- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայիս 29, 2018 | 18:41
Քաղաքականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի պետական համալսարանի հայտարարությունը
ՀՀ նախագահին
ՀՀ վարչապետին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Լրատվամիջոցներին
Միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին
Հարգելի գործընկերներ.
Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր։
Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները և համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ և գործուն աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար։