- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ
Մայիս 03, 2019 | 16:03
Հասարակություն
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Մայիսի 3-ը ՄԱԿ-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր՝ նշանավորելով 1991 թվականի մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Որոշման ընդունումից հետո աշխարհի մի շարք երկրներ ազատ մամուլի պաշտպանությանն ուղղված միջոցառումներով ու քննարկումներով նշում են այս օրը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն օրվա խորհրդին համահունչ հյուրընկալել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորեց ներկաներին Մամուլի ազատության օրվա կապակցությամբ և նշեց, որ վերջերս հրապարակված «Մամուլի ազատությունն աշխարհում-2019» ինդեքսի համաձայն՝ Հայաստանը բարելավել է դիրքերը:
«Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրատարակած ինդեքսի՝ Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ տեղը»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:
Դեկանը մեջբերեց նաև ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկին՝ Թոմաս Ջեֆերսոնին. «1787 թվականին Թոմաս Ջեֆերսոնը գրում է. «Եթե ինձ իրավունք վերապահվեր որոշել, թե արդյոք մեզ պետք է կառավարություն առանց մամուլի կամ մամուլն առանց կառավարության, ես կնախընտրեի վերջինը»»:
Արման Թաթոյանը կարևորեց իր ղեկավարած կառույցի և լրագրողների համագործակցությունը:
Նա ներկայացրեց ՄԻՊ գործառույթները՝ անդրադառնալով իրազեկման աշխատանքներում լրագրողների դերին:
«Լրագրողի աշխատանքն ու պաշտպանվածությունն ամեն օր իմ ուշադրության կենտրոնում են»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այսօր ատելության խոսքն այնքան է շատացել, որ հաճախ լրագրողը նույնականացվում է այն մարդու հետ, որից հարցազրույց է վերցնում: Ըստ նրա՝ բացասական ընկալումներ ունեցող անձանց հետ մասնագիտական շփման պատճառով մարդիկ չպետք է սկսեն ատել լրագրողին:
Նա անդրադարձավ նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններին՝ խոսելով արագ զարգացող և մեծաթիվ լսարաններ հավաքող կեղծ էջերի ու խմբերի մասին, որոնք ատելության խոսք էին տարածում, ինչի արդյունքում ձևավորվում էր որոշակի վերաբերմունք թե՛ օրինապահ մարմինների, թե՛ քաղաքական գործիչների նկատմամբ:
«Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը խոսեց իրենց կազմակերպության նպատակների և առաքելության մասին:
Ելույթներից հետո ուսանողներն իրենց հարցերը հղեցին նրան՝ հետաքրքրվելով ՄԻՊ գործունեությամբ և խնդրահարույց հարցերում նրա կատարած աշխատանքով:
Մարի Ռաֆյան