- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Դեկտեմբեր 24, 2019 | 15:15
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրներում սահմանադրական արդարադատության համակարգերի զարգացման միտումներին առնչվող ծավալուն հետազոտության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Անահիտ Մանասյանը վերլուծել է Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումները:
2017-2019 թթ. միջազգային հետազոտական թիմի կողմից Լեհաստանի գիտության ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացվել է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրներում սահմանադրական արդարադատության համակարգերի զարգացման միտումներին առնչվող ծավալուն հետազոտություն:
Հետազոտության արդյունքները հրատարակվել են 2019 թ. անգլալեզու և ռուսալեզու մենագրությունների տեսքով:
Անգլալեզու մենագրությունը՝ “Constitutional Courts in Post-Soviet States: Between the Model of a State of Law and Its Local Application” («Սահմանադրական դատարանները հետխորհրդային երկրներում. իրավական պետության մոդելն ու վերջինիս տեղային իրացումը»), Ֆրանկֆուրտում լույս է ընծայել “Peter Lang” հրատարակչությունը:
“Peter Lang”-ը հանրահայտ հրատարակչություն է, որը հրատարակում է գիտական աշխատություններ:
Ռուսալեզու մենագրությունը՝ “Конституционная юстиция в странах Восточной Европы: проблемы теории и практики” («Սահմանադրական արդարադատությունը Արևելյան Եվրոպայի երկրներում. տեսական և գործնական հրմնախնդիրներ»), լույս է տեսել Մոսկվայում՝ գիտական հրատարակություններ իրականացնող “Норма” հրատարակչության կողմից:
Մենագրությունները նվիրված են համապատասխանաբար հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների սահմանադրական արդարադատության համակարգերի ներկայացմանը:
Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումների վերլուծությունը վստահվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանին:
Վերջինս մանրամասն վերլուծության է ենթարկել Հայաստանում սահմանադրական արդարադատության ինստիտուտի ներդրման և զարգացման պատմությունը, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական վիճակը, վերջինիս փոխհարաբերությունները այլ սահմանադրական մարմինների հետ, Սահմանադրական դատարանի լիազորությունները, դրանց իրականացման կարգը, Սահմանադրական դատարանի որոշումների բնույթը, դրանց իրավական հետևանքները, կատարման առանձնահատկությունները և Հայաստանում սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումներն ու հեռանկարները:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը