- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԿՆՔԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Հոկտեմբեր 27, 2022 | 16:24
Կրթություն
ԵՊՀ-Ն ԿՆՔԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով երկու կառույցների համատեղ գործունեության շրջանակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացմանն ուղղված քայլերը։
Համագործակցության հաստատմամբ՝ ԵՊՀ-ն և Արբիտրների բարձրագույն դպրոցն այսուհետ կատարելու են լավագույն փորձի փոխանակում, նպաստելու են արբիտրաժային ոլորտում լավագույն մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև նրանց միջև կառուցողական և շարունակական փոխգործակցությանը։
Համաձայն ստորագրված հուշագրի՝ կողմերը կազմակերպելու են համատեղ դասընթացներ, գիտաժողովներ, գիտական տարաբնույթ միջոցառումներ, կատարելու են գիտական համատեղ հետազոտություններ, միմյանց օժանդակելու են մասնագիտական, անհրաժեշտ այլ նյութերի և գրականության փոխանակման հարցում, ինչպես նաև դասավանդման ու հետազոտական աշխատանքների նպատակներով կատարվելու է կադրերի փոխանակում։
Հովհաննես Հովհաննիսյանը և Աննա Խաչիկյանը հանդիպման ընթացքում հույս են հայտնել, որ այս համագործակցությունն օգտակար կլինի և կնպաստի դատական համակարգի զարգացմանը։
2007 թվականին ստեղծված դպրոցի գործունեությունը նպատակաուղղված է արբիտրների վերապատրաստմանը, ինչպես նաև նրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը։
Ի դեպ, Արբիտրների բարձրագույն դպրոցում ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար գործելու են ուսման վարձավճարի զեղչեր։