- Գլխավոր
- Նորություններ
- «ՉԻԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԹԵՊԵՏ ՄԵԾ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է». ՀՀ-ՈՒՄ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
Դեկտեմբեր 06, 2019 | 17:06
«ՉԻԼԻԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԹԵՊԵՏ ՄԵԾ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է». ՀՀ-ՈՒՄ ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Չիլիի Հանրապետության դեսպան պարոն Ռոդրիգո Նիետո Մատուրանայի (նստավայրը՝ Մոսկվա) հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Հանդիպման սկզբում Արթուր Իսրայելյանը, ողջունելով ներկաներին, հատկանշական համարեց այն, որ Չիլիի Հանրապետության դեսպանի այցելությունը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ դեսպանի հետ քննարկվել են ԵՊՀ-ի և Չիլիի գիտամշակութային կառույցների միջև համագործակցության հեռանակարները:
Այնուհետև, նախքան դասախոսությունը ներկայացնելը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Չիլիի Հանրապետության դեսպան պարոն Ռոդրիգո Նիետո Մատուրանան:
Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար, այնուհետև ներկայացրեց դեսպանության աշխատանքը, Հայաստանի հետ դիվանագիտական կապերի պատմությունը:
Պարոն դեսպանը նշեց, որ թեպետ Չիլիում ապրող հայ համայնքը մեծ չէ, բայց աչքի է ընկնում արդյունավետ գործունեությամբ:
«Չիլիի հայ համայնքը մեծ չէ, բայց շատ կարևոր է,- շեշտեց դեսպանը,- հայերն այնտեղ աշխատում են կառավարությունում, դեսպաններ ու դասախոսներն են, իսկ հայկական համայնքը բավականին ճանաչված է երկրում»:
Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում համատեղ տարբեր ծրագրեր կիրականացվեն, ինչպես օրինակ՝ «Working Holiday»-ը, որը և՛ աշխատելու, և՛ հանգստանալու հնարավորություն տալիս:
Դեսպանը պատմեց նաև հարավկովկասյան պետություններ կատարած իր այցելությունների մասին և փաստեց, որ շատ տպավորված է:
Այնուհետև ՀՀ-ում Չիլիի Հանրապետության դեսպան պարոն Ռոդրիգո Նիետո Մատուրանան դասախոսություն կարդաց ուսանողների համար: Նա անդրադարձավ Չիլիի աշխարհագրական դիրքին, բնակաչության թվին, ներկայացրեց Չիլիի ներքին և արտաքին քաղաքականության ուղղությունները:
Պարոն դեսպանը խոսեց նաև Հայաստանի և Չիլիի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների պատմության ու զարգացման հեռանկարների մասին:
Անի Պողոսյան