- Գլխավոր
- Նորություններ
- «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
Դեկտեմբեր 05, 2018 | 17:04
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր կազմակերպել էր «Տարածաշրջանային մարտահրավերները» դասընթացաշարի հերթական դասախոսությունը:
Դասընթացաշարի հիմնական նպատակն է ներկայացնել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքականությունների առանձնահատկությունները:
Այսօրվա դասընթացը նվիրված էր հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:
Դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Դասախոսության սկզբում բանախոսն անդրադարձավ Վրաստանի արտաքին քաղաքականության ձևավորման փուլերին, որոնք հետագայում տարածաշրջանում ձևավորել են պաշտոնական Թբիլիսիի արտաքին քայլերը:
Այնուհետև բանախոսն անցում կատարեց հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների ձևավորման պատմությանը, ձեռքբերումներին, ինչպես նաև ներկա զարգացումներին:
«Այս երկու երկրների միջև կարելի է առանձնացնել համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային: Շատ հետաքրքիր է այս ամենի համատեքստում դիտարկել երկու երկրների արտաքին քաղաքականության վեկտորները, որոնք սկզբունքայնորեն միմյանցից տարբերվում են»,- նշեց բանախոսը:
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր հարցերից են հայ-ռուսական հարաբերությունների բարելավումն ու ամրապնդումը, մինչդեռ Վրաստանի՝ վերջին տարիներին վարած քաղաքականության հստակ նպատակն է ամրապնդել Վրաստան-Եվրամիություն կապերը:
Բացի դրանից՝ Ջոնի Մելիքյանը խոսեց երկու երկրների կայունության գործոնի մասին, որն ընդհանուր շահերից է բխում: