակյան