- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Մարտ 20, 2019 | 14:20
Հասարակություն
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակում երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար այսօր ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց Ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանը:
Ռեկտորը նախևառաջ շնորհավորեց տիկին Գալստյանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթեց ամենայն բարիք ու շնորհակալություն հայտնեց երկար տարիների լավ աշխատանքի համար:
«Մենք շատ գոհ ենք և բավարարված այն իմաստով, որ համալսարանում կան Ձեզ նման աշխատողներ, որոնք իսկապես նվիրված են համալսարանին, գործին, աշխատակազմին: Կարծում եմ, որ եթե խոսելու լինենք համալսարանի հաջողությունների մասին, պետք է նշենք, որ բուհի հաջողություններն առաջին հերթին, իհարկե, մարդիկ են»,- ասաց պարոն Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորն Ընդհանուր բաժնի վարիչին նվիրեց Երևանի պետական համալսարանի պատմության ալբոմը, որը դեռ ոչ ոք մինչ այդ չէր ստացել:
«Պարո՛ն Սիմոնյան, ես Ձեզ խորապես հարգում եմ, շատ զգացված եմ և շնորհակալ ամեն ինչի համար»,- ասաց տիկին Գալստյանը: Նա նշեց, որ այս տարի լրանում է իր՝ ԵՊՀ-ում աշխատելու 30 տարին, և ինքը շատ շնորհակալ է ջերմ խոսքերի համար: Ընդհանուր բաժնի վարիչը հավելեց, որ իր աշխատակիցները մեծ ներդրում ունեն բաժնի կատարած արդյունավետ աշխատանքի մեջ:
ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը նույնպես շնորհավորեց Ամալիա Գալստյանին՝ բնորոշելով նրան մեկ ընդհանրական բառով՝ կանացի. «Այդ բառի մեջ ներառված են ինչպես տիկին Գալստյանի հմայքն ու գեղեցկությունը, այնպես էլ ներքին կուլտուրան»:
Պարգևատրումից հետո Ընդհանուր բաժնի և ռեկտորատի աշխատակիցների միջև ծավալվեց մտերմիկ զրույց, որի ժամանակ տիկին Գալստյանը խոստացավ շարունակել ամեն ինչ անել՝ Երևանի պետական համալսարանի համբավը բարձր պահելու համար:
Հ.Գ. ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը նույնպես շնորհավորում է տիկին Գալստյանին ու միանում բոլոր մաղթանքներին:
Մարինա Առաքելյան