- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԴԱՐՁԵԼ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՍԻՐՈ ՏՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԸ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՎԱՍԻԼՅԱՆ
Հունիս 14, 2019 | 15:39
«ԵՊՀ-Ն ԴԱՐՁԵԼ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՍԻՐՈ ՏՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԸ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՎԱՍԻԼՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանի ու կնոջ՝ Էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնի դոցենտ Անահիտ Վասիլյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:
Մեր ճակատագրական հանդիպումը տեղի է ունեցել Կենսաբանության ֆակուլտետում
Արմեն Թռչունյանը պատմում է, որ ասպիրանտուրայում սովորելու տարիներին է հանդիպել իր ապագա կնոջը:
«Նա այդ ժամանակ հասարակական ակտիվ գործունեություն էր ծավալում Կենսաբանության ֆակուլտետում: Անմիջական ծանոթությամբ ու զրույցներով էլ սկզբնավորվեց մեր սիրո պատմությունը»,- պատմում է ամբիոնի վարիչը:
Վերջինիս նկարագրմամբ, իր հավանած աղջիկն աչքի էր ընկնում արտաքին գրավչությամբ, դիմագծերի համաչափությամբ, պատասխանատվությամբ, խոսքի ու գործի միասնությամբ:
Այնուամենայնիվ, ըստ Ա. Թռչունյանի, սիրո և ընտանիք ստեղծելու հարցում, արտաքին տեսքից զատ, կարևոր են վարքը, բնավորությունը, մտածելակերպը:
Իսկ թե ինչպիսի հատկանիշներով էր առանձնանում իր ապագա ամուսինը, Անահիտ Վասիլյանը պատասխանում է. «Արմենը համեստությամբ, պատրաստակամությամբ և ուշադիր վերաբերմունքով էր աչքի ընկնում»:
Սակայն, ըստ դոցենտի, գիտնականի հետ ապրելը բավականին դժվար և պատասխանատու է. «Արմենը ոչ միայն մեծ գիտնական է, այլև մեծ մարդ, որի հետ ապրելը հետաքրքիր և միևնույն ժամանակ դժվար է»:
Դժվարությունները Ա. Վասիլյանը պայմանավորում է հիմնականում ծանր ու հագեցած աշխատանքային գրաֆիկով. «Մենք անընդհատ վազքի մեջ ենք. դասախոսություններ, հանդիպումներ, քննարկումներ, ճամպրուկներ, սեմինարներ, ժողովներ, չնայած այդ ամենին՝ ընտանեկան հարկի տակ հանգստանալը նույնպես կարևոր է մեզ համար»:
ԵՊՀ-ն ոչ միայն մեր սիրո տունն էր, այլև մեր հանդիպումների ապահով ու գեղեցիկ վայրը
Ա. Թռչունյանը հիշում է, որ իրենք հանդիպում էին ԵՊՀ-ում, որից հետո զբոսնում էին քաղաքում, թատրոն ու կինո գնում:
Իսկ Ա. Վասիլյանն էլ հավելում է, որ միանման երաժշտական ճաշակ ունենալը հնարավորություն էր տալիս ընտրելու նույն համերգն ու ժամանակն անցկացնելու համերգասրահներում:
Դժվարությունները մեզ ավելի ամուր են դարձրել՝ մի բռունցքի նման պինդ
Ա. Վասիլյանի խոսքով, ինչպես բոլոր ընտանեկան զույգերը, իրենք նույնպես ժամանակավոր դժվարությունների են բախվել, սակայն դրանց հաղթահարումն իրենց ավելի ուժեղ է դարձրել:
Նույն վայրում աշխատելը դժվար է և պատասխանատու
Զույգը միասին նույն վայրում աշխատելը դժվար և պատասխանատու է համարում:
Վասիլյանի բնորոշմամբ, դժվարությունը պայմանավորված է ինչպես առօրյա ամենատարբեր խոսակցություններով, այնպես էլ մարդկային նախանձով:
Իսկ Ա. Թռչունյանի դիտարկմամբ, համալսարանական խնդիրները տեղափոխվում են տուն և այնտեղ շարունակում լուծումներ ստանալ:
Մեր տանն ամեն երեկո գիտական սեմինար է
Զույգը ժպիտով պատմում է, որ իրենց տանն գրեթե ամեն օր սեմինարներ, բանավեճեր և քննարկումներ են կազմակերպում:
«Այն, ինչ չենք հասցնում քննարկել համալսարանում, քննարկում ենք տանը»,- ասում է Ա. Թռչունյանը:
Ընդ որում՝ քննարկումներին մասնակցում է ողջ ընտանիքը:
Անդրադառնալով որդու՝ Կարեն Թռչունյանի մասնագիտությանը՝ Ա. Թռչունյանն ընդգծում է. «Շահում են այն երեխաները, որոնք շարունակում են իրենց հայրերի գործը: Կարելի է ասել, որ ես ուղղորդել եմ որդուս մասնագիտության ընտրության հարցում, սակայն նրա սերն ու հետաքրքրությունը դեպի կենսաբանությունն ակնհայտ են եղել»:
Տարվա ցանկացած եղանակին ծաղիկները մեր հարկի անբաժան մասն են կազմում
Սիրելով ծաղիկներ՝ հատկապես յասաման, Ա. Թռչունյանը պատմում է, որ դրա ծաղկելուն պես ինքն անպայման նվիրում է կնոջը:
«Չպետք է ծաղիկներ նվիրել տոն օրերին. ամեն օրն արդեն տոն է, ուստի ծաղիկներով պետք է գեղեցկացնել այն»:
Կնոջս եփած բորշչն ուրիշ համ ունի
Կնոջ պատրաստած և սիրելի ճաշատեսակների ցանկը, ըստ նրա, բազմազան է, բայց անկրկնելի համ ունեն բորշչը, տոլման ու քյուֆթան:
«Այդ ուտեստներն ավելի համեղ են թվում, երբ բոլորս միասին ենք ճաշում»,- նշում է Թռչունյանը:
Վերջինս կարևորում է նաև գեղեցիկ սպասքի առկայությունը:
Թռչունյանի խոսքով, առօրյա և տոնական սպասքի տարանջատում չպետք է լինի:
Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը փոխադարձ վստահության և միմյանց զիջելու մեջ է
Արմեն Թռչունյանի և Անահիտ Վասիլյանի ընտանեկան ճանապարհը 32 տարվա պատմություն ունի:
Խաղաղ ընտանեկան հարկի գլխավոր հիմքը, ըստ Թռչունյանի, լավատեսության մեջ է. «Լավատեսությունը երջանկության հիմքն ու խաղաղ ապրելու գրավականն է»:
Ա. Թռչունյանը նշում է, որ եթե ինքը երիտասարդ լիներ և մտածեր ընտանիք կազմելու մասին, նորից կընտրեր Անահիտին:
Իսկ Ա. Վասիլյանն էլ նշում է, որ երբևէ չի փոշմանել իր ընտրության համար:
Ընտանեկան զույգը մի մեծ ցանկություն ունի:
«Մենք թոռնիկ ենք ուզում, իսկ Կարենը դեռ չի գտել իր կյանքի ընկերուհուն: Հույս ունենք, որ առաջիկայում մեր ցանկությունը կիրականանա»,- ասում է Անահիտ Վասիլյանը:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը