- Գլխավոր
- Նորություններ
- Մոլեկուլների ուսումնասիրություն՝ ուղղված նաև դեղագործության զարգացմանը
Հունվար 21, 2025 | 16:00
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Մոլեկուլների ուսումնասիրություն՝ ուղղված նաև դեղագործության զարգացմանը
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն ընդլայնվում է: Երեք տարվա արդյունավետ գործունեության արդյունքներից է «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» վերտառությամբ գիտական նախագծի իրագործումը, որի շրջանակում գիտական խումբը կսինթեզի այնպիսի մոլեկուլներ, որոնք հնարավորություն կընձեռեն ստանալու կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ որոշ միացությունների երկրաչափական ձևերից մեկը:
Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, ասիմետրիկ կատալիզի գիտական խմբի ղեկավար Արմեն Գալստյանի հեղինակած «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:
«Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայում փորձում ենք ստեղծել գործիքակազմ, որի շնորհիվ կարելի է սինթեզել կարևորագույն հատկություններով օժտված կառուցվածքային առանձնահատկություններով նյութեր»,- ընդգծեց Արմեն Գալստյանը:
Նա մատնանշեց, որ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման տեսչության սահմանմամբ՝ մոլեկուլի կառուցվածքի տեսանկյունից երկրաչափական որոշակի առանձնահատկություն ունեցող դեղանյութերում պետք է լինի մոլեկուլի երկրաչափական ձևերից որևէ մեկը, քանի որ մեկ դեղանյութում մոլեկուլի տարբեր երկրաչափական ձևերը վտանգում են մարդու առողջությունը։
«Մոլեկուլի մեկ երկրաչափական ձևը կարող է բուժիչ հատկություն ունենալ, իսկ նույն բաղադրությունն ունեցող մեկ այլ երկրաչափական ձևը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Օրինակ՝ պարզվել է, որ տալիդոմիդ դեղը, որը տասնամյակներ առաջ նշանակվում էր հղիներին՝ անքնության, սրտխառնոցի դեմ կամ որպես ցավազրկող միջոց, ազդում է պտղի առողջ զարգացման վրա, ինչի արդյունքում ծնվում են ֆիզիկական արատներով երեխաներ։ Պատճառն այն է, որ այդ դեղամիջոցում առկա է մոլեկուլի երկու տարբեր երկրաչափական ձևերի խառնուրդ: Այդ իսկ պատճառով մեկ երկրաչափական ձևով նյութերի սինթեզը շատ կարևոր է քիմիայում, և այն լայնորեն կիրառվում է նաև բժշկության ոլորտում»,- ասաց Արմեն Գալստյանը։
Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի երեք տարվա գործունեության ընթացքում գիտական խումբը սինթեզել է ավելի քան 300 անուն նյութ և այժմ ուսումնասիրում է դրանց կատալիտիկ ակտիվությունը․ այս ամենը իրագործվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհներով ձեռք բերված ժամանակակից սարքերի օգնությամբ:
«Գծագրել և սինթեզել ենք տարբեր կառուցվածքներ ունեցող բազմաթիվ գործիքներ և փորձարկում ենք նրանց տարբեր ռեակցիաների վրա: Կան բազմաթիվ ռեակցիաներ, որոնց ընթացքում ստացվում են մոլեկուլների մեկ կամ մի քանի երկրաչափական ձևեր: Մեր նպատակն է մեր իսկ նախընտրած կառուցվածքով երկրաչափական ձևի ստացումը: Այսինքն, սինթեզված մոլեկուլներն ավելացնում ենք ռեակցիաների մեջ, որոնք ասիմետրիկ կատալիզատորներ են, և դիտարկում ենք՝ արդյոք այդ ռեակցիան մեր նախընտրած ձևով է ընթանում (մեկ երկրաչափական ձևի ստացման ուղղությա՞մբ է ընթանում, թե՞ գոնե գերակշռում է մեկ երկրաչափական ձևը)»,- նշեց Արմեն Գալստյանը:
Գիտական նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2024 թ. դեկտեմբերին և կտևեն 5 տարի: Ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն արդյունքները հանրայնացնելու նպատակով տարեկան 2-3 հոդված կհրապարակի միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, կկազմակերպի դասախոսությունների շարք, գիտաժողովներում հանդես կգա զեկուցումներով:
Արմեն Գալստյանը շեշտեց, որ սեպտեմբերին ԵՊՀ-ի և ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ կկազմակերպվի կոնֆերանս, որի ժամանակ կներկայացվեն նաև նախագծի իրականացման շրջանակում ստացված արդյունքները:
«Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» խորագրով գիտական նախագիծը հաջորդել է ասիմետրիկ կատալիզի գիտական խմբի ստեղծման դրամաշնորհին, որը 3 տարի առաջ ևս ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:
Արմեն Գալստյանի խոսքով՝ «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթում հաղթելը նպաստել է նաև գիտական խմբի ընդլայնմանը:
Նշենք, որ գիտական նախագիծն իրականացնում են ԵՊՀ հետազոտողներ Տիգրան Եգանյանը, Մարիամ Հարությունյանը, Զաքար Պապանյանը, Արտյոմ Պետրոսյանը, Անահիտ Ջիլիկյանը, Մելանյա Սամվելյանը: Նախագծի խորհրդատուն է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վալենտի Նենայդենկոն: