- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ
Մայիս 29, 2019 | 15:30
Ուսանողական
ԵՊՀ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ
Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլով ԵՊՀ-ում հայտագրվել է գրեթե 2 հազար դիմորդ: Նրանցից շատերն առաջիկա մի քանի տարին սովորելու են ԵՊՀ-ում, ու լավ սովորելու, մոտիվանալու և ուսանելու ճիշտ ուղով առաջ գնալու համար նրանց իրենց խորհուրդներն են տալիս արդեն այդ ճանապարհն անցած՝ ԵՊՀ-ի այս տարվա շրջանավարտները։
«Կանգնած լինելով Մայր բուհն ավարտելու շեմին՝ այն երիտասարդներին, որոնք ցանկանում են իրենց ուսանողության չորս տարիներն անցկացնել ԵՊՀ-ում, միանշանակ խորհուրդ կտամ լսել իրենց սրտի ձայնը: Ձեր բոլոր նախասիրությունները, հետաքրքրությունների շրջանակն օգտագործեք՝ դառնալու լավ ու կարևոր մասնագետներ մեր երկրի համար: Հիշեք՝ ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, փորձեք միայն հաճույք ստանալ, ուսանողական տարիներին երբեք չհիասթափվել, իսկ հիասթափության դեպքում՝ չլճանալ ու չհուսախաբվել: Իսկ որպես արևելագետ՝ միանշանակ խորհուրդ կտամ ուսումնասիրել մեր պետության համար կարևորագույն, մարտավարական գիտակարգերից մեկը՝ արևելագիտությունը, մասնավորապես՝ իրանագիտություն»,- նշում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի շրջանավարտ Արեգ Բագրատյանը:
«Համալսարանում ուսումնառության 4 տարիների ընթացքում սովորել եմ գերազանց, ուսումնասիրել մասնագիտության բոլոր կողմերը, հարակից գիտությունները և հիմա, որպես շրջանավարտ, կարող եմ ասել, որ Մայր բուհը պատրաստակամ ուսանողին տալիս է որակյալ կրթություն, հետազոտական և պրակտիկ աշխատանքներ կատարելու հնարավորություն, միջազգային գործընկերների հետ համագործակցություն: Դիմորդներին խորհուրդ կտամ ընտրել հեռանկարային մասնագիտություն, պատվով հանձնել քննությունները, լավ սովորել ընտրած մասնագիտությունը: Համալսարանի ընձեռած յուրաքանչյուր ռեսուրս պետք է ծառայեցնել մասնագիտական աճին և մարդկային կատարելագործմանը։ Խորհուրդ կտամ նաև ակտիվ լինել ներհամալսարանական կյանքում և սեփական նախաձեռնություններով հանդես գալ համալսարանում»,- ասաց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ԵՊՀ լավագույն ուսանող և ԵՊՀ բրոնզե մեդալակիր Անի Հակոբյանը:
«Մաղթում եմ մեր ապագա ուսանողներին ունենալ իրենց համար հստակ սահմանված նպատակներ և վստահ քայլերով շարժվել դեպի այդ նպատակների իրականացումը։ Ցանկանում եմ, որ լինեք պայքարող ու նպատակասլաց և համալսարանում կարողանաք անել այն ամենը, ինչը մենք չենք հասցրել մեր ուսանողական տարիներին։ Ձեր հաջողությունները կախված են միայն ձեր սեփական աշխատասիրությունից և ուսանողական նվիրված գործունեությունից»,- ասաց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մհեր Մանասյանը։
«Իմ ուսումնառության 4 տարիները ինձ համար եղել են բացահայտումների, վերելքների և, ինչու ոչ, նաև վայրէջքների տարիներ: Այս 4 տարում ես փոխանցեցի, ինչպես նաև ստացա գիտելիքի անգնահատելի պաշար, որը դարձավ ինձ համար նոր կյանքի և նոր իրականության գրավական: Ես ցանկանում եմ նոր սերնդին մաղթել անկոտրում կամք, վստահություն սեփական անձի նկատմամբ, անսպառ ձգտում դեպի գիտելիք և, որ ամենակարևորն է՝ կայացում ձեռքբերած մասնագիտության մեջ: Մաղթանքից զատ՝ ուզում եմ նշել, որ ուսումն իր մեջ մի մեծ խորհուրդ ունի. դարձնել աշխարհն այնպիսին, ինչպիսին կցանկանայիր տեսնել, այսինքն՝ ներդնելով գիտելիք՝ ստանալ արդյունք»,- նշեց 4 տարի անընդմեջ Մովես Խորենացու անվանական կրթաթոշակակիր, այժմ ձեռագրերի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող Լիաննա Ավետիսյանը։
«Համալսարանը լավագույններից է, որ կարող է պատահել մարդու կյանքում։ Ընդունվելուց հետո որոշակի հիասթափություն անշուշտ լինելու է, որովհետև եթե մենք անգամ աշխարհի լավագույն բուհն ընդունվենք, մեր սպասելիքները միշտ ավելին են, քան իրականությունը։ Առաջին հերթին առավելագույնս օգտվեք համալսարանի տված լայն հնարավորություններից՝ մարդկային կապիտալ, գիտելիք, փորձ, ժամանց, դասախոսների հետ շփում։ Առաջին կուրսից անպայման ինտեգրվեք համալսարանական ու մասնագիտական կյանքին. համատեղեք ուսումն ու աշխատանքը (թեկուզ կամավորական, դա ևս շատ կարևոր է)։ Ունեցեք մեծ գաղափարներ ու նպատակներ և իրագործեք դրանք հենց համալսարանում։ Եթե անգամ կողքից ձեզ կասեն, թե խելքին մոտ չէ, մի՛ հավատացեք։ Մասնակցեք տարբեր ծրագրերի՝ տեղական ու արտասահմանյան, փորձեք գրել գիտական հոդվածներ ձեր մասնագիտությանն առնչվող. դրանք հետագայում ձեզ շատ պետք կգան։ Ու ամենակարևորը՝ եթե ընդունվում եք համալսարան, որովհետև, դե, այլ տարբերակ չկա, այդ դեպքում մի՛ ընդունվեք։ Ամենակարևորը ոչ թե ինչ-որ համալսարան ընդունվելն է, այլ սիրած աշխատանքն ու զբաղմունքը գտնելը։ Ի վերջո, դա կարող է լինել կոշկակարի, դարբինի, ավտոմեխանիկի կամ վարսահարդարի մասնագիտությունը»,- ասաց լրագրող, բլոգեր Աննա Կոստանյանը։
«Սիրելի' դիմորդ, շուտով մուտք կգործես կյանքի մի նոր փուլ, կարճ ժամանակ հետո դու էլ կդառնաս համալսարանական` 100-ամյա Մայր բուհի ուսանող: Մաղթում եմ քեզ հագեցած ու բովանդակալից օրեր: Ուսումնառությանդ տարիները թող անցնեն անխոչընդոտ, հետաքրքիր ու արկածներով լի: Հիշարժան տարում ես ընդունվում բուհ, այն տարում, երբ ԵՊՀ-ն բոլորում է իր կյանքի առաջին դարը, պատվով կրի՛ր համալսարանական լինելու կոչումը: Քեզ բարի երթ»,- ԵՊՀ ապագա ուսանողներին ուղղված մաղթանքները եզրափակեց լրագրող Թամարա Գասպարյանը։