- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԲԵՄՈՒՄ
Ապրիլ 03, 2019 | 18:20
Մշակույթ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԲԵՄՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանականներ» թատրոն-ստուդիան ապրիլի երկուսին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով Իջևանի մշակույթի տան բեմում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
Հիշեցնենք, որ «Հայկական էսքիզներ» ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն է: Բեմադրության սցենարի հեղինակները ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Անի Միքայելյանն են, բեմադրող ռեժիսորը՝ Կարինե Դավթյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, դերերը կերտել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:
Կարինե Դավթյանը ներկայացման մեջ նոր հերոսներ և դեպքեր է ներառել. «Պիեսը գրվել էր մի ժամանակաշրջանում, որից հետո մեր ժողովրդի կյանքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցից են Արցախյան հերոսամարտը, Քառօրյա պատերազմը: Վերջինս ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Երիտասարդ տղաների հայրենասիրական այդ շունչն անչափ հուզիչ է, և կարծում եմ, որ դեռևս չի ստեղծվել մի գործ, որը լավագույնս կարտացոլի այն: Ես իմ հոգու պարտքը համարեցի «Հայկական էսքիզներում» ավելացնել այդ երկու կարևոր դրվագները՝ իրենց հերոսներով»:
Մեզ հետ զրույցում Մշակույթի կենտրոնի տնօրենը փաստեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվանից, երբ առաջարկ էին ստացել՝ կազմակերպելու շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը. «Ղեկավարությունը ցանկություն հայտնեց սերտացնել հետագա համագործակցությունը և առաջարկեց հետագայում մշակութային այլ միջոցառումներ իրականացնել այնտեղ, հատկապես թատերական ներկայացում, քանի որ վաղուց ներկայացումներ չեն կազմակերպվել»:
Եվ ահա, խորհրդանշական ձևով ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մշակույթի տան բեմում ներկայացվեց «Հայկական էսքիզները»՝ նվիրված Քառօրյա պատերազմի զոհերին: Կարինե Դավթյանի հավաստմամբ, հանդիսականների շարքերում միայն համալսարանականներ չէին. «Մեր ներկայացումը մշակութային տոն էր ամբողջ քաղաքի համար»:
«Արձագանքները շատ էին, բոլորը հուզվել էին: Դահլիճում ցուրտ էր, բայց մեր սաներին դա չխանգարեց հանդես գալ այնպես, որ դահլիճում բոլորը ջերմանան ու յուրօրինակ զգացումներ ստանան»,- ասաց Կարինե Դավթյանը:
Նա փաստեց նաև, որ համագործակցությունը հետագայում ևս շարունակվելու է. «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ևս ցանկանում են ստեղծել Մշակույթի կենտրոն, մենք էլ պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու և սատարելու»:
Քնար Միսակյան