ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
![Akob-Arutunyan](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/dEQzQtoRYaaevyvSxjVX7Ka1UM.jpg?h=06804c54&itok=upDDBSRg)
Նշենք, որ «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» (Մոսկվա-Տյումեն-Նիժնի Նովգորոդ) հանդես-տարեգիրքը ՌԴ-ում հրատարակվող միակ գիտական հանդեսն է, որն ունի հին և միջնադարյան Հայաստանին վերաբերող առանձին բաժին: Այն ընդգրկված է «Web of Science»-ի բազայում և աշխարհի բազմաթիվ նշանավոր գրադարանների էլեկտրոնային կայքերում: Հանդեսի խմբագրական կազմում ընդգրկված են նշանավոր գիտնականներ աշխարհի 10 երկրներից: Մշտական խմբագրական խորհրդում կան 17 երկրների (Հայաստան, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան, Իտալիա, Մոլդովա, Ղազախստան, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա)՝ հին աշխարհի և միջնադարի պատմության հանրահայտ գիտնականներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է ԵՊՀ դոցենտ Հակոբ Հարությունյանը: Հանդեսի խմբագիրն է Մոսկվայի պետական համալսարանի հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ս. Յու. Սապրիկինը, պատասխանատու քարտուղարը՝ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Մ. Մ. Չորեֆը:
Մենք զրուցել ենք ԵՊՀ դոցենտ Հակոբ Հարությունյանի հետ գիտական ամսագրում լույս տեսած հոդվածի ու վերջինիս գիտական նշանակության, ինչպես նաև հայտնի ամսագրի հետ ունեցած համագործակցության մասին:
- Պարո՛ն Հարությունյան, վաղո՞ւց եք համագործակցում գիտական ամսագրերի և հանդեսների հետ:
- Այո՛, վաղուց: Իմ հոդվածները հիմնականում տպագրվում են օտարերկրյա գիտական մամուլում: Ահա, օրինակ, «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» գիտական հանդեսը լույս է տեսել 11 անգամ, որտեղ պարբերաբար հրատարակվել են նաև իմ հոդվածները:
- Ի՞նչ հոդված եք ներկայացրել այս անգամ և ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
- Այս համարում տպագրվել է «Ընդհանուր Ասիայի երեսուներեքերորդ երկիրը՝ ըստ «Հին հայկական աշխարհագրության». Արի՞ք (Արիանա-Արիա), թե՞ Պարթևստան» հոդվածը: Այն ունի գիտական մեծ կարևորություն: Հիմնականում հիմնվել եմ «Աշխարհացույցում» Արիք-Պարթևստանի մասին գոյություն ունեցած տվյալների վերլուծության վրա: Այժմ առավել ընդունված է, որ «Աշխարհացույցը» V դարում գրել է Մովսես Խորենացին, ապա՝ լրացրել Անանիա Շիրակացին VII դարում: Սա հաշվի առնելով՝ մասամբ օգտագործել եմ նաև Խորենացու «Հայոց պատմությունում» Պարթևստանի մասին եղած վկայությունները:
- Ո՞րն է հոդվածի գիտական նպատակը:
- Հոդվածի շարադրման ամենակարևոր նպատակներից է գիտական հանրությանն ապացուցել, որ Պարթևական պետության կազմավորման մասին գիտության մեջ գոյություն ունեցող տեսակետները պետք է վերանայել: Մինչև այսօր ուսումնասիրողները, հենվելով միայն հունահռոմեական պատմիչների վկայությունների վրա, համարում են, որ առկա է այդ պետության կազմավորման երեք տեսակետներ, սակայն դրանց պետք է ավելացնել նաև չորրորդը՝ հաշվի առնելով Մովսես Խորենացու «Աշխարհացույցի» և «Հայոց պատմության» մեջ տեղ գտած վկայությունները: Ավելացնեմ, որ հիմնվելով մեր Պատմահոր վկայությունների վրա՝ կարելի է գրել տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
Մարինե Առաքելյան