- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻ՛ ԸՆԿՐԿԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՋԱՆՔ ԹԱՓԵՔ ՈՒ ԿՀԱՋՈՂԵՔ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ
Մարտ 22, 2019 | 16:38
Հասարակություն
«ՄԻ՛ ԸՆԿՐԿԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՋԱՆՔ ԹԱՓԵՔ ՈՒ ԿՀԱՋՈՂԵՔ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքն ուսանողներին հնարավորություն է տալիս դասերից դուրս հանդիպելու իրենց սիրելի դասախոսներին և նրանց հղելու տարաբնույթ հարցեր:
Ինչպես ներկայացրեց ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Լիլի Թադևոսյանը, հանդիպումները բաղկացած են երեք մասից. «Առաջին մասում հանդիպման հյուրին տրվում են բլից հարցեր, որոնք առնչվում են նրա սիրելի զբաղմունքներին ու նախընտրություններին, երկրորդ հատվածում հնչում են մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցեր, երրորդ հատվածում էլ արդեն հանդիպման մասնակիցներին է հնարավորություն տրվում հյուրին հարցեր ուղղելու»:
Բլից հարցերի շրջանակում Արփինե Հովհաննիսյանն ուսանողներին պատմեց, որ իր կյանքի շրջադարձային բացահայտումներից է եղել այն, որ մարդկանցից չպետք է ակնկալել այնպիսի բաներ, որոնք նրանք չեն կարող տալ, իսկ հաջողության գրավականը չնահանջելն է և հասկանալը, որ դժվարությունները հաղթահարելի են, հաջողություններն էլ անցնում են ժամանակի հետ:
Հանդիպման հյուրին մշտապես ուղեկցում է «սա էլ կանցնի» միտքը: Սկզբունքը, որին երբեք չի դավաճանի Արփինե Հովհաննիսյանը, ավելի հեշտի ու ավելի լավի համար չմոռանալն է հինը և այն միջավայրը, որտեղ գտնվել է: Ամենից շատ նա գնահատում է ուղղամտությունը, ամենասիրելի քաղաքը Հռոմն է, իսկ կատարյալ օրը նրա համար պետք է սկսվի ուշ: Ամենակարևոր խորհուրդը, որ տալիս է իր ուսանողներին, հետևյալն է. օգտագործել այն ժամանակը, որ հիմա է տրված, հետո ուշ կլինի:
Ընտանիքը և կարիերան Արփինե Հովհաննիսյանը չի հակադրում, հաջողակ թիվը 7-ն է, նախընտրած խոհանոցը՝ իտալականը, կնոջ օրինակելի իդեալը մայրն է, իսկ կյանքի կարգախոսը՝ ետ չնայել ու միշտ առաջ շարժվել:
Հանդիպման երկրորդ հատվածում հարցին, թե ինչու որոշեց դառնալ իրավաբան, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այլընտրանք չի էլ ունեցել. «7-րդ դասարանից որոշել եմ դառնալ իրավաբան, ոչ թե ձգտել եմ որևէ պաշտոնի, այլ մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխելու, ճակատագրերի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն ձեռք բերելու համար»:
Ուսանողների հյուրը հիշեց, որ որպես դասախոս՝ առաջին անգամ լսարան է մտել 2007 թվականին՝ փոխարինելով դասավանդող դասախոսին, որն առողջական խնդիրներ ուներ:
ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտի հավաստմամբ, այսօր աշխատաշուկայում տեղ գտնելու համար իրավաբանը պետք է լավագույնը լինի կամ գոնե լավագույններից մեկը. «Մեր մասնագիտությունն ունեցողների համար բավականին բարդ է լինել պահանջված, որովհետև ուսանողների քանակը համեմատական չէ այդ ոլորտում մասնագետների՝ շուկայում առկա պահանջարկի հետ: Իմ խորհուրդն է ձեզ, եղեք լավագույնը և դուք կհաջողեք»:
Հարցին, թե անցյալի և ապագայի ինչ իրադարձությունների կցանկանար ականատես լինել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կուզենար ականատեսի աչքերով տեսնել Հայաստանի անկախության հռչակման գործընթացը և Արցախյան հակամարտության ժամանակ եղած բոլոր իրադարձությունները, իսկ ապագայում՝ հակամարտության կարգավորումը:
Ուսանողների շրջանում սերը մասնագիտության նկատմամբ մեծացնելու համար Արփինե Հովհաննիսյանը ոչ մի հատուկ մեթոդ չի կիրառում. «Ես փորձում եմ իմ անձնական օրինակով, նվիրումով և խանդավառությամբ ապացուցել, որ ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է»:
«Հաջողության բանաձևը, գրավականը ոչ այլ ինչ է, քան ձեր անձնական ներդրումը ձեր ապագայի մեջ: Ոչ ոք ձեր փոխարեն ձեր կյանքը չի ապրելու, ոչ ոք ձեր փոխարեն ձեռք չի բերելու գիտելիք: Դա դաժան, երկարատև և խոչընդոտներով լի ճանապարհ է: Այն կամ պետք է անցնեք, կամ լինեք հետևողի կարգավիճակում: Մի՛ ընկրկեք դժվարություններից, ջանք թափեք ու կհաջողեք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանն ուսանողներին կոչ արեց լավ սովորել՝ փաստելով, որ ոչինչ հեշտ չի տրվում. «Ոչ ոք ձեզ ոչինչ չի նվիրելու, ճանապարհ չի հարթելու ձեզ համար: Ձեր ճանապարհին լինելու են ձեր աշխատանքը գնահատողներ, ձեզնից է կախված, թե ինչպես կգնահատեն: Ոչ մի դժվարություն չարժի, որ դուք կանգ առնեք, հիշեք՝ ժամանակը կանգ չի առնում: Մի՛ հուսահատվեք ու հավատացեք ձեր հաջողությանը, հավատացեք անշեղորեն և դուք կհաջողեք»:
Հանդիպման վերջին հատվածում Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ պատմելով իր գործունեության հետաքրքիր դրվագների և ուշագրավ դեպքերի մասին:
Ի դեպ, հանդիպման յուրաքանչյուր հյուր հարց է ուղղում հաջորդ հյուրին՝ նախօրոք չիմանալով, թե ով է նա: Նախորդ հանդիպման հյուրը Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանն էր, որը հարցրել էր, թե մյուս հյուրը ինչ կհարցնի Աստծուն, եթե հանդիպի նրան, ինչին Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես ներողություն կխնդրի գործած մեղքերի համար, և հետագա գործունեության համար եռանդ կխնդրի:
Քնար Միսակյան