- Գլխավոր
- Նորություններ
- «ԳՈՎԱԶԴ ԵՎ PR». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»
Նոյեմբեր 26, 2018 | 16:49
Ուսանողական
«ԳՈՎԱԶԴ ԵՎ PR». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի ուսանողներն այսօր «Գովազդ և PR» դասընթացի շրջանակում ներկայացրին գովազդային նախագծերի սեփական օրինակները:
Գովազդային նախագծերի պատրաստման և իրականացման համար Սերվիսի բաժնի 4-րդ կուրսի 67 ուսանողները նախօրոք բաժանվել էին 4 խմբի: Խմբերից յուրաքանչյուրը ստացել էր առաջադրանք և իրականացրել գովազդ՝ սեփական միջոցներով:
Միջոցառմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը, Սերվիսի ամբիոնի դոցենտ Սեյրան Սուվարյանը, միջոցառման կազմակերպիչ Իրինա Սահակյանը:
Կենտրոնացնելով ուշադրությունը հայկական արմատներին՝ առաջին խումբը ստեղծել էր «ՀԱՅենի» տիկնիկներ: Խորհրդանշական էր ինչպես անվան, այնպես էլ գունային նրբերանգների ընտրությունը՝ որդան կարմիր, կանաչ. «Հայերն այդ գույները նախկինում օգտագործել են նկարչության մեջ»,- նշեցին խմբի անդամները:
Հայկական էր նաև երաժշտությունը. խումբն ընտրել էր Կոմիտասի «Շորորը»:
Տիկնիկների համար պատրաստված էին հատուկ տուփ և հեքիաթների գրքույկ. «Այս ամենի նպատակն է ամրապնդել մոր և երեխայի կապը»,- ընդգծեցին ուսանողները:
Երկրորդ խումբը ներկայացրեց սոցիալական գովազդ, որը շոշափում էր կախվածությունը տեխնոլոգիաներից՝ որպես դարի հիմնախնդիր:
Երրորդ խմբի ուշադրության կենտրոնում բնության պահպանումն էր:
«Մեր դասախոսները սովորեցնում են կայուն զարգացման հայեցակարգ, որի սկզբունքներն են սոցիալական արդարությունը, բնության պահպանումը, տնտեսական շահը»:
Գովազդի գլխավոր հերոսը փոքրիկ երեխա էր, որը կոչ էր անում մարդկանց մաքուր պահել բնությունը: «Այս երեխան յուրաքանչյուրիս մեջ ապրող փոքրիկն է»,-ամփոփեցին ուսանողները:
Իսկ վերջին՝ չորրորդ խմբի գովազդային նախագծի նպատակը հանրության ուշադրությունը կենտրոնացնելն էր:
Վերոնշյալ չորս գովազդները կոմերցիոն և ոչ կոմերցիոն ուղղվածություն ունեին, իսկ գովազդի ընկալման համար համադրված էին տեսողական և լսողական հնարքներ:
Անգին Խաչատրյան